Բաքվի դեմարշը ԵԱՀԿ Մինսկի խմբին


Բաքվի դեմարշը ԵԱՀԿ Մինսկի խմբին

  • 28-10-2015 12:04:02   | Հայաստան  |  Քաղաքական

Երեկ Ղարաբաղա-Ադրբեջանական շփման գծում տեղի ունեցավ հրադադարի հերթական ցուցադրական խախտումը: Մասնավորապես, համաձայն տարածված հաղորդագրությունների, Ադրբեջանական կողմը ավտոմատային կրակ է բացել այն ժամանակ և այնտեղ, որտեղ այդ պահին գտնվում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
 
Ուշագրավ է, որ ԵԱՀԿ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ում կատարել է գրառում, ուր նշել է, որ իրենք ստիպված են եղել պատսպարվել: Ու թեև դեսպան Ուորլիքը չի նշել, թե ո՞վ է եղել կրակողը, սակայն անգամ Ադրբեջանական կողմը չի հերքել իր ստորոբաժանումների կողմից կրակի բացումը՝ միայն նշելով, որ դա պատասխան կրակ էր:
 
Հաշվի առնելով այն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միշտ հակամարտող կողմերին հայտնում է դիտարկման վայրի ու ժամի մասին, ապա կարելի է վստահաբար պնդել, որ հրադադարի խախտումը եղել է կանխամտածված և պարունակել է ԵԱՀԿ-ին ուղղված հստակ ուղերձ:
 
Ավելին, Ադրբեջանը վերջին շրջանում միշտ է ԵԱՀԿ-ի սահմաններում հանդիպումներից առաջ լայնամասշտաբ կերպով խախտում հրադադարի ռեժիմը, ուստի պետք է արձանագրենք, որ այդ կերպ Բաքուն փորձում է ցույց տալ բոլորին, որ ԵԱՀԿ-ն չի կարող «խնդիր լուծել» և պետք է բանակցային ձևաչափի փոփոխություն:
 
Ներքին խնդիրներ
 
Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման դեպքերի աննախադեպ աճի հետևանքով արևմուտքի հետ Բաքվի հարաբերություններն օրեցօր ավելի և ավելի են լարվում: Այս լարվածությունը իր գագաթնակետին հասավ սեպտեմբերի 10-ին, երբ Եվրոպական խորհդարանը ընդունեց բանաձև (2015/2840 (RSP))՝ դատապարտելով Ադրբեջանի քաղաքականությունը քաղաքացիական հասարակության հանդեպ, ինչպես նաև Ալիևի որոշումը փակել ԵԱՀԿ գրասենյակը Բաքվում: Արևմուտքի կողմից սուր քննադատության արժանացած այս գործընթացներից ուշադրություն շեղելու հին և փորձված մեթոդը Ալիևի վարչակարգի համար Ղարաբաղյան հակամարտության սրումն է:
 
Մեծ քաղաքականություն
 
Այդուհանդերձ լարվածության աճի հիմնական պատճառները ավելի շուտ միջազգային գործոններն են, որոնք մի քանիսն են: Նախ և առաջ Սիրիայի և Ուկրաինայի կոնֆլիկտի ֆոնին փոխվել են միջազգային քաղաքական շահերն ու գործընթացները: Մասնավորապես Ռուսաստանի արտաքին քաղաքական շահերն այսօր մղում են նրան ավելի ակտիվ դեր կատարել միջազգային ասպարեզում: Ձգտելով վերահաստատել ԽՍՀՄ տարածաշրջանային կարևորությունն ու ստիպել արևմուտքին հաշվի նստել ՌԴ-ի շահերի
 
հետ՝ Մոսկվան արդեն երկու տարի է փորձում է փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունների ֆորմատը: Այս մասին կասկածները հին արմատներ ունեն, սակայն 2014 ամռանը, երբ Ուկրաինայի ու Ղրիմի իրադարձություններից հետո հայ-ադրբեջանական սահմանին ընդհարումներն ակտիվացան Մոսկվան կանչեց Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին Սոչի՝ եռակողմանի հանդիպման: Սա միանշանակ վկայում է Ռուսաստանի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից Արևմուտքին դուրս մղելու ցանկության մասին:
 
Աննա Փամբուխչյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում»
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play