Կենդանասերները պահանջում են լուծարել «Յունիգրաֆ-իքս ընկերությանը»՝ վերջ տալու համար շների դաժան սպանդին(Տեսանյութեր եւ ֆոտոշարք)


Կենդանասերները պահանջում են լուծարել «Յունիգրաֆ-իքս ընկերությանը»՝ վերջ տալու համար շների դաժան սպանդին(Տեսանյութեր եւ ֆոտոշարք)

  • 14-11-2014 16:04:19   | Հայաստան  |  Հասարակություն



«Դադարեցրեք շների դաժան սպանդը», «Լուծարեք  Յունիգրաֆ-իքս ընկերությունը», «Իրական վտանգը իշխանական շներից է», «Հերիք է շների հաշվին հարստանաք». այսպիսի պահանջներով նոյեմբերի 14-ին կենդանասեր քաղաքացիները հերթական անգամ բողոքի ակցիա են իրականացրել Երևանի քաղաքապետարանի առջև: Ցուցարարները պնդում էին, որպեսզի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպի իրենց և պատասխանի իրենց հուզող հարցերին: Նրանք մասնավորապես պահանջում էին լուծարել շուրջ 8 տարի տենդերում  հաղթող «Յունիգրաֆ Իքս» ՍՊԸ-ն, որը չի կատարում տենդերի պահանջները:

Կենդանասերների պնդմամբ «Յունիգրաֆ Իքս» կազմակերպությունը գրանտ է վերցնում թափառող շներին ստերիլիզացնելու և վնասազերծելու համար, սակայն չի իրականացնում իր վրա դրված պարտականություններն, ավելին` սպանդի է ենթարկում ոչ միայն թափառող շներին, այլև ընտանիներին:
Ակցիային մասնակցող Անահիտ Մանուչարյանը իր հետ բերել էր այն փամփուշտները, որով օրեր առաջ սպանել էին իր շանը: Նրա համոզմամբ` արվածը «Յունիգրաֆ Իքս»-ի ձեռքի գործն է, քանի որ «միայն նրանք կարող են մնալ անպատիժ»:
«Ես դիմել եմ ոստիկանություն, որը ինձ տրամադրել է մի փաստաթուղութ, որտեղ նշված է իմ շանը սպանողի անուն ազգանունը, սակայն ես չգիտեմ, արդյոք այդ մարդը գոյություն ունի թե ոչ»,- նշեց Ա. Մանուչարյանը` հավելելով, որ այդ մարդու նկատմամբ ընդամենը վարչական իրավախախտման ակտ է կազմվել, համաձայն որի ոմն Գագիկ Պողոսյանը պետք է 1500-3000 դրամի տուգանք վճարի:
Չստանալով որևէ արձագանք քաղաքապետի կամ քաղաքապետարանի ներկայացուցիչներից` ակցիայի մասնակիցները ոստիկանների ուղեկցությամբ շարժվեցին դեպի Կառավարության շենք: Այստեղ նրանց հանդիպեց Կառավարության նամակների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, ում ցուցարարները հանձնեցին իրենց նամակը:
Կենդանասերները երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր, որտեղ «Դինգո» թիմի կամավորներին ոչ ոք չդիմավորեց:  ՀՀ Նախագահին հասցեագրված նամակը թողնելով նամակների համար հատկացված արկղում, կամավորները միացան ցուցարարներին:
«Նոյյան Տապանի» թղթակցի հետ զրույցում  «Դինգո» թիմի կամավորը հույս հայտնեց, որ նամակը կունենա իր արձագանքը. «Մենք պահանջատեր ենք և կպայքարենք մինչև վերջ: Իրականում խոսքը բիզնեսի մասին է, ուստի կոչ եմ անում քաղաքացիներին անտարբեր չլինել»,- ասաց «Դինգո» թիմի PR բաժնի պատասխանատու Ալինա Ենգոյանը: 
 
 
 
 
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ակցիայի լուսանկարներն այստեղ

 

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»

Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play