Հայաստանը երկրաջերմային պաշարների հետախուզման աշխատանքներ իրականացնելու համար կստանա 8,55 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ


Հայաստանը երկրաջերմային պաշարների հետախուզման աշխատանքներ իրականացնելու համար կստանա 8,55 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ

  • 09-06-2015 14:48:10   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հունիսի 8-ին հաստատել է Հայաստանում «Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի» (ԵՀՀԾ) համար 8,55 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի հատկացումը։ Այս նոր ծրագրի նպատակն է` պարզել, թե Կարկառ տեղամասի երկրաջերմային աղբյուրը պիտանի է արդյո՞ք էլեկտրաէներգիայի արտադրության համար, թե ոչ:
 
Սյունիքի մարզի Կարկառ տեղամասում  համապատասխան պաշարի առկայության դեպքում ՀՀ կառավարությունը նպատակ ունի կառուցել երկրաջերմային էլեկտրակայան: Ի տարբերություն վերականգնվող էներգետիկայի այլ տեխնոլոգիաների, ինչպիսիք են` հողմայինը, արևայինը և հիդրոէներգետիկան, առևտրային մակարդակի երկրաջերմային ռեսուրսի առկայությունը հնարավոր է հաստատել միայն հետախուզական հորատման միջոցով: Այն անհրաժեշտ է կատարել այնպիսի խորություններով, որոնք թույլ կտան գնահատել երկրաջերմային աղբյուրի յուրահատուկ պարամետրերը:
Կարկառ տեղամասի ընտրությունը հետախուզական հորատման համար պայմանավորված է եղել տեղական և միջազգային փորձագետների կողմից առավել խոստումնալից համարվող երկու հեռանկարային տեղամասերում կատարած ընդգրկուն դաշտային հետազոտության արդյունքներով։ Այդ տեղամասերում կատարած տեղանքի հետազոտության աշխատանքներն աջակցություն են ստացել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից ֆինանսավորված «Հայաստանի երկրաջերմային ծրագրի» շրջանակներում, որն ավարտվել է 2012թ.-ին։
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնoրեն Լորա Ի. Բեյլին նշել է, որ Կարկառում հետախուզական հորատման աշխատանքների ֆինանսավորումը համաշխարհային բանկի կողմից թույլ կտա կյանքի կոչել առաջին առևտրային նախագիծը. «Մենք այդպիսով կկարողանանք աջակցություն ցուցաբերել Հայաստանի այլ հեռանկարային երկրաջերմային տեղանքներում լրացուցիչ երկրաջերմային ռեսուրսների զարգացման համար տեղական կարողությունների կերտմանը։ Երկրաջերմային էլեկտրաէներգիայի ընդհանուր ներուժը Հայաստանում ներկայումս գնահատվում է մոտ 150 ՄՎտ»,- ասել է նա::
Ըստ Լ. Ի. Բեյլիի` նմանատիպ ծրագրերը ամրապնդելու են ներդրողների վստահությունն այն բանում, որ Հայաստանի երկրաջերմային ոլորտն ընձեռում է կենսունակ և շահութաբեր ներդրումների հնարավորություն:
Նրա տեղեկացմամբ` Կարկառի երկրաջերմային ծրագրի առաջին փուլում Վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրով (ՎԷԸԾ) հատկացվող միջոցները կառավարության կողմից օգտագործվելու են հետախուզական հորատման աշխատանքներն իրականացնելու համար, իսկ ռեսուրսի առկայությունը հաստատվելու պարագայում գնահատվելու է Կարկառում երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման իրագործելիությունը: «Նման պարագայում օժանդակություն է ցուցաբերվելու երկրաջերմային էլեկտրաէներգիայի ծրագրի լիամասշտաբ իրականացման մեջ մասնավոր ներդրողների ներգրավմանը»,- նշել է նա:
Ըստ Լ.Ի. Բեյլի` Կարկառի երկրաջերմային ծրագրի երկրորդ փուլում նախատեսված է երկրաջերմային էլեկտրակայանի կառուցումը. «Նախնական վերլուծությունները ցույց են տվել, որ Կարկառ տեղամասում գուցե հնարավոր լինի 28 ՄՎտ հզորությամբ երկրաջերմային էլեկտրակայան կառուցել»։ Նրա խոսքով` 90-100 մլն ԱՄՆ դոլար նախահաշվային արժողությամբ այդ հնարավոր երկրաջերմային էլեկտրակայանը կարելի է կառուցել պետական և մասնավոր կապիտալի խառը մասնակցությամբ և նպաստելու է ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումների կրճատմանը:
Համաշխարհային բանկի ծրագրի հանձնախմբի ղեկավար Արթուր Կոչնակյանի կարծիքով` Կարկառում երկրաջերմային համարժեք ռեսուրսների առկայության հաստատման դեպքում երկրաջերմային էլեկտրակայանի ապագա կառուցումը նպաստելու է էլեկտրաէներգիայի կանխատեսված պահանջարկի բավարարմանը և երկրի էներգետիկ անվտանգության ու անկախության ամրապնդմանը. «Երկրաջերմային էլեկտրակայանի արտադրած էժան էլեկտրաէներգիան կարող է նպաստել անապահով բնակչության համար էլեկտրաէներգիայի մատչելիության պահպանման»,- նշել է նա:։
Նշվել է, որ ծրագիրն իրականացնելու է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (ՀՎԷԷՀ), քանի որ այն ունի Բանկի ֆինանսավորած ծրագրերի իրագործման բավականաչափ կարողություններ և փորձ։ ՀՎԷԷՀ-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ստեղծվել է կառավարության կողմից 2005թ.-ին` Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի շուկաների զարգացման և այդ ոլորտներում ներդրումների խթանման առաքելությամբ:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ