Ջորջիա նահանգում ապրիլը սահմանվել է որպես «Ցեղասպանությունների կանխարգելման և իրազեկման ամիս»


Ջորջիա նահանգում ապրիլը սահմանվել է որպես «Ցեղասպանությունների կանխարգելման և իրազեկման ամիս»

  • 10-03-2016 13:06:37   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
Վաշինգտոն  – Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար)  հաղորդմամբ [մարտի 2-ին] Ջորջիա նահանգի սենատն ընդունեց SR 991 բանաձևը, որով «2016 թ. ապրիլ ամիսը հռչակվում է որպես Ցեղասպանությունների կանխարգելման և իրազեկման ամիս» Ջորջիա նահանգում:
 
Բանաձևում նշվում է, որ «Ռաֆայել Լեմկինի կողմից «ցեղասպանություն» տերմինի առաջադրումը դրդեց նրան ուսումնասիրել 1915 թ. ապրիլին սկիզբ առած հայ ժողովրդի և այլ քրիստոնեական համայնքների բռնի ձուլումը, տեղահանությունը և գրեթե բնաջնջումը, որն առիթ հանդիսացավ 1939 թ. Ադոլֆ Հիտլերի կողմից արված «ո՞վ է ի վերջո, այսօր խոսում հայերի բնաջնջման մասին» հայտարարությանը»:
 
«Ինձ համար պատիվ էր հանդիպել և այսօր միանալ Ջորջիա նահանգի ​​սենատի անդամներին՝ հռչակելու ապրիլն որպես Ցեղասպանությունների հիշատակի ամիս», - հայտարարել է Ջորջիա նահանգում Ամերիկայի հայկական համագումարի նախագահ դոկտոր Վահան Քասաբյանը, ով գնացել էր Կոնգրես՝ ներկա գտնվելու բանաձևի ընդունմանը: «Բանաձևն երկկուսակցական աջակցություն ուներ, և մենք շարունակելու ենք մեր ջանքերն ուղղված ցեղասպանության ճանաչման ընդլայնմանը և մարդու իրավունքների վերաբերյալ կրթությանը մեր դպրոցական ծրագրերում», - ասել է Քասաբյանը:
 
Բանաձևը հղում է կատարում Եվրոպայում բնակվող հրեաների Հոլոքոստին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ինչպես նաև Կամբոջայի, Բոսնիայի, Իրաքի, Ռուանդայի, Սուդանի ցեղասպանություններին և Իսլամական պետության (ԻՍԻՍ / ԻԼԻՊ / ԴԱԻՇ) ներկայիս դաժանություններին Սիրիայում և Իրաքում՝ որպես վառ օրինակներ:
 
Օրինագիծը ճանաչում է «Ջորջիա նահանգի Ցեղասպանությունների կանխարգելման դաշինքի ներդրումը», որի անդամ է Ամերիկայի հայկական համագումարը, ինչպես նաև հրեական «Am Yisrael Chai» և «Eternal-Life Hemshech of Holocaust Survivors»  կազմակերպությունները, Ջորջիա նահանգի Հոլոքոստի հանձնաժողովը, Ատլանտայում միջհամայնքային հարաբերությունների հրեական խորհուրդը (JCRC), Քաղաքացիական և մարդու իրավունքների ազգային կենտրոնը, Ամերիկայի հրեական հանձնաժողովի (AJC) Ատլանտայի տարածաշրջանային գրասենյակը և Ատլանտայում AJC-ի «ACCESS» ծրագիրը:
  
Անցյալ տարի դոկտոր Քասաբյանը գլխավորել է Ատլանտայում Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումը, որը տեղի է ունեցել Ջորջիա նահանգի Ցեղասպանությունների կանխարգելման դաշինքի հետ համատեղ՝  Բրեման թանգարանում: Քասաբյանը հրավիրված էր ելույթ ունենալու Ատլանտայում  JCRC-ի կողմից  օգոստոսին կազմակերպած համայնքային ժողովին, երբ 1915 թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի  առաջարկ եղավ: Երկու ամիս անց JCRC-ի ազգային մարմինը՝ Հանրային հարցերով հրեական խորհուրդը (JCPA), աջակցություն ստանալով նաև Բոստոնի (Մասսաչուսեթս), Փալմ Բիչի (Կալիֆորնիա)  և Փրովիդենսի (Ռոդ Այլենդ) կենտրոններից, ընդունեց սույն բանաձևը՝ հաստատելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և կոչ արեց Կոնգրեսին և Սպիտակ տանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Առաջին անգամ է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշում է ընդունվել է JCPA-ի կողմից»,- նոյեմբերին հաղորդել է Համագումարը:
  
SR 991 բանաձևը հովանավորվել է նահանգային սենատորներ Ելենա Փերենթի (Դեմոկրատ, Ջորջիա-42), Դևիդ Շեֆերի (Հանրապետական, Ջորջիա-48), Ռենե Ունթերմանի (Հանրապետական, Ջորջիա-45), Ջոշուա Մքքունի (Հանրապետական, Ջորջիա-29), Նեն Օրրոքի (Դեմոկրատ, Ջորջիա-36) և Հերոլդ Ջոնս II-ի կողմից (Դեմոկրատ, Ջորջիա-22):
 
«Համագումարը բարձր է գնահատում Ջորջիա նահանգի սենատի, և մասնավորապես սենատորներ Փերենթի, Շեֆերի, Ունթերմանի, Մքքունի, Օրրոքի և Ջոնսի, ինչպես նաև մեր նահանգային նախագահ դոկտոր Վահան Քասաբյանի կատարած աշխատանքը», - հայտարարել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Ջորջիա նահանգում և ողջ ԱՄՆ-ում ընդդեմ ցեղասպանությունների պայքարող այս ակտիվիստները մեծ դեր են խաղում մարդու իրավունքների վերաբերյալ կրթության զարգացման գործում, և մենք լիահույս ենք առ այն օրը, երբ բոլոր 50 նահանգները կներառեն Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության ուսուցումը մեր դպրոցներում», - ասել է Արդունին:
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play