Հայաստանը դյուրացրել է մուտքի արտոնագրային ռեժիմը Չինաստանի<br /> քաղաքացիների համար<br />


Հայաստանը դյուրացրել է մուտքի արտոնագրային ռեժիմը Չինաստանի
քաղաքացիների համար

  • 17-02-2011 20:55:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չինաստանի արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան վկայում է երկու երկրների միջեւ ակտիվ զարգացում ապրող հարաբերությունների մասին: Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չինաստանի արտաքին գործերի նախարար Յան Ձիեչիի հետ փետրվարի 17-ի համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Մենք երկուստեք կարեւորեցինք երկու երկրների միջեւ բարձր մակարդակի շփումների պարբերական բնույթը եւ համոզմունք հայտնեցինք, որ դրանք նոր թափ կհաղորդեն մեր հարաբերությունների հետագա զարգացմանը ու խորացմանը»,- ասաց նա: Արտգործնախարարները քննարկել են նաեւ երկու երկրների նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: «Կարծում եմ, որ օրերս Հայաստանի կառավարության կողմից Չինաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ ընդունված որոշումը նոր թափ կհաղորդի գործարար, մշակութային, կրթական եւ ընդհանրապես ժողովուրդների միջեւ կապերին եւ փոխանակումներին»,- ասաց Է.Նալբանդյանը: Քննարկվել են նաեւ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության խնդիրը: Հայաստանը Չինաստանին շնորհակալություն է հայտնել այդ հարցում հավասարակշռված դիրքորոշման համար: Է.Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ «կարեւոր քաղաքական երկխոսությունը, բազմակողմ ձեւաչափում փոխադարձ աջակցությունը նպաստում են Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոխըմբռնման եւ վստահության մեծացմանը»: Քննարկվել են նաեւ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ խորհրդատվությունների ակտիվացման, միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցության սերտացմանը վերաբերող հարցեր: Է.Նալբանդյանը եւ Յան Ձիեչին քննարկել են նաեւ համագործակցության ոլորտներն ընդլայնելու եւ նորերն ընդգրկելու հնարավորությունները: Մասնավորապես, անդարդարձ է եղել էներգետիկայի, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի եւ առողջապահության, այլ ոլորտներում փոխգործակցությանը: Քննարկվել են նաեւ առեւտրա-տնտեսական հարաբերությունների խթանմանը, իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը, մշակութային ու կրթական փոխանակումների ընդլայնմանը, ապակենտրոնացված համագործակցության վերաբերող հարցերը: Երկկողմ տնտեսական կապերի զարգացման տեսանկյունից ՀՀ արտգործնախարարը կարեւորեց չինական Շանսի քաղաքում «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության գործարկումը: Կարեւորվեցին նաեւ Հայաստանում Չինաստանի կողմից իրականացվող ծրագրերը` ՀԷԿ-երի կառուցումը, հեռահաղորդակցության բնագավառում համագործակցությունը: ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց Չինաստանի կառավարությանը շարունակական տեխնիկական աջակցության համար, որի շրջանակներում 2011թ.-ին Հայաստանին կտրամադրվեն շտապօգնության շուրջ 80 մեքենաներ, իսկ հետագայում նաեւ մի քանի տասնյակ ավտոբուսներ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play