Մեկնարկել են 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերը


Մեկնարկել են 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերը

  • 30-03-2016 18:53:17   | Հայաստան  |  Սպորտ

Մարտի 30-ին շախմատի մրցաշարով մեկնարկել են 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերը։ Ուսանողական մարզական խաղերին 9 մարզաձևի 14 առաջնություններում ընդհանուր առմամբ կմասնակցի 20 բուհի մոտ 2500 ուսանող Հայաստանից և Արցախից։
 
Հանրապետական ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀ ԿԳՆ-ն և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան։ 
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն ընդգծեց, որ ուսանողական մարզական խաղերն ուսանողների շրջանում ամենամասշտաբային սպորտային միջոցառումներից են, և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, որը երիտասարդների մոտ առողջ ապրելակերպի, սպորտով զբաղվելու քարոզման ջատագովն է, չէր կարող չաջակցել այս ծրագրին։ «Նման միջոցառումներով մենք խրախուսում ենք ակտիվ կենսակերպը, թիմային աշխատանքը, և ամեն ինչ անում ենք՝ տարեցտարի ավելի ու ավելի շատ ուսանողների ներգրավելու մարզական խաղերում»,- ասել է Կարեն Ավագյանը։  
Հայաստանի ուսանողական մարզական խաղերի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացնում է, որ մարզական խաղերը, որպես կանոն, մեկնարկում են մարտին և անցկացվում են ամբողջ տարվա ընթացքում։ Նա նկատում է, որ մրցումներին կարող են մասնակցել բուհերում սովորող մինչև 30 տարեկան ուսանողները։ 
Անդրադառնալով շախմատային մրցաշարի արդյունքներին՝ նշենք, որ աղջիկների թիմային պայքարում 3-րդ տեղն է գրավել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, 2-րդ հորիզոնականում է Հայաստանի ամերիկյան համալսարանը, 1-ինում՝ ԵՊՀ-ն։
Աղջիկների անհատական պայքարում 3-րդ տեղը գրավել է Ջուլիետա Գրիգորյանը (ԵՊՀ), 2-րդ տեղը՝ Զառա Թունյանը (Հայաստանի ամերիկյան համալսարան) և 1-ին հորիզոնականը՝ Նարե Առաքելյանը (Ճարտարապետության և շինարարության համալսարան)։
Տղաների թիմային պայքարում՝ 3-րդ տեղում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը, 2-րդում՝ Տնտեսագիտական համալսարանը, 1-ինում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի թիմը։
Տղաների անհատական պայքարում՝ 3-րդ տեղը գրավել է Հայկ Վարդանյանը (Ագրարային համալսարան), 2-րդն Էդուարդ Մկրտչյանն է (Տնտեսագիտական համալսարան), իսկ 1-ին հորիզոնականում՝ միջազգային կարգի գրոսմայստեր Ռոբերտ Աղասարյանը (Հայկական բժշկական ինստիտուտ)։
Ընդհանուր առմամբ շախմատի մրցաշարին մասնակցում էին տղաների 13, աղջիկների 11 թիմեր։ 
 
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 
հասարակայնության հետ կապերի ծառայություն
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play