Հայաստանը կարող է դառնալ երկրորդ Հոլանդիան. Ռուդոլֆ Հունանյան (տեսանյութ)
30-01-2016 16:31:04 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
«Հայաստանը կարող է դառնալ երկրորդ Հոլանդիան, եթե ճիշտ օգտագործվեն երկրի հնարավորություններն ու ներուժը»,- կարծում է տեխնիկական գիտությունների թեկնածու Ռուդոլֆ Հունանյանը:
Վերջինս նման տեսակետ հայտնեց Գիտությանը, նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը և հեռանկարային լուծումերին աջակցող «Նոյյան Տապան» Հիմնադրամի կազմակերպած «Գյուտարարների ակումբի» հերթական քննարկման ժամանակ` անդրադառնալով «Արևային տեխնոլոգիաներով վերամշակված գյուղմթերքի մուտքը ռուսական շուկա» խորագրով թեմային:
1998 թվականից մինչ օրս տարբեր միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներում արևային տեխնոլոգիաներով վերամշկաված հայաստանյան գյուղմթերքը ներկայացրած մասնագետի խոսքերով` դեռևս չի եղել մի այնպիսի եվրոպական կամ ամերիկյան ցուցահանդես, որի ընթացքում հայկական մթերքները չարժանան մասնագետների ուշադրությանն ու բարձր գնահատականին:
«Վիեննայում կազմակերպված ցուցահանդեսներից մեկի ժամանակ ցուցահանդեսի մասնակիցների համար կազմակերպվեց համտես, որից հետո մրգերի առևտրով զբաղվող խոշոր կազմակերպությունների ղեկավարները գրառումներ կատարեցին հատուկ տետրում և պարզվեց, որ նրանցից շատերը պատրաստ են մեկ հայկական ծիրանի համար վճարել երկու եվրո»,- ասաց Ռ. Հունանյանը` հավելելով, որ մինչ այդ հայկական ապրանքները վաճառել էր համամեատաբար ցածր:
Բանախոսի խեսքերով` այդ ցուցահանդեսից հետո սկսել է հայկական մթերքները վաճառել ավելի բարձր արժեքով:
Ռ. Հունանյանի համոզմամբ` հայ-իրանական երկկողմ հարաբերությունների ակտիվացումն արևային գործարանների և առհասարակ արևային տեխնոլոգիաներով մթերքների վերամշակման ոլորտում կարող է աննախադեպ շահավետ լինել Հայաստանի համար, քանի որ ըստ նրա` այդ դեպքում հնարավոր կլինի գրավել թե ռուսական, թե եվրոպական, թե ամերիկյան շուկան:
Բանախոսի տեղեկացմամբ` Հելիոֆիկացիայի ծրագրի ղեկավար Վահան Համազասպյանի արևային տեխնոլոգիաներով վերամշակված սուջուխի մեկ կիլոգրամը եվրոպական շուկայում վաճառվում է 60-90 եվրոյով:
Անդրադառնալով Հայաստանում գյուտարարների գործունեությանն ու խնդիրներին` Ռ. Հունանյանը ընդգծեց. «Հայաստանում գյուտարարը խնդրողի դերում է, մինչդեռ ամբողջ աշխարհում հակառակն է. քանի դեռ ստեղծողին չեն խնդրում այս ծրագրերը կյանքի չեն կոչվի»: