Բացահայտվում են Հայաստան-ԱՄԷ գործակցության նոր հեռանկարներ


Բացահայտվում են Հայաստան-ԱՄԷ գործակցության նոր հեռանկարներ

  • 10-05-2011 20:33:06   | ԱՄԷ  |  Տնտեսություն
Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շարունակում է երկկողմ հանդիպումներ ունենալ: ԱՄԷ արտաքին առեւտրի նախարար շեյխա Լուբնա ալ Քասիմիի հետ հանդիպմանը փոխվարչապետը նախ շնորհակալություն հայտնեց ԱՄԷ առաջին ամենամյա ներդրումային համաժողովին մասնակցության հրավերի համար եւ ողջունեց համաժողովի նախաձեռնումը, որն իր ծավալներով եւ ձեւաչափով առաջինն է Մերձավոր Արեւելքում: Ըստ նրա` նմանատիպ միջոցառումները տարբեր երկրների պետական մարմինների ներկայացուցիչներին եւ գործարարներին հնարավորություն են տալիս անմիջական շփումների միջոցով ձեւավորել նոր կապեր, բացահայտել համագործակցության նոր հնարավորություններ, ծանոթանալ տարբեր երկրների գործարար ու ներդրումային դաշտերին եւ ներդրումային ծրագրերին: Դրանով է պայմանավորված հայաստանյան ընկերությունների զգալի հետաքրքրությունը միջոցառման նկատմամբ: Իր հերթին ԱՄԷ արտաքին առեւտրի նախարարը շնորհակալություն հայտնեց հայկական կողմին` ներկայացուցչական մասնակցության համար: Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ գործնական քայլեր են ձեռնարկվում, ակտիվացել են փոխայցելությունները, որոնց ժամանակ բացահայտվում են գործակցության նոր հեռանկարներ: Երկուստեք կարեւորվեց ինչպես Հայաստան- ԱՄԷ միջկառավարական համագործակցության հանձնաժողովի առաջին նիստի, այնպես էլ երկու երկրների միջեւ գործարար համաժողովի երկրորդ փուլի անցկացումը, որոնք նոր մակարդակի կարող են բարձրացնել եւ ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել առեւտրատնտեսական հարաբերությունները` նախանշելով զարգացման հեռանկարները: ԱՄԷ արտաքին առեւտրի նախարարը կարեւորեց համաժողովի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսում հայկական տաղավարի առկայությունը` համոզմունք հայտնելով, որ թե տաղավարում ներկայացված ընկերությունները, թե Հայաստանի շնորհանդեսը մեծ հետաքրքրություն են առաջացնելու մասնակիցների մոտ: Քննարկվեցին Լուբնա ալ Քասիմիի` անցած տարի նոյեմբերին Հայաստան կատարած այցից հետո երկկողմ հարաբերություններում առկա զարգացումները: Անցած տարեվերջից «Fly Dubai» ավիաընկերությունն իրականացնում է Դուբայ-Երեւան չվերթը, ինչն էական քայլ է երկկողմ շփումների ակտիվացման համար: Ապրիլին Հայաստանում էր ԱՄԷ գործարար կանանց միության պատվիրակությունը` տնտեսական եւ ներդրումային հնարավորություններին ծանոթանալու եւ փոխգործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: ՀՀ փոխվարչապետը նշեց, որ մի շարք` մասնավորապես, գյուղատնտեսական մթերքների արտահանման եւ զբոսաշրջության ոլորտների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն է ներկայացվել արաբական կողմին: Հաշվի առնելով վերջիններիս հետաքրքրվածությունը` գործնական արդյունքներ են ակնկալվում մոտ ապագայում: Կողմերն անդրադարձան Հայաստան- ԱՄԷ երկրորդ գործարար համաժողովի անցկացմանը` նշելով 2010թ. աշնանը Երեւանում կայացած առաջին համաժողովի հաջող փորձը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play