Հոկտեմբերի 1-ին «Ոչ հանրաքվեին» կարգախոսով հանրահավաք կիրականացնի Անի Զախարյանը (տեսանյութ)


Հոկտեմբերի 1-ին «Ոչ հանրաքվեին» կարգախոսով հանրահավաք կիրականացնի Անի Զախարյանը (տեսանյութ)

  • 15-09-2015 14:17:51   | Հայաստան  |  Հասարակություն



Հոկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում «Ոչ հանրաքվեին» կարգախոսով հանրահավաք է իրականացնելու «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը` այդ կերպ արձագանքելով սահմանադրական բարեփոխումներին: 
 
Վերջինս  սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ հայ ժողովուրդը սեփական մաշկի վրա բազմիցս զգացել է, թե ինչպես Սահմանադրությամբ ամրագրված օրենքները չեն գործում, հետևաբար չկա երաշխիք, որ նոր Սահմանադրությունը կգործի: 
Ըստ Ա. Զախարյանի` առաջարկվող սահմանադրական փոփոխությունները լի են լուրջ վտանգներով կապված ներքաղաքական կյանքի հետ:
«Ներկայիս իշխանություններն ամբողջությամբ սպառել են իրենց ունեցած վստահությունը քաղաքական ու քաղաքացիական հասարակության շրջանում, և այս ֆոնին ուզում են, որ առաջարկվող սահմանադրական փոփոխությունները հասարակությունն ընկալի որպես նոր գործընթաց սահմանադրական իրավունքի զարգացման հետ կապված»,- ասաց Ա. Զախարյանը:  
Նրա տեղեկացմամբ` ամռանը Սահմանադրական դատարանում տեղի ունեցած քննարկումներին սեփական առաջարկություններով մասնակցել է նաև «Նոր քաղաքական մշակույթ» կուսակացությունը, սակայն իրենց և մյուս քաղաքական ուժերի առաջարկները մերժվել են. «Սա նշանակում է, որ իշխանությունների հայտարարությունը, թե իրենք պատրաստակամ են իրականացնել բաց քննարկումներ սահմանադրական բարեփոխումների հետ կապված, սուտ է»:
Ա. Զախարյանի կարծիքով` նոր Սահմանադրության մեջ կան մարդու իրավունքներին վերաբերող որոշակի դրույթներ, որոնք լուրջ իրավական հետազոտություն են անցել և իրավական ամրագրում ստացել, սակայն ըստ նրա` քիչ չեն նաև այն դրույթները, որոնք շատ կարևոր են, բայց ստացել են հակաիրավական լուծումներ:
Նա, մասնավորապես, անդրադարձավ խիստ անհրաժեշտության դեպքում մարդուն կյանքից զրկելու դրույթին և նշեց, որ չկա հիմնավորում, թե որն է այդ «խիստ անհրաժեշտությունը», կամ ով է սահմանում այն: 
Ա. Զախարյանի պնդմամբ` այս դրույթը բավական է հասկանալու համար, թե նոր սահմանադրական փոփոխություններով ինչ նպատակ է հետապնդում գործող իշխանությունը. «Սրանով գործող ռեժիմը ցանակնում է ասել, որ ցանկացած հասարակական ընդվզում կլռեցվի մարդասպանությամբ, որն արդարացված կլինի նոր Սահմանադրությամբ»,- նշեց նա և հավելեց, որ անհասկանալի է Վենետիկի հանձնաժողովի լռությունն այս դրույթի հետ կապված:
Ըստ «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավարի`  նոր Սահմանադրությամբ առաջարկվող նախագահի ինստիտուտի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, մարդու ազատ գործելու և ազատ կամաարտահայտման իրավունքի և մի շարք այլ դրույթների դեպքում առկա են  լուրջ իրավական բացթողումներ, հետևաբար այդ տեսքով  Սահմանադրությունն ընդհանրապես չպետք է դրվի հանրաքվեի:
«Հանրահավաքի հետ կապված իմ գործողությունների հիմնական նպատակն այն է, որպեսզի պայքար մղվի ոչ թե հանրաքվեին մասնակցելու և «ոչ» ասելու հետ կապված, այլ ընդհանրապես պայքարել կասեցնելու հանրաքվեի ամբողջ գործընթացը»,- ասաց Ա. Զախարյանը:
Նրա տեղեկացմամբ` առաջիկա հանրահավաքին փորձելու է ներգրավել մտավորականներին, արվեստագետներին, քանի որ տարօրինակ կերպով նրանք դեռևս շարունակում են լռել:
Ա. Զախարյանն առայժմ չբարձրաձայնեց մարտավարության մասին, սակայն ընդգծեց, որ ամեն տեսակ սցենար հնարավոր է: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
  
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play