Մեկնարկել է Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի 2-րդ փուլը


Մեկնարկել է Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի 2-րդ փուլը

  • 10-06-2013 16:26:34   | Հայաստան  |  Մշակույթ

Հունիսի 10-ին մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի երկրորդ փուլը։ Առաջին փուլը հաղթահարել են 9 թավջութակահարներ՝ Կոտսիոլիս Գիորգոս (Հունաստան), Լոմակով Գեորգի (Ուկրաինա), Նավասարդյան Միքայել (Հայաստան), Իոնիցա Անդրեյ (Ռումինիա), Պերլովա Ալեքսանդրա (Ռուսաստան), Մորոզովա Աննա (Ռուսաստան), Խաչատրյան  Գայանե (Հայաստան), Սուշենկո Ելիզավետա (Ռուսաստան), Աթայան Հակոբ (Հայաստան)։  
Մրցույթն անցկացվում է երեք փուլով։ Երկրորդ փուլի հաղթողների անունները պարզ կդառնան հունիսի 11-ին։ Մրցույթի եզրափակիչ՝ երրորդ փուլը տեղի կունենա հունիսի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, իսկ հունիսի 14-ին կանցկացվի մրցույթի գալա համերգը, տեղի կունենա հաղթողների մրցանակաբաշխությունը։ 
Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ Արամ Թալալյանը նշում է, որ բոլոր մասնակիցներն էլ լավ պատրաստված են, և թեժ պայքար է ընթանում մրցանակային տեղերի համար։ 
Մրցույթի երկրորդ փուլ անցած թավջութակահար, Հունասատանը ներկայացնող Գիորգոս  Կոտսիոլիսը տեղեկացրեց, որ սա իր երկրորդ մրցույթն է, թավջութակ նվագում է 6 տարեկանից, մի քանի ամիս է՝ պատրաստվում է մրցույթին և հույս ունի՝ իր բոլոր ելույթները հաջող կանցնեն։
Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջզագային մրցույթի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: 2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play