Կայացել է Վրաստանի Հայ Համայնքի «Ջավախք-2015» աշնանային ճամբարը
22-10-2015 14:38:40 | Վրաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության աջակցությամբ անցյալ հանգստյան օրերին կայացել է Վրաստանի Հայ Համայնքի «Ջավախք-2015» աշնանային ճամբարը: «Վրաստանի Հայ Համայնք»-ի Պատանեկան և Երիտասարդական ենթակառույցների 30 ներկայացուցիչներ այցելեցին Ջավախքի շրջան, ծանոթացան նրա պատմական և բնական տեսարժան վայրերի հետ, իսկ ամենակարևորը շփվեցին և ընկերացան տեղի երիտասարդության հետ:
«Ջավախք-2015» ճամբարի առաջին իսկ օրից նրա մասնակիցների քանակը կրկնապատկվեց: Թբիլիսահայերի խմբին միացան Ախալքալաքի և Նինոծմինդայի Երիտասարդական Կենտրոններին կից Պատանեկան և Երիտասարդական Միությունների ներկայացուցիչները, ինչպես նաև «Զորի Զորյան» Երիտասարդական Միության ներկայացուցիչները: «Ջավախք-2015» ճամբարի նախատեսած բոլոր ծրագրերը Թբիլիսիի, Ախաքալաքի և Նինոծմինդայի երիտասարդներն անցկացրին միասին:
«Ջավախք-2015» ճամբարի շրջանակներում մասնակիցներն այցելեցին Նինոծմինդայի և Ախալքալաքի Երիտասարդական Կենտրոնները, Փարվանա լիճը, Ախալքալաքի և Նինոծմինդայի տեսարժան վայրերը, ինչպես նաև մեկօրյա արշավ իրականացրին դեպի պատմական Թմկաբերդ ամրոց:
«Ճամբարի ծրագիրը շատ հագեցած էր: «Վրաստանի Հայ Համայնք»-ի դպրոցականները և երիտասարդներն անմոռանալի օրեր անցկացրին Ջավախքում: Ճամբարի առաջին օրը մենք այցելեցինք Վրաստանի ամենամեծ Փարվանա լիճը, ճանաչողական հանդիպումներ և քննարկումներ անցկացրինք Նինոծմինդայի և Ախալքալաքի Երիտասարդական Կենտրոններում: Առաջին օրվա երեկոն նվիրված էր մշակութային ծրագրին: Նինոծմինդայի Երիտասարդական Կենտրոնի բակում խարույկ վառեցինք: Թբիլիսիի և Ջավախքի երիտասարդները պարում էին միասին, երգում, շփվում… Ճամբարի երկրորդ օրը նվիրված էր արշավին դեպի Թմկաբերդ:
Վաղ առավոտյան Ախալքալաքի փողոցներում անցկացվեց մարզանք և վազք, ինչից հետո մենք շարժվեցինք դեպի Թմկաբերդ: Թմկաբերդի արշավի ուղին բավականին դժվար էր, և դա լավ է: Դժվարության համատեղ հաղթահարումը և ձգտումը դեպի նպատակ ավելի նպաստեց Թբիլիսիի և Ջավախքի երիտասարդության միջև ընկերության ամրապնդմանը: Թմկաբերդում կազմակերպվեցին բազմազան խաղեր, քննարկումներ… Երեկոյան մենք վերադարձանք Ախալքալաք, հրաժեշտ տվեցինք հյուրընկալ ջավախեցիներին և ճամփա ընկանք դեպի տուն:
Վստահաբար կարելի է ասել, որ «Ջավախք-2015» ճամբարը բարեհաջող անցավ: Մենք հասանք դրված նպատակներին, որոնք էին` մեր երիտասարդներին ցույց տալ Ջավախքը, և ամենակարևորը` մեր և ջավախքահայ երիտասարդների միջև ընկերական կապերի հաստատմանն աջակցելը», -«Միության» հետ զրույցում ասաց «Վրաստանի Հայ Համայնք»-ի երիտասարդական ենթակառույցների գործունեության պատասխանատու Արթուր Միրզոյանը:
«Մենք մեծ նշանակություն ենք հատկացնում Թբիլիսիի և Ջավախքի երիտսարդության միջև ընկերական հարաբերությունների հաստատմանը: Մենք ապրում ենք նույն երկրում, և դա նշանակում է, որ մենք կանգնած ենք նույն մարտահրավերների առջև, որոնք պետք է լուծենք միասին: Շատ կարևոր է, որ Վրաստանի հայությունը լինի միաբանված: Միայն այդ կերպ մենք կարող ենք լուծել բոլոր գոյություն ունեցող դժվարությունները և ծանրակշիռ ներդրում ունենալ Վրաստանի զարգացման գործում», -հայտնել է «Վրաստանի Հայ Համայնք»-ի նախագահ Սամվել Մկրտչյանը: