Պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման. Մեկնաբան


Պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման. Մեկնաբան

  • 22-03-2016 16:15:40   | Հայաստան  |  Վերլուծություն

Սերժ Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ներկա է գտնվել ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքների մեկնարկին:
 
«Ընթացիկ հավաքի կարևորությունը պայմանավորում եմ առաջին հերթին այն հանգամանքով, որ այն անցկացվում է Հայաստանի անվտանգության միջավայրի վրա ազդող արտաքին զարգացումների և մեր պետության ներքին կյանքում, կառավարման համակարգում տեղի ունեցող սահմանադրական փոփոխությունների փուլում, մի շարք կարևոր գործընթացների ավարտին և զարգացման նոր շրջափուլի մեկնարկին, ինչը մեզանից յուրաքանչյուրից նոր մոտեցումներ և նոր ջանքեր է պահանջում», ասել է Սերժ Սարգսյանը:
Նա անդրադարձել է նաև անցյալ տարի շփման գծում արձանագրված էսկալացիային: «Տարեվերջին ՀՀ Զինված ուժերը ստացան որակապես նոր սպառազինություն և հետագա մատակարարման երաշխիքներ: Էլ ավելի կարևոր է, որ մշակել եք ձեր օգտագործած եզրույթով՝ «զինված դիմակայությունը զսպելու» նոր հայեցակարգ», ասել է նա:
Այս հայեցակարգի մասին բարձրաձայնել էր պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը, ով Վիեննայում «Ռազմական դոկտրինալ մոտեցումներ» խորագրով ԵԱՀԿ սեմինարի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի զինուժը Ստատիկ պաշտպանության ռազմավարությունից անցնում է Սանձահարման/զսպման համակարգի:
Պաշտպանական հայեցակարգն անցյալ տարիների ընթացքում հանգեցրել է միայն Ադրբեջանի ագրեսիվության աճին: Դա բերել է նրան, որ ադրբեջանցիները փորձել են հաղթահարել վախերը հայկական զինված ուժերի կարողությունների հարցում: Դրան նպաստել է նաեւ Ռուսաստանի պահվածքն այս տարիներին, որը նախ Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանին փրկեց կապիտուլյացիայից, ապա վերազինեց նրա բանակը, ցուցաբերելով ռազմա-քաղաքական լուրջ աջակցություն:
Ներկայում իրավիճակը պատերազմի չի վերաճում մի շարք գործոնների արդյունքում: Նախ, Արեւմուտքը կիրառում է բավական գործուն լծակներ անվտանգության առավել լայն համատեսքտում, երկրորդ՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը բավական թուլացել են տնտեսապես ու քաղաքականապես ու հայտնվել փակուղում: Մյուս կողմից, սա էլ հենց կարող է նոր պատերազմի բռնկման պատճառ դառնալ, քանի որ համատեղ ծրագրերն իրականացնելու հարցում այլ միջոցներ ու ռեսուրսներ չկան:
Պատրա՞ստ է արդյոք Հայաստանը: Վերջին տարիներին հայկական կողմին հիմնականում արտաքին բարենպաստ կոնյունկտուրայի արդյունքում հաջողվեց ռազմա-քաղաքական մի շարք լուրջ հարվածներ հասցնել Ադրբեջանին, որը հայտնվեց իր իսկ քաղաքականության ծուղակում: Հայաստանին առայժմ հաջողվում է թույլ չտալ Բաքվին դուրս գալ այդ ծուղակից, ինչն այդ երկիրը դնում է խոցելի վիճակում թե «բանակցային գործընթացում», թե ռազմա-քաղաքական այլ իրողությունների համատեքստում:
Զսպման հայեցակարգը, որը հռչակել է ՀՀ ԶՈՒ-ն, պահանջում է նոր որակի ռազմա-քաղաքական իրողություններ, սկսած սպառազինությունից, վերջացրած համարժեք արտաքին նախաձեռնություններով: Բանակը վերջին տարիներին գրեթե միայնակ լուծեց այս խնդիրների մի մասը, սակայն նոր իրողությունների պայմաններում այդպես չի կարող շարունակվել: Բանակի թիկունքում պետք է լինի համարժեք տնտեսություն ու արտաքին քաղաքականություն, ինչը առայժմ գոյություն չունի:
Նոր Սահմանադրության ընդունման գործընթացում բանակը ոչ հրապարակային ռեժիմում բարձրացրել է ԶՈՒ կառավարման խնդիրները, այդ թվում Սերժ Սարգսյանի առջեւ: Սեյրան Օհանյանը հետագայում հայտարարեց, թե այդ բոլոր խնդիրները լուծված են: Սակայն, ենթադրվում էր, որ բանակը թերեւս պետք է պնդեր որոշակի «ինքնավարություն» ու կարգավիճակ, հաշվի առնելով Հայաստանի ռազմա-քաղաքական ներկայիս հակասական իրավիճակը:
Իրավիճակը «նոր փուլի մեկնարկին» իսկապես բարդ է, եւ այն ավելի է բարդանում դրան անհամարժեք տնտեսության ու արտաքին քաղաքականության պայմաններում: Դա հանգեցրել է վտանգավոր իրավիճակի, այն առումով, որ կարող են կասկածի տակ դրվել ՀՀ ԶՈՒ հնարավորություններն ավելի մասշտաբային ու ժամանակային գործողությունների պարագայում:
Առայժմ արտաքին գործոնները բարենպաստ են, սակայն պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման: Բանն այն է, որ ինչ որ պահի սանձահարման ու զսպման գործողությունները կարող են կրել մասշտաբային բնույթ, եթե Ադրբեջանը մերժի հետաքննության մեխանիզմների ներդրումը եւ շարունակի Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխության փորձերը: Այդ ժամանակ հայկական զինուժը ավարտին է հասցնելու Ղարաբաղյան պատերազմի արդյունքը եւ ամրագրելու կայուն խաղաղությունը: Դա կարծես թե դառնում է միջազգային պահանջ:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն