Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդական արտիստ Վալերի Գերգիևին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ


Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդական արտիստ Վալերի Գերգիևին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ

  • 01-05-2013 15:26:22   | Ռուսաստան  |  Մշակույթ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդական արտիստ, Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ:

«Ձեր արվեստը, որը լի է ջերմությամբ, անկեղծությամբ և մարդկայնությամբ, ստեղծում է բարության յուրահատուկ կոլորիտ և նպաստավոր մթնոլորտ, որին առնչվելով, իրոք, զգում ես արվեստի հրաշագործ ուժը:
 
Երաժշտարվեստի բազմաթիվ ներկայացուցիչներ և երկրպագուներ ամբողջ աշխարհում Ձեզ գիտեն և սիրում են որպես մշակույթի ականավոր գործչի, միջազգային կարևորագույն նախաձեռնությունների ներշնչողի: Ձեր փայլուն ելույթները մշտապես պահանջված են ոչ միայն խստապահանջ քննադատների, այլև հանդիսատեսի ամենալայն շրջանակների կողմից:
 
Առանձնահատուկ ցանկանում եմ նշել Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև հումանիտար և մշակութային դինամիկ փոխգործակցության զարգացման գործում:
 
Մաղթում եմ Ձեզ հետագա հաջողություններ արվեստի բարդ և ազնիվ ասպարեզում: Թող Ձեզ միշտ ուղեկցի հաջողությունը բոլոր ձեռնարկումներում, ստեղծագործական մտքի թռիչքը, արվեստի անծայրածիր հորիզոնները նվաճելու ուրախությունը»,-ասված է Նախագահի շնորհավորական ուղերձում:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ վարչությունից: 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play