Դեկտեմբերի 14-ին հայտնի է դարձել, որ չնայած սպասումներին և խոստումներին` դեկտեմբերի 15-ին Եվրամիությունը չի հրապարակի Վրաստանին վերաբերող հաշվետվություն: Մի քանի ամիս առաջ ծրագրված Վրաստանի վերաբերյալ հաշվետվության շնորհանդեսի միջոցառման չեղյալ հայտարարման պատճառը դեռևս չի հայտարարվում: Նաև չկա տեղեկություն այն մասին, թե ինչքան ժամանակով է հետաձգվել հաշվետվության շնորհանդեսը, որի համաձայն պետք է հայտնի դառնա կհաստատվի՞ արդյոք առանց վիզա ռեժիմ Վրաստանի և Եվրոպական երկրների միջև:
«Վրաստանի Կառավարությունն ամեն ինչ արել է, որպեսզի իրականացնի Եվրամիության երաշխավորումները: Մենք կատարել ենք մեր երկրի վրա դրված բոլոր պարտականությունները: Այսօր մենք բոլորս Եվրամիությունից կրկին լսեցինք հայտարարություններ, որոնց համաձայն Վրաստանի վերաբերյալ հաշվետվությունը դրական կլինի: Այժմ մենք ակնկալում ենք հստակ ամսաթիվ, թե Եվրամիությունը երբ կհրապարակի հաշվետվությունը: Մեզ համար կարևոր է իմանալ, թե ե՞րբ կհրապարակվի հաշվետվությունը, որի համաձայն մենք 100% կստանանք վիզային ռեժիմի չեղյալ հայտարարումը», -դեկտեմբերի 14-ին հայտարարել է Վրաստանի Արդարադատության նախարարը:
Դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Մարաբդա-Ախալքալաքի ճանապարհահատվածում երկաթուղու փորձնական անցումը: Տվյալ միջոցառումը կազմակերպվել է «Վրացական երկաթգծեր» և «Ադրբեջանական երկաթգծեր» ընկերությունների կողմից: Վրաստանի Տնտեսության նախարարի հայտարարության համաձայն` «Մարաբդա-Ախալքալաքի երկաթուղային ճանապարհահատվածով գնացքի անցումը կարևոր քայլ է հանդիսանում Բաքու-Կարս նախագծի շրջանակներում»:
«Դեկտեմբերի 14-ին երկրի Խորհրդարանը կսկսի աշխատանքն այն հարցի շուրջ, թե որ բնակավայրերը կստանան բարձրալեռ բնակելի վայրերի կարգավիճակ: Ըստ մեր հաշվարկների` տվյալ կարգավիճակը կստանան 1 600 բնակելի վայրեր: 1 600 գյուղերի բնակիչներ կարող են օգտվել առավելություններից` կազատվեն հարկերից, կստանան բարձրացված թոշակներ և աշխատավարձեր: Մենք պետք է որոշակիացնենք, թե ինչ չափորոշիչների պետք է համապատասխանեն բնակավայրերը, որպեսզի ստանան տվյալ կարգավիճակը: Անհրաժեշտ աշխատանքն անցկացնելու համար երկրի խորհրդարանին պետք կլինի մի քանի ամիս: Գլխավորը, որպեսզի աշխատանքներն իրականացնելիս մենք կարողանանք հետևել իրավահավասարության և արդարության սկզբունքներին: Մենք պետք է օգնություն տրամադրենք մեր երկրի բակչության այն մասին, որն իսկապես օգնության կարիք ունի», -դեկտեմբերի 14-ին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Գիա Ժորժոլիանին: «Բարձրալեռ շրջանների մասին» օրենքի համաձայն` տվյալ շրջանների բնակչությունն ամբողջության կազատվի հարկերից, ինչպես նաև կստանա 216 լարի ծավալով թոշակ: Բարձրալեռ շրջաններում աշխատող բժիշկները կստանան 1010 լարիի չափով աշխատավարձ:
Վիճակագրական տվյալների համաձայն` «տվյալ պահի դրությամբ Վրաստանն արդեն արտահանել է ավելի քան 13 995 տոննա ցիտրուսային ապրանք: Մանդարինի վաճառքից ստացված եկամուտը կազմել է 574 330 լարի (որից պետական սուբսիդավորումը կազմում է 286 880 լարի): Վրացական մանդարինի արտահանումն իրականացվում է դեպի Ռուսաստան` 11 305 տոննա (մանդարինի արտահանման ընդհանուր ծավալի 80,78%-ը ), Ուկրաինա` 1 586 տոննա (11,33%), Հայաստան` 489 տոննա (3,49%), Ղազախստան` 256 տոննա (1,83%), Ադրբեջան` 163 տոննա (1,16%), Բելառուսիա` 161 տոննա (1,15%) և այլ երկրներ` 34 տոննա (0,24%)»:
Ըստ վիճակագրական տվյալների` «2015թ. նոյեմբերին Վրաստանը արտասահման է արտահանել 187 000 000 դոլարի չափով ապրանք, ինչը 8%-ով քիչ է 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Նոյեմբերին կրճատվել է նաև ներկրման ծավալը: Վրաստանը ներկրել է նաև 579 000 000 դոլարի ծավալով ապրանք, ինչը 20%-ով քիչ է, քան անցյալ տարի նոյեմբերին: 2015թ. սկզբին երկրի արտահանումը կրճատվել է 23%-ով (Վրաստանը արտահանել է 2 000 000 000 դոլարի չափով ապրանք), իսկ ներկրումը կրճատվել է 11%-ով (6 800 000 000 դոլար)», -ասված է պաշտոնական վիճակագրությունում: