Թբիլիսիում նշվել է Րաֆֆու 180 ամյակը


Թբիլիսիում նշվել է Րաֆֆու 180 ամյակը

  • 21-12-2015 14:45:02   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«…Ժողովուրդը, որը չի ձգտում ճանաչել իր պատմությունը, իր անցյալը, անդադար կսայթաքի և կմոլորվի ներկայի և ապագայի ուղիներում: Ժողովուրդը, որը չի ձգտում ճանաչել իրեն, ընդունակ չէ ճանաչելու իր ընկերներին և ոսոխներին, նա ընդմիշտ կթափառի խավարի և անտեղյակության մեջ` չիմանալով ո´չ ազատության գինը, ո´չ իր փրկության ճանապարհները»
 
 
Դեկտեմբերի 19-20-ին Թբիլիսիում կայացավ խոշորագույն հայ մտածող, վիպասան, ազգային-ազատագրական շարժման գաղափարախոս Րաֆֆու (Հակոբ Մելիք-Հակոբյանի) 180 ամյակին նվիրված միջոցառումների մի ամբողջ շարք:
 
Վրաստանի Հայ Համայնքում Րաֆֆու 180 ամյակի տոնումը սկսվեց «Խաչագողի հիշատակարանը» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությամբ, որը նկարահանված է համանուն պատմագեղարվեստական վեպի մոտիվներով:
 
«Չնայած Րաֆֆու ստեղծագործության ողջ նշանակությանը` ցավոք, «Խաչագողի հիշատակարանը» միակ հայկական ֆիլմն է` նկարահանված ըստ Մեծն Րաֆֆու ստեղծագործության մոտիվների: Հանդիսատեսի մեծամասնությունը` ֆիլմը դիտելու համար այսօր Հայ Համայնքում հավաքված դպրոցականները և երիտասարդները, առաջին անգամ շփվեցին Րաֆֆու ստեղծագործության հետ: Կարևոր է, որպեսզի հնարավորինս շատ հայեր դաստիարակվեն Րաֆֆու ստեղծագործությամբ: Նրա ստեղծագործությունը ուսուցանում է մեզ ճշմարիտ սեր ինքդ քո հանդեպ, քո ժողովրդի հանդեպ: Սովորեցնում է սիրել Հայրենիքը:
 
Այն, ինչ գրել է Րաֆֆին ավելի քան 100 տարի առաջ, արդիական է նաև այսօր: Երբ կարդում ես նրա վեպերը, բավական է ընդամենը փոխել գլխավոր հերոսների անունները, փոխել գործողությունների վայրը, և հասկանում ես, որ Րաֆֆին իսկապես գրում է ոչ թե հեռավոր անցյալի մասին, այլ այսօրվա մասին… Եթե մենք ցանկանում ենք փոխել մեր վաղվա օրը, ապա անպայման պետք է հետևենք Մեծն Րաֆֆու խորհուրդներին», -«Միության» հետ զրույցում ասաց Վրաստանի Հայ Համայնքի Ուսանողական-Երիտասարդական Միության ղեկավար Արթուր Միրզոյանը:
 
Ազգային-Ազատագրական շարժման գաղափարախոսի 180 ամյակի տոնակատարության երկրորդ օրը սկսվեց Վիրահայոց Թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում հոգեհանգստի անցկացման արարողությամբ: Կիրակնօրյա ժամերգությունից հետո քահանաները Հակոբ Մելիք-Հակոբյանի (Րաֆֆի) հոգեհանգստի ծիսակարգ անցկացրին: Մինչ եկեղեցական ծիսկարգի սկսվելը, Վարդապետ Խորեն Օհանեսյանը եկեղեցում հավաքված ծխականներին հիշեցրեց հայ ժողովրդի համար Րաֆֆու ստեղծագործության անգնահատելի դերի, Մեծն գրողի անցած կյանքի ուղու մասին:
 
Հոգեհանգստի արարողությունից հետո թբիլիսահայերի մի փոքրաթիվ խումբ` գործող երկու հայկական կազմակերպությունների` Վրաստանի Հայ Համայնքի և «Հայարտուն» կերնտրոնի ներկայացուցիչները Վարդապետ Խորեն Օհանեսյանի ուղեկցությամբ քայլերթ կազմակերպեցին դեպի Խոջավանք, որտեղ թաղված է Մեծն Րաֆֆին:
 
Րաֆֆու` Ազգային-ազատագրական շարժման գաղափարախոսի շիրիմին անցկացվեց կարճ միջոցառում: Հավաքված վիրահայ ներկայացուցիները ծաղիկներ դրեցին Հակոբ Մելիք-Հակոբյանի գերեզմանին, Վարդապետ Խորեն Օհանեսյանը անցկացրեց հոգեհանգստի արարողություն, ինչից հետո Վրաստանի Հայ Համայնքի Ուսանողական Միության ներկայացուցիչները հանդես եկան համառոտ ելույթներով` պատմելով Րաֆֆու ստեղծագործության նշանակության և հայկական «Խոջավանք» պանթեոնի պատմության մասին:
 
«Գլխավոր խորհուրդը, որը տալիս է մեզ Րաֆֆին, դա միասնության կոչն է: Միասնություն՝ հանուն մեր ժողովրդի և Հայրենիքն հավաքական շահի: Ուրախալի է, որ այսօր մենք Մեծն գրողի գերագույն խորհրդին հետևող թբիլիսահայ հետևորդն ենք հանդիսանում: Րաֆֆու գերեզմանին հավաքվել են Վրաստանի Հայ Համայնքի ներկայացուցիչներ, Վիրահայոց թեմի և «Հայարտուն» կենտրոնի ներկայացուցիչներ: Մենք բոլորս միասին ենք: Մենք գնահատում ենք Րաֆֆուն, հիշում և հետևում ենք նրա խորհրդին: Կարծում եմ, որ դա ամենակարևորն», -«Միության» հետ զրույցում ասաց Րաֆֆու հոբելյանին նվիրված միջոցառումների անցկացման նախաձեռնողներից մեկը, Վրաստանի Հայ Համայնքի Ուսանողական Միության անդամ Քրիստինե Աբրամյանը:
 
Րաֆֆու ծննդյան 180 ամյակը եզրափակվեց Վրաստանի Հայ Համայնքի կենտրոնական գրասենյակում, որտեղ անցկացվեց դասախոսություն-քննարկում` «Րաֆֆի. Ժառանգությունը և արդիականությունը» թեմայով:
 
Դասախոսության հեղինակները` հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լարիսա Խաչատրյանը և «Միություն» թերթի աշխատակցուհի Մարո Ասատրյանը հավաքվածներին պատմեցին Փայաջուկ (Սալմաստ, Իրան) գյուղում ծնված և Թբիլիսիում (Վրաստան) թաղված խոշորագույն վիպասանի կյանքի կարևորագույն փուլերի մասին: Լարիսա Խաչատրյանը և Մարո Ասատրյանը Րաֆֆու երկու վեպերի` «Ջալալեդդինի» և «Խենթի» վերլուծության հիման վրա հավաքվածներին պատմեցին Մեծն մտածողի ստեղծագործության հիմնական ուղղությունների մասին:
 
«Րաֆֆու ստեղծագործության մասին կարելի է խոսել ժամերով… Րաֆֆու մատնանշած ուղուն անհրաժեշտ է հետևել ողջ կյանքի ընթացքում: 180 տարի առաջ Պարսկաստանի կազմում գտնվող հայկական գյուղում ծնված նորածնին տրված էր փոխելու մեր ժողովրդի պատմության ընթացքը: Հատկապես Րաֆֆու ստեղծագործությունը ներշնչեց մի ամբողջ սերնդի` սկսելու ազգային-ազատագրական պայքարը: Դեռևս XIX դարում, երբ Հայաստանը բռնագրավված էր Թուրքիայի և Ռուսական կայսրույթան կողմից, երբ չկար անկախություն ձեռք բերելու չնչին հույս, Րաֆֆին գովերգում էր Ազատությունը: Գովերգում էր Անկախությունը: Նրա ստեղծագործության պտուղն էր ֆիդայիների սերունդը, մեր ժողովրդի համար Անկախություն և Ազատություն գրաված հեղափոխականների սերունդը», -իր ելույթի ընթացքում ասաց Լարիսա Խաչատրյանը` Րաֆֆու 180 ամյակի հոբելյանին նվիրված միջոցառումներ անցկացնելու հիմնական նախաձեռնողներից մեկը:
 
«Րաֆֆու վեպերում յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն: Րաֆֆին գրել է մեր մասին, հայերիս մասին: Գրել է ազնիվ, անկեղծ և շատ սուր: Կարծում եմ, որ այդ իսկ պատճառով շատերը վախենում են նրա ստեղծագործությունից… Մինչդեռ, եթե ուշադրություն դարձնենք, ապա ակնհայտ է, որ Րաֆֆին իր բոլոր հերոսներին ուղղվելու հնարավորություն է տալիս: Իր հերոսների մեծամասնությունը հանգում են թույլ տրված սխալների գիտակցմանը: Եզրակացություններ են անում և իրենց էներգիան ուղղում դեպի բարի գործը:
 
Րաֆֆու արժեքը և նշանակությունը ոչ միայն նրանում է, որ նա հստակորեն և պատկերավոր մատնանշում է, թե ինչպես չի կարելի վարվել, այլև նրանում է, որ նա մատնանշում է նաև ելքը: Րաֆֆին սովորեցնում է մեզ արդարություն: Սովորեցնում է մեզ սիրել ազգին, Հայրենիքին, մերձավորին:
Րաֆֆին գրել է, որ զենքի դիմաց պետք է զենքով պայքարել և ոչ թե այլ առարկաներով: Գլխավոր զենքն է գիտելիքը: Քո պատմության իմացությունը, այն բանի գիտակցումը, թե իրականում ո՞վ ես դու և որտեղի՞ց ես գալիս…
 
Ծայրահեղ կարևոր է, որպեսզի յուրաքնաչյուր ընտանիքում կարդան Րաֆֆի: Կարևոր է, որպեսզի երիտասարդ սերունդները սովորեն, մեծանան Րաֆֆու ստեղծագործության հիման վրա: Րաֆֆու գրքերը շատ հեշտ են կարդացվում: Նրանք գրավում են ընթերցողին: Կարդալով Րաֆֆի` հնարավոր չէ չմտածել ժողովրդի ճակատագրի ապագայի մասին: Իսկ եթե սկսում ես մտածել, ուրեմն ամեն ինչ չէ կորած…», -«Րաֆֆի. Ժառանգությունը և արդիականությունը» թեմայով քննարկման ընթացքում ասաց Վրաստանի Հայ Համայնքի նախագահ Սամվել Մկրտչյանը:
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play