Ֆրանսիան աջակցում է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի մաս դառնալու ձգտմանը


Ֆրանսիան աջակցում է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի մաս դառնալու ձգտմանը

  • 29-10-2014 17:04:10   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Հոկտեմբերի 28-ին Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է կայացել Ֆրանսիայի և Վրաստանի Պաշտպանության նախարարների միջև: Ինչպես հայտնում է Վրաստանի Պաշտպանության նախարարությունը, «հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմական բնագավառում հետագա համագործակցության խորացման հնարավորությունները»: «Վրաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցությունը խորանում է օրեցօր: Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք Կենտրոնական Աֆրիկայում խաղաղապահ գործողությունների ընթացքը, քննարկել ենք մեր երկրների միջև ռամական և ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված հարցեր, այդ թվում նաև վրացական բանակի մարտունակության բարձրացման համատեքստում: Մենք քննարկել ենք Վրաստանի` ՆԱՏՕ ինտեգրացիայի հարցը և Ֆրանսիայի Պաշտպանության նախարարը հերթական անգամ հավատացրել է, որ Ֆրանսիան աջակցում է մեր` ՆԱՏՕ-ի մաս դառնալու ձգտմանը: Մենք պայմանավորվեցինք, որ մեր հանդիպումները կլինեն ավելի հաճախակի, ինչն իր հերթին ֆրանս-վրացական հարաբերությունները կդարձնի իրական ռազմավարական», -հոկտեմբերի 28-ին հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարարը:
 
Հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն` Վրաստանը զբաղեցում է 7-րդ տեղը ըստ գազի գնի ետխորհրդային տարածքի երկրների միջև: Գազի գինը թանկ է  միայն Մերձբալթյան երկրներում (1,1 դոլար), Մոլդովայում (0,71), Տաջիկստանում (0,50), Հայաստանում (0,66): Վրաստանում մեկ կուբամետր գազն արժե 0.45 դոլար: «Չնայած նրան, որ մենք գազը ստանում ենք մեր անմիջական հարևաններից, այսինքն չենք վճարում գազի փոխանցման համար, ինչպես օրինակ դա անում են Հայաստանը և Մոլդովանը, գազի գինը Վրաստանում բավականին բարձր է: Ավելին, ետխորհրդային տարածքի բոլոր երկրներում գոյություն ունեն արտոնություններ և պետական նպաստներ: Մեզ մոտ բոլորը վճարում են նույն բարձր գինը: Կառավարությունը առանց խնդրի կարող է պակասեցնել գազի գինը, բայց դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք, որը մեր Կառավարությունը չունի: Կառավարությունը ցանկություն չունի իր իսկ քաղաքացիների կյանքը թեթևացնելու: Իսկ դա անել` գները էժանացնել, լիովին հնարավոր է և դժվար չէ», -հոկտեմբերի 28-ին հայտնել է տնտեական հարցերով փորձագետ Զվիադ Կանդելակին:
 
Հոկտեմբերի 28-ին «Հանրապետական կուսակցությունը» դիմում-հայտարարություն է ուղղել «Վրացական երազանք» կոալիցիային և արտահայտել իր կուսակցության առավելությունները հաջորդ երկու տարվա կոալիցիայի աշխատանքների վերաբերյալ: «Մենք արդեն երկու տարի է, ինչ իշխանության գլուխ ենք եկել և կարելի է ասել, որ անցած երկու տարիների ընթացքում «Վրացական Երազանք» կոալիցիան բարեհաջող կերպով անցկացրել է «Ազգային շարժում» կուսակցության ապամոնտաժումը: Երկու տարվա ընթացքում մենք երկիրը կանգնեցրինք եվրոպական ուղու վրա, ստորագրեցինք եվրամիության հետ ասոցացման մասին պայմանագիր, հիմք ենք դրել երկրի ժողովրդավարության համար, ազատել ենք մամուլը և դատական համակարգը պետության ճնշումներից: Միաժամանակ երկամյա աշխատանքի ընթացքում ի հայտ են եկել նոր խնդիրներ: «Հանրապետական կուսակցությունը» կարծում է, որ երկու տարին, որը մենք ունենք մինչ հերթական խորհրդարանական ընտրությունները, Կոալիցիան պետք է հատկացնի հետևյալ խնդիրները լուծելուն. Վրաստանում բազմակուսակցական ժողովրդավարական ինստիտուցիոնալ համակարգի հաստատում; արդեն գոյություն ունեցող ժողովրդավարական համակարգերի զարգացում; սահմանադրական հիմքի կատարելագործում իշխանության ճյուղերի գործառույթները սահմանափակելու համար; մրցունակ և արագ աճող տնտեսական համակարգի ձևավորում, ինչի համար անհրաժեշտ կլինի ուղղել և ավելի թափանցիկ դարձնել կառավարության տնտեսական կուրսը; իշխանության արդյունավետ մարմինների հաստատում, ինչի համար անհրաժեշտ կլինի ձևավորել կադրային քաղաքականություն և արմատախիլ անել խտրականությունը: Անհրաժեշտ կլինի ստեղծել իրավիճակ, երբ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները չեն կարողանա խառնվել կենտրոնական կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը, անհրաժեշտ է հաստատել տեղական ինքնակառավարման մարմիններում առաջին փուլից ստացած բարեփոխումների արդյունքները և անհապաղ անցնել բարեփոխումների իրականացման երկրորդ փուլին; անհրաժեշտ է ապահովել երկրի անվտանգությունը, պետք է արագացնել Վրաստանի` ՆԱՏՕ մտնելու գործընթացը», -ասված է «Հանրապետական կուսակցության» հայտարարությունում:
 
Քաղաքացիական համերաշխության հարցերով նախարարի հայտարարության համաձայն` «Աբխազիայի և Հարավային Օսեթիայի կոնֆլիկտները լուծելիս մենք պետք է պատրաստ լինենք փոխել երկրի Սահմանադրությունը»: «Ինքնավարությունը եվրոպական հասկացողությամբ շատ լուրջ ձև է հանդիսանում, որը թույլ է տալիս մարդկանց իրենց արժանավայել զգալ այս կամ այն երկրի կազմում: Ես համոզված եմ, որ հենց գա մեր տարածաշրջանում եղած կոնֆլիկտները լուծելու պահը, ապա մենք ստիպված պետք է լինենք փոխել երկրի Սահմանադրությունը: Եթե որևէ մեկը մտածում է, որ այս Սահմանադրությամբ մենք կարող ենք կանոնակարգել կոնֆլիկտները, ապա նրանք շատ սխալվում են: Դեռևս դա շատ հեռու հեռանկար է, բայց մենք այսօր արդեն պետք է սկսենք գիտակցման գործընթացը», -հոկտեմբերի 28-ին հայտարարել է Պաատա Զաքարեիշվիլին:
 
http://armenian-community.ge/News/842 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը