Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում մայիսի 10-ին տեղի ունեցավ "Սուրբ Կարապետ" եկեղեցու օծման եւ բացման հանդիսավոր արարողությունը: Եկեղեցին կառուցվել է ռուսաստանաբնակ ջանֆիդացի բարերար Արթուր Կարապետյանի հովանավորությամբ: Նորակառույց եկեղեցին օծեց եւ դռները բացեց Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի հոգևոր հովիվ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը:
Արթուր Կարապետյանը եկեղեցին կառուցել է իր ծնողների հիշատակին և ցանկացել է, որ այն կոչվի իր Կարապետ պապի անվամբ:
Նորակառույց եկեղեցու բակում նա իր բարեկամների հետ միասին տեղադրել է 7 խաչքար, որոնք խորհրդանշում են միասնություն, հավատք, հայ-ռուս բարեկամություն, Հայոց ցեղասպանությունը և այլն:
Միջոցառմանը ներկա են եղել Արմավիրի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սիոն Եպիսկոպոս Ադամյանը, Հայոց բանակի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես ԴԵպիսկոպոս Աբրահամյանը , Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ գերաշնորհ Տեր Հովնան Եպիսկոպոս Հակոբյանը, ինչպես նաեւ Ազգային ժողովի պատգամավորներ եւ ռուսաստանցի հյուրեր:
Մինչ այդ, ջանֆիդացիները ծիսակատարություններին մասնակցելու, ինչպես նաև հարսանեկան պսակադրություններ կազմակերպելու նպատակով գնում էին հարակից գյուղերի եկեղեցիներ կամ էլ հաճախում էին Մայր տաճար:
Ջանֆիդա գյուղում եկեղեցի կառուցելու և քրիստոնյա հավատքը ամուր պահելու նպատակով բարերար Արթուր Կարապետյանը արժանացավ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի պատվոգրին, Ջանֆիդա համայնքի պատվավոր քաղաքացու կոչմանը, որի կապակցությանբ նրան նվիրաբերվեց մեկ չափաբաժին հողակտոր: Արթուր Կարապետյանն իր հերթին Արմավիրի թեմի առաջնորդին հանձնեց եկեղեցու կառուցման վկայականը: Եկեղեցին դարձավ Մայր Աթոռի սեփականություն:
Ջանֆիդայի եկեղեցու բացման կապակցությամբ մեծ համերգ էր կազմակերպվել բակում, Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանի հարևանությամբ, որին մասնակցում էր Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկական համույթը: