Գուսանական երգի տոն «Հայարտուն» կենտրոնում


Գուսանական երգի տոն «Հայարտուն» կենտրոնում

  • 10-11-2015 14:21:03   | Վրաստան  |  Մշակույթ

 
2015 թվականի նոյեմբերի 7-ին գուսանական երգն ու երաժշտությունն էր թևածում Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում: Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի դերասան, «Հայարտուն» կենտրոնի մենակատար Հենրիխ Պետրոսյանի գեղեցիկ մտահղացմամբ և կենտրոնի աջակցությամբ, թբիլիսահայությանը նվիրվեց բարեգործական ուրախ ու հրաշալի մի երեկո, որի ընթացքում հնչեցին անմահ գուսանների մեղեղիները:
 
Գուսանական երգին նվիրված մենահամերգը նաև շնորհաշատ մենակատարի խոնարհումն էր ժողովրդական, ի մասնավորի գուսանական երգի վարպետների հիշատակին, սիրո արտահայությունը ազգային մեղեդիի, սրտաբուխ խոսքի և ժողովրդական երգարվեստի նկատմամբ:
 
Գուսան Շերամ, Գուսան Շահեն, Գուսան Աշոտ - պոետ , երգահան և կատարող, ժողովրդական երգի ռահվիրաներ, ովքեր իրենց արվեստի կատարելության համար ժողովրդի կողմից արժանացել են մեծ սիրո և համբավի՝ ստանալով գուսանի կարգավիճակ: Ահա այս անմահների երգերն էին ներառված Հենրիխ Պետրոսյանի մենահամերգի երգացանկում, որին իրենց կատարումներով միացան նրա գործընկերները՝ Աննա Պողոսովա-Բադալյանը, Նինա Կարապետյանը, «Հայարտուն» կենտրոնի դհոլի և դուդուկի խմբակների աշակերտները՝ ուսուցիչներ՝ Ռոբերտ Կաշավանիձե և Իվանե Մկրտչյանի գլխավորությամբ:
 
Համերգը վարում էր Լիզա Թորոսյանը: Այն բաժանված էր երեք մասի և յուրաքանչյուր գուսանի ստեղծագործությունների կատարմանը նախորդում էր նրա կյանքին ու գործունեությանը նվիրված տեսագրության ցուցադրություն՝ հանդիսատեսին կրկին անգամ ներկայացնելով ազգի զավակների տաղանդը, նվիրումը և վարպետությունը: Հենրիխ Պետրոսյանի և մյուս մենակատարների կատարումներն ուղեկցվեցին «Ջեյրան» պարային համույթի (պարուսույց Սվետլանա Երիցյան), «Անի» պարային համույթի (պարուսույց Անգելինա Նազարյան-Քոչյան), մենակատարներ Ալլա Տոնոյանի ու Լիանա Մարգարյանի մեղմանուշ պարերի ուղեկցությամբ:
 
Համերգը դարձավ գուսանական երգը պահպանելու, տարածելու և սերունդների սեփականությունը դարձնելու հորդոր:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ