Ոուբեն Սաֆրաստյան. «Ցեղասպանության հարցը կարող է նախապայման լինել հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործում»<br />


Ոուբեն Սաֆրաստյան. «Ցեղասպանության հարցը կարող է նախապայման լինել հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործում»

  • 18-01-2011 17:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կիպրոսի խորհրդարանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն ու Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ երկկողմ հարաբերությունների մասին Համատեղ հռչակագիրը բացառիկ կարեւորություն ունեն Ղարաբաղյան խնդրում ինքնորոշման իրավունքի առաջնահերթ լինելու, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման հարցում բարձր մակարդակով հստակ գնահատականներ տալու տեսանկյունից: Այս մասին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողների հետ հունվարի 18-ի հանդիպմանը հայտարարեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Ըստ նրա, Ս.Սարգսյանի ելույթում հնչեցին այնպիսի գնահատականներ, որոնք մինչ այժմ Հայաստանի նախագահը չէր բարձրաձայնել: Մասնավորապես, նա առաջին անգամ հայտարարեց, որ Թուրքիայի քաղաքականությունը հիմնված է շանտաժի վրա, եւ հասկացրեց, որ ցեղասպանության հարցը կարող է նախապայման դառնալ կարեւոր հարցերում: «Սա նշանակում է, որ մի օր ցեղասպանության հարցը կարող է նախապայման լինել հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործում»,- ասաց Ռ.Սաֆրաստյանն, ընդգծելով, որ հայ-թուրքական գործընթացը Թուրքիայի մեղքով վաղուց մտել է փակուղի: Ռ.Սաֆրաստյանն ընդգծեց նաեւ, որ թեեւ Հայաստանի ու Կիպրոսի խնդիրները Թուրքիայի հետ տարբեր են, սակայն Համատեղ հռչակագիրը վկայում է հայ-կիպրական հարաբերությունները կոորդինացնելու նոր քաղաքականության մասին: Ունենալով տարածքային ամբողջականության խնդիր, Կիպրոսն առաջին անգամ փաստաթղթում ամրագրեց, որ ինքնորոշման իրավունքը կամ կամքի ազատ արտահայտումը ղարաբաղյան խնդրում պարտադիր ուժ պետք է ունենան, ինչը, Ռ.Սաֆրաստյանի կարծիքով, կարեւոր է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կիպրոսը Եվրոմիության անդամ երկիր է:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play