Վարուժան Սուքիասյանը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում
10-12-2015 17:19:14 | Հայաստան | Սպորտ
Քիչ առաջ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի նիստը, որի օրակարգում էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը:
ՀՖՖ նախագահը Գործադիր կոմիտեին ներկայացրեց Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի թեկնածությունը: Վարուժան Սուքիասյանը հանդես եկավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր ծրագրային մոտեցումներով, ինչպես նաև հանգամանորեն պատասխանեց Գործադիր կոմիտեի անդամների հարցերին: Գործադիր կոմիտեի միաձայն որոշմամբ Վարուժան Սուքիասյանը նշանակվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:
Վարուժան Սուքիասյան ֆուտբոլիստի և մարզչի անցած ճանապարհը
Վարուժան Սուքիասյանը ծնվել է 1956 թ. Օգոստոսին, Երևանում:
Որպես ֆուտբոլիստ՝ 1978-1987 թվականներին հանդես է եկել Աբովյանի «Կոտայքում»:
Մարզչական կարիերան սկսել է 1988 թվականին՝ մարզելով Աբովյանի «Կոտայքը»:
Այնուհետև մարզել է հետևյալ ակումբները.
1988 թ. «Կոտայք»
1989-1990 թթ. «Լոռի»
1992-1994 թթ. «Բանանց»
1995 թ. «Վան»
1996-1997 թթ. «Կոտայք» (մարզիչ-խորհրդական)
1998-1999 թթ. «Ցեմենտ»
2000 թթ. «Արաքս»
2001 թթ. «Սպարտակ»
2003-2005 թթ. «ՀՄՄ» (Լիբանան)
2006-2007 թթ., 2008 թ., 2015 թ. «Արարատ»
2009-2010 թթ. «Իմպուլս» (փոխնախագահ, սելեկցիոներ, այնուհետև՝ գլխավոր մարզիչ):
1998-1999 թթ., 2007-2008 թթ. գլխավորել է Հայաստանի երիտասարդական հավաքականը:
2000-2001 թթ. գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը: Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է 17 հանդիպում, տարել 3 հաղթանակ, 7 հանդիպում ավարտել ոչ-ոքի և պարտվել 7 խաղում:
Մարզչական նվաճումները
Հայաստանի կրկնակի չեմպիոն (1998, 2000 թթ.)
Հայաստանի կրկնակի արծաթե մեդալակիր (1992, 2008 թթ.)
Հայաստանի կրկնակի բրոնզե մեդալակիր (1993, 1999 թթ.)
Հայաստանի քառակի գավաթակիր (1992, 1998, 1999, 2008 թթ.)