Ադրբեջանցիները քարեր և շշեր են նետել վրացական ավտոբուսների վրա


Ադրբեջանցիները քարեր և շշեր են նետել վրացական ավտոբուսների վրա

  • 11-07-2015 12:28:33   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 
Հուլիսի 9-ին Ադրբեջանում անցկացվող ադրբեջանական և վրացական ֆուտբոլային թիմերի միջև հանդիպման ընթացքում պատահել է հետևյալ դեպքը. ադրբեջանցի երկրպագուները մարզադաշտում ներկայացրել են Ադրբեջանի քարտեզը, որի կազմում ներառված են եղել նաև Վրաստանի հարավային և արևելյան շրջանները: Երկրպագուները նաև պաստառներ ունեին, որոնք կասկածի տակ էին դնում ժամանակակից Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Ավելին, ֆուտբոլային հանդիպման 78-րդ րոպեում ադրբեջանցի երկրպագուները հենց մարզադաշտում հրապարակայնորեն այրել են Վրաստանի պետական դրոշը և վանկարկել են հակավրացական կարգախոսներ: Ֆուտբոլային հանդիպման ավարտից հետո ագրեսիվ տրամադրված ադրբեջանցիները քարեր և շշեր են նետել վրացի երկրպագուների ավտոբուսների վրա:
Ինչքան էլ որ տարօրինակ է, բայց կատարվածից հետո ոչ մի ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյա հարկ չի համարել քննադատել ադրբեջանցիների պահվածքը: Մինչդեռ, անսովոր ակտիվություն է ցուցաբերել Վրաստանի ղեկավարությունը, որի դեմ էլ հենց ուղղված էր ադրբեջանցի երկրպագուների տվյալ ոչ ընկերական արարքը: Ողջ օրվա ընթացքում մեկը մյուսի հետևից ելույթ էին ունենում Վրաստանի նախարարները, այդ թվում նաև վարչապետը, պատգամավորները և այլ պետական պաշտոնյաներ: Հարգելի ընթերցողին ենք ներկայացնում այսօր արված հայտարարություններից մի քանիսը.
«Դա այն ուժերի սադրանքն էր, որոնք շահագրգռված են Վրաստանի և Ադրբեջանի միջև թշնամական հարաբերություններ ստեղծելու մեջ: Դա արել են այն մարդիկ, որոնք ուզում են փչացնել երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները: Այն, ինչ տեղի է ունեցել Ադրբեջանում, մի քանի օր առաջ Թբիլիսիում կատարված իրադարձությունների արձագանքն էր: Համապատասխանաբար, անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի նման փաստեր այլևս չկատարվեն: Անհրաժեշտ է շտապ հետաքննել կատարվածը», -հայտարարել է Ադրբեջանում Վրաստանի դեսպանը:
«Ամենատխուրն այն է, որ շատ հաճախ նման սադրանքները սկսվում են Վրաստանից: Բոլոր պետական գերատեսչությունները, որոնք լիազորված են արձագանքելու, պետք է խստագույն քայլեր ձեռնարկեն, քանի որ այս ամենը շատ նման է սադրանքի», -հայտնել է Վրաստանի Բնապահպանության նախարարը:
«Ինչ վերաբերում է կատարվածին, շատ եմ խնդրում՝ առանց խուճապի: Սպորտում նման սադրանքներ շատ հաճախ են տեղի ունենում: Սադրիչների խմբեր գոյություն ունեն և´ Վրաստանում, և´ Ադրբեջանում: Կատարվածը ոչ մի կերպ չի անդրադառնա մեր ընկերական հարաբերությունների վրա: Սադրիչներ և արկածախնդիրներ կան ամենուրեք… Մենք չպետք է դրան ուշադրություն դարձնենք», -հայտարարել է Վրաստանի վարչապետը:
«Դա սադրանք էր: Համապատասխան կառույցներ պետք է հետաքննեմ կատարվածը և պատժեն բոլոր մեղավորներին: Եվս մեկ անգամ եմ կրկնում` մի քանիսի խելագար պահվածքը չի վնասի Վրաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ընկերական հարաբերություններին», -հայտարարել է Վրաստանի Էներգետիկայի նախարարը:
«Անհրաժեշտ է, որպեսզի երկու երկրներն էլ արձագանքեն կատարվածին վարչական օրենսդրության շրջանակներում: Այն, ինչ կատարվեց, խոսքի ազատ արտահայտվելու հետ ոչ մի կապ չունի: Այդ պատճառով էլ չի´ կարելի անտեսել պատահածը: Բայց շուտափույթ եզրակացություններ էլ չի կարելի անել: Պետք չէ լուն փիղ սարքել: Տեղի ունեցածը չի կարող ազդել Վրաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վրա», -հայտարարել է Խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Զաքարիա Կուծնաշվիլին:
Կատարվածի առթիվ նման եզրակացություններով և հայտարարություններով են հանդես եկել նաև Վրաստանի Երիտասարդության և Սպորտի, Կրթության և Գիտության, Ֆինանսների նախարարները, ինչպես նաև Խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության պատգամավորներ:
«Վրաստանում, իհա´րկե, գոյություն ունեն հակառուսական տրամադրություններ: Նման տրամադրություններ ստեղծելու համար նախկին իշխանությունները շատ աշխատանք են տարել: Ռուս-վրացական հարաբերություններում երկու կողմերն էլ շատ սխալներ են թույլ տվել: Այսօր մեր հարաբերությունները դարձել են ավելի քաղաքակիրթ: Բայց Վրաստանի ղեկավարությունն, այնուամենայնիվ, տղամարդկություն չունի Ռուսաստանի հետ անմիջական բանակցություններ սկսելու համար: Ճիշտ չէ, որ պետության առաջնայնությունն է ՆԱՏՕ-ին անդամակցությունը և ոչ թե երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը», -հուլիսի 10-ին հայատարարել է Նինո Բուրջանաձեն:
Հուլիսի 10-ին Վրաստանի Կրթության նախարարը մեկնաբանել է տեղեկությունը, որի համաձայն Պանկիսիի կիրճի միջնակարգ դպրոցներում սովորող Վրաստանի քաղաքացիները, ուղարկվում են Սիրիայում պատերազմելու միանգամից «դպրոցական սեղաններից»: «Մեզ հայտնի է ընդամենը մեկ փաստ, երբ Պանկիսիի կիրճի դպրոցներից մեկի աշակերտը փախել է դպրոցից և ուղիղ ուղևորվել դեպի Սիրիա պատերազմական գործողություններին մասնակցելու համար: Նախարարությունն այլ նման փաստեր չունի: Բնականաբար, գործընթացները շարունակվում են, և ՆԳՆ համապատասխան աշխատանք է տանում: Ես անձամբ գտնվել եմ Պանկիսիի կիրճում և կարող եմ հայտարարել, որ Կրթության նախարարությունն անում է հնարավորինս, որպեսզի դադարեցնի այնտեղ ընթացող գործընթացները», -հայտարարել է Վրաստանի Կրթության նախարարը:
Հուլիսի 10-ին Վրաստանի Պաշտպանության նախարարը պաշտոնական այցով ուղևորվել է դեպի Ֆրանսիա: «Վրաստանի Պաշտպանության նախարարի` Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ծրագրվում է երկու երկրների միջև ռազմական համագործակցության մասին հերթական պայմանագրի ստորագրումը: Պայմանագիրը վերաբերում է ֆրանսիական պաշտպանական զինամթերքի փոխադրմանը Վրաստան», -ասված է Վրաստանի Պաշտպանության նախարարության  հայտարարությունում:
Հուլիսի 10-ին մեկնարկել է Վրաստանի Մշակույթի նախարարի աշխատանքային այցը Հայաստանի Հանրապետություն: «Այցելության շրջանակներում Մշակույթի նախարարը հանդիպում կանցկացնի իր հայ գործընկերոջ հետ: Կքննարկվեն մշակույթի բնագավառում փոխադարձ համագործակցության հարցեր: Վրաստանի Մշակույթի նախարարը նաև կմասնակցի «մշակութային քաղաքականություն` քաղաքականություն մշակույթի համար» 3-րդ միջազգային վեհաժողովի աշխատանքներին: Վեհաժողոի շրջանակներում Վրաստանի Մշակույթի նախարարը խոսքով հանդես կգա վեհաժողովի մասնակիցների առջև, ինչպես նաև կմասնակցի Հայասատնի նախագահի հետ վեհաժողովի մասնակիցների հանդիպմանը: Երևանում անցկացվող միջազգային վեհաժողովի կազմակերպիչն է ՅՈՒՆԵՍԿՈն», -ասված է Վրաստանի Մշակույթի նախարարության հայտարարությունում:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play