Ազգային փուլի հաղթողները` "Համաշխարհային հմտություններ" միջազգային մրցույթի մասնակիցներ


Ազգային փուլի հաղթողները` "Համաշխարհային հմտություններ" միջազգային մրցույթի մասնակիցներ

  • 30-10-2012 13:35:40   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

2013 թվականի հուլիսի 2-7-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լայպցիգ քաղաքում Հայաստանի ՄԿՈւ հաստատությունների ուսանողներն առաջին անգամ հնարավորություն կունենան ներկայանալ եւ իրենց հմտություններով մրցակցել 61 երկրների ուսանողների հետ՝ "Համաշխարհային հմտություններ" 42-րդ միջազգային մրցույթում: Ոսկերչություն, նորաձեւություն, խոհարարություն մասնագիտությունների գծով "Հայաստանի հմտություններ" ազգային մրցույթում հաղթող ճանաչված ուսանողներն այսօր պարգեւատրվել են շնորհակալագրերով եւ համապատասխան խրախուսական մրցանակներով: Մրցույթի հաղթողներին ողջունել եւ պարգեւներ է հանձնել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը."Գաղտնիք չէ, որ Հայաստանն այսօր ունի որակյալ աշխատուժի պակաս: Երկար տարիներ մեր հասարակության երիտասարդ հատվածը համակված էր մի մոլուցքով` բոլոր հնարավոր միջոցներով ստանալ բացառապես բարձրագույն կրթություն: Արդյունքում` նրանց զգալի մասն այսօր գործազուրկ է, որովհետեւ չի տիրապետում համապատասխան հմտությունների եւ չի կարողանում իր տեղը գտնել աշխատաշուկայում: Ուրախալի է, որ վերջին տարիների ընթացքում պետությունը մեծ ջանքեր է ներդրել, որպեսզի միջին մասնագիտական կրթության ոլորտը դուրս գա հանրակրթության եւ բարձրագույն կրթության համակարգերի ստվերից, վերաարժեւորվի եւ գտնի իր արժանի տեղը: Ուստի, պատահական չէ, որ վերջին տարիներին մասնագիտական կրթության այս հատվածը դարձել է առավել գրավիչ. միայն այս տարի 11 հազար երիտասարդի` կրթությունը շարունակելու ընտրությունը կանգ է առել միջին եւ նախնական մասնագիտական կրթօջախների վրա, որոնք սկսել են իրականում մատուցել աշխատաշուկայում պահանջված, գործատուների կողմից ակնկալվող կրթության մակարդակ",-նշել է Արմեն Աշոտյանը` հավելելով, որ հետագա բարեփոխումների իրականացման համար նախարարությունն ակնկալում է միջազգային եւ տեղական գործընկերների աջակցությունը: "Վերջին տարիներին պետությունը 50 տոկոսով ավելացրել է անվճար տեղերի քանակը նախնական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում, տասնյակ քոլեջներ վերազինվել են, վերանորոգվել, ամբողջությամբ վերանայվել է կրթական բովանդակությունը` մշակվում են կրթական նոր չափորոշիչներ, շարունակվում է մասնավոր հատվածի հետ համագործակցությունը` կրթական ծառայություներն ավելի որակյալ եւ նպատակային դարձնելու համար: Նախարարության համար չկան սիրելի եւ խորթ զավակներ կրթության ոլորտում. պետական քաղաքականությունը շարունակելու է լինել կառուցողական` ձեւավորված պահանջարկի բավարարման եւ կրթության մակարդակի բարձրացման վրա",-նշել է նախարարը` հույս հայտնելով, որ "Համաշխարհային հմտություններ" միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչները պատշաճ կներկայանան: Ազգային փուլի հաղթողներին պարգեւներ են հանձնել նաեւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, ինչպես նաեւ ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի գործատուների միության եւ այլ սոցիալական գործընկերների ներկայացուցիչներ: Վերոնշյալ համաշխարհային կառույցին` որպես հարող անդամ, Հայաստանը միացել է 2012թվականին` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ GmbH-ի) աջակցությամբ, "Հայաստանի հմտություններ" նախագծի շրջանակներում: "Հայաստանի հմտություններ" նախագիծը իր շուրջը միավորում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը, Կրթության ազգային ինստիտուտի մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացման ազգային կենտրոնին եւ սոցիալական գործընկերներին` ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատին, Հայաստանի գործարարների (գործատուների) ու արդյունաբերողների միությանը, Հայաստանի գործատուների միությանը: http://www.edu.am/index.php?topMenu=2&menu1=-1&menu2=2&id=5666&lang=arm
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play