Տարեցները` Օրրանի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում են
14-04-2014 18:29:59 | Հայաստան | Բարեգործություն
Երկու հազար թվականից` իր հիմնադրման օրվանից, Օրրանն իր հարկի տակ է վերցրել հարյուրավոր միայնակ տարեցների` նրանց համար ծառայելով որպես ապահով ու ջերմ տանիք: Այստեղ նրանք սնվում են, վայելում հանգիստ և ստանում նաև հոգևոր սնունդ:
Վերջին յոթ տարվա ընթացում Օրրանի գլխավոր գործընկերն է եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Այդ գործընկերության շնորհիվ Օրրանը հաջողությամբ է իրականացրել կարիքավոր ընտանիքներին աջակցելու իր առաքելությունը. օգնել է փողոցում հայտնված կամ այդ վտանգի առջև կանգած հազարավոր երեխաների: Նրանք ապահովվել են տաք սննդով, ստացել սոցիալական, բժշկական, հոգեբանական ծառայություն, արհեստագործական ուսուցում եվ հոգատարություն, առանց որի դժվար կլիներ պատկերացնել այս երեխաների ապագան:
Օրրանի բարեկամները ամենուր են: Նրանց թվում են նաև աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանը և նրա տիկին Անժելա Մադաթյանը: Նրանց առատաձեռն նվիրատվության շնորհիվ «Օրրանի»` Վանաձորի կենտրոնում 30 կարիքավոր տարեցներ փետրվարից ապահովված են ամենօրյա տաք սննդով:
Հերթական նախաձեռնությամբ, «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը և ՎիվաՍել ՄՏՍ-ը կազմակերպել էին համերգ` Օրրանի տարեց շահառուների մասնակցությամբ` «Թող գարունները գան ու չգնան» խորագրով, որը կայացավ «Մհեր Մկրտչյան» թատրոնում` ապրիլի 14ին: Ողջույնի խոսքով հանդես եկան ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն` պր. Ռալֆ Յիրիկյանը, և Հայաստանում ԱՄՆ դեսպան` Ջոն Հեֆերնը: Համերգացանկում ընդգրկվել էին հայտնի պոետների ստեղծագործություններ, ժողովրդական երգեր, 80-ականների էստրադային երգեր և դաշնամուրային կատարումներ:
Օրրանը ողջունում է մի շարք խոշոր ծրագրերի իրականացմանն աջակցելու և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դրսևորման ՎիվաՍել ՄՏՍ-ի մոտեցումը: Այդ համագործակցության հաջողվածությունն արդյունավետ է հասարակության համար:
Օրրանի աշխատանքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելեք www.orran.am կայք: