«Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքի 176 ընտանիքի համար կկառուցվեն նոր բնակարաններ


«Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքի 176 ընտանիքի համար կկառուցվեն նոր բնակարաններ

  • 21-01-2014 18:14:27   | Հայաստան  |  Տնտեսություն

 



ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) 2014թ.-ի գերակա խնդիրներից է լինելու «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքի բնակելի շենքերի բնակարանների սեփականատերերին և նույն տարածքի նախկին հանրակացարաններում փաստացի բնակվող բնակիչներին նոր բնակարաններով ապահովումը:
Այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում նշել է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, նշելով, որ ըստ այդմ, Մալաթիա-Սեբաստիա համայնքում կկառուցվեն նոր բնակելի շենքեր: Ըստ Ա.Մովսեսյանի` 176 ընտանիքի համար նոր բազմաբնակարան շենքերի կառուցման նպատակով կներդրվի 4 մլն դոլար: 
«Բանակցությունների ընթացքում բոլոր քաղաքացիները, բնակիչները կողմ են եղել տեղափոխմանը, առաջարկվող պայմանները շատ ավելի լավն են, քան այսօր իրենք ունեն, առնվազն 20-25 տոկոսով ավելի բնակարանային տարածք են իրենք ստանալու»,- նշել է Ա.Մովսեսյանը:

Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, ՔԱԳՎ հաջորդ գերակա խնդիրը կոմերցիոն օդաչուների պատրաստումն է: Նախատեսվում է ավարտին հասցնել «Ավիաուսումնական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության օդաչու-ուսանողների թռիչքային պրակտիկան, ինչի արդյունքում օդաչուները կունենան ավիացիոն միջազգային կազմակերպությունների պահանջներին համապատասխան որակավորում:

 

Նոյյան տապան  -   Տնտեսություն