Երևանում անցկացվելու է «Դատապարտում ենք ցեղասպանությունները» խորագրով արևելյան մարտարվեստի միջազգային մրցաշարեր


Երևանում անցկացվելու է «Դատապարտում ենք ցեղասպանությունները» խորագրով արևելյան մարտարվեստի միջազգային մրցաշարեր

  • 18-04-2015 17:27:28   | Հայաստան  |  Սպորտ

Ապրիլի 21-ից 26-ը Երևանում անցկացվելու է  «Դատապարտում ենք ցեղասպանությունները»  խորագրով միջազգային մրցաշարեր`  Կիոկուշին-կան  կարատե-դո, Քիք բոքսինք և Ուշուի մարզաձևերում:
Ինչպես ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի  ավանդական ուշուի  ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը, միջազգային մրցաշարերին մասնակցելու են Հայաստանի, Արցախի, Իրանի, Իրաքի, Ղազախստանի, Վրաստանի և Ֆրանսիայի թիմերը` բաղկացած շուրջ 240 մարզիկներից:
«Մենք հրավիրել ենք բոլոր այն երկրներին, որտեղ կան  այս երեք մարզաձևերը, այդ թվում նաև Թուրքիային և Ադրբեջանին» ,- ասաց Տ. Չոբանյանը` հավելեով, որ Հայաստան ժամանող օտարերկրյա թիմերն այցելելու են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ըստ նրա` մրցաշարերի խորագիրը վերաբերում է ինչպես Հայոց Ցեղասպանությանը, այլ բոլոր ցեղասպանություններին, որոնք հաջորդեցին 20-րդ դարի առաջին, հայերի ցեղասպանությանը:
«Մենք համարում ենք, որ մեր ապագա սերունդները պետք է անպայման ունենան հաղթողի հոգեբանություն, ուստի հենց այս ժամանակահատվածում ենք անցկացնում մեր մրցաշարերը` ցույց  տալով ամբողջ աշխարհին, որ հիշում ու հարգում ենք  մեր զոհերին, սակայն միաժամանակ պատրաստ ենք պայքարելու և կռվելու հանուն մեր հայրենիքի ազատության, մարդկային արժեքների»,- նշեց Տ. Չոբանյանը:
Նրա տեղեկացմամբ` վերհոնշյալ  գաղափարախոսության շրջանակներում որոշվել է միջազգային մրցաշարերի բացումը իրականացնել «Սասունցի Դավիթ» էպոսի բեմականացմամբ, որի միջոցով ցուցադրվելու է հայի ուժը և հաղթանակը:
Ըստ Տ. Չոբանյանի` միջազգային մրցաշարն անցկացվում է «Դինամո» մարզական ընկերության աջակցությամբ, Հայաստանի Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության ֆինանսավորմամբ և Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի «Կոնֆուցիոզ» ինստիտուտի աջակցությամբ: 
 
Կիոկուշին-կան կարատե-դո համահայկական ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի խոսքով` ապրիլի 21-ին մրցաշարի բացումն անելու է հենց իրենց ֆեդերացիան:
«Այսպիսի սպորտային միջոցառումների միջոցով մենք կարող ենք աշխարհին ճանաչելի դարձնել հայ ժողովրդի պատմությունը»,- ասաց Ա. Հակոբյանը և ավելացրեց, որ սպորտի և մշակույթի միջոցով հնարավոր է լուծել անգամ այն հարցերը, որոնք քաղաքականապես դժվար լուծելի են: 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play