Հայաստանի օդային սահմանները հուսալիորեն պաշտպանված են


Հայաստանի օդային սահմանները հուսալիորեն պաշտպանված են

  • 05-04-2016 09:43:14   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանում 102-րդ ռուսական ռազմակայանի ավիացիոն բաղադրիչն առաջին անգամ ստեղծվել է 1994թ., երբ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ապահովման և Հայաստանում տեղակայված ռուսական զորքերին աջակցման անհրաժեշտություն առաջացավ։
 
Այս որոշումը ժամանակային առումով ընդունվեց այն բանից հետո, երբ Թուրքիան, ղարաբաղյան հակամարտության սուր փուլում՝ 1992թ., իսկ հետո նաև 1993թ., մտադրություն ուներ ներխուժել Հայաստանի տարածք, սակայն կանգնեցվեց ոչ միայն Մոսկվայի, այլ նաև Վաշինգտոնի համապատասխան նախազգուշացումներով։ Մասնավորապես, խոսքը 1992թ. մայիսի 20-ին ԱՊՀ Միավորված զինված ուժերի այն ժամանակվա հրամանատար, ավիացիայի մարշալ Եվգենի Շապոշնիկովի այն հայտարարության մասին է, ըստ որի՝ «...եթե այնտեղ մի կողմ էլ ավելանա, ապա մենք կարող ենք հայտնվել երրորդ համաշխարհային պատերազմի եզրին» (տե՛ս «Красная звезда», 1992թ. մայիսի 27)։
 
1995թ. հուլիսի 12-ին, մեկ տարի առաջ ընդունված որոշման համաձայն, Ռուսաստանից Հայաստան բերվեց 6 МиГ-23 կործանիչ։
 
Հարկ է նշել, որ ԽՍՀՄ փլուզման պահին, ի տարբերություն Ադրբեջանի և Վրաստանի, Հայաստանում ռազմական օդանավակայան չկար։ Ինչ վերաբերում է ավիացիոն բաղադրիչին, ապա այն պահին այդ բաղադրիչը ներկայացված էր միայն ուղղաթիռների էսկադրիլիայով (գունդը տեղակայված էր Ցխինվալում)՝ 7-րդ գվարդիական բանակի կազմում։ Հայտնի է նաև, որ 1960-ական թթ. Հայկական ԽՍՀ տարածքում տեղակայված էին կործանիչներ, բայց հետագայում դրանք տարվեցին հարևան Վրաստանի Մառնեուլի տարածք։
 
6 МиГ-23 կործանիչներն ընդունելու համար Երևանի քաղաքացիական ավիացիայի «Էրեբունի» օդանավակայանում Հայաստանում ռուսական ապագա ռազմակայանի ավիացիոն բաղադրիչի ընդունման նախապատրաստման համապատասխան աշխատանքներ կատարվեցին։
 
Հիշեցնենք, որ 102-րդ ռուսական ռազմակայանը Հայաստանում է գտնվում երկու իրավական փաստաթղթերի հիման վրա. առաջին փուլում դա Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի իրավական կարգավիճակի մասին պայմանագիրն էր (1992թ. օգոստոսի 21), իսկ հետո՝ Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի մասին 1995թ. մարտի 16-ի պայմանագիրը։
 
Հետագայում Հայաստանը մտավ ԱՊՀ ՀՕՊ Միավորված համակարգ և ստորագրեց մի շարք երկկողմանի հայ-ռուսական համաձայնագրեր։ Արդյունքում՝ Հայաստանի ՀՕՊ հրամանատարական կետի հիման վրա ստեղծվեց ՀՕՊ միավորված հրամանատարական կետը (1998թ.)։ Այդ ժամանակ էլ МиГ-23-ները ավելի արդիական ինքնաթիռներով փոխարինելու և ընհանրապես ավիացիոն բաղադրիչն ուժեղացնելու անհրաժեշտություն առաջացավ։ Ուժեղացման նպատակ էր համարվում ինչպես Հայաստանի սահմանների, այնպես էլ 102-րդ ռուսական ռազմակայանի՝ ավիացիայով պաշտպանության լիակատար ապահովումը։ Այդ նույն ժամանակ՝ 1998թ., «Էրեբունի» օդանավակայան (որն այդ ընթացքում ռազմական էր դարձել) բերվեցին 18 МиГ-29 կործանիչներ։
 
 
«Էրեբունի» օդանավակայանն այդ ժամանակ վերածվեց ավիաբազայի, որը կարող էր ընդունել ՌԴ ԶՈւ Հարավային զինվորական օկրուգի ավիացիայի այլ տիպի ինքնաթիռներ և ուղղաթիռներ, այդ թվում սպառնալի շրջանում։ Մասնավորապես, մեծացվեց թռիչքավայրէջքային ուղին, որոշ այլ աշխատանքներ կատարվեցին։
 
1998թ. նոյեմբերից ավիախմբին (2001թ. հուլիսին այն վերակազմավորվեց 3624 ավիաբազայի) ավելացավ մարտական ապահովման զորամասը՝ 520-րդ ավիացիոն պարեկությունը։
 
102-րդ ռուսական ռազմակայանում С-300 ԶՀՀ ստանալուց հետո (1998թ.) ստեղծվեց ՀՕՊ միավորված համակարգը։ Դրա կազմի մեջ մտան. միավորված հրամանատարական կետը, ավիացիոն բաղադրիչը, Հայաստանի ՀՕՊ բոլոր ուժերն ու միջոցները և երկրում գտնվող՝ ՌԴ ՀՕՊ բոլոր ուժերն ու միջոցները։ Այդ ժամանակ էլ ռուսական ռազմակայանում կազմակերպվեց ինչպես С-300 ԶՀՀ-ի, այնպես էլ МиГ-29 կործանիչների մարտական հերթապահություն (ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգի շրջանակում՝ 1999թ. փետրվարից)։ ՀՕՊ ամբողջ միավորված համակարգն օգտագործվում էր հայ-ռուսական համատեղ «Զինված ուժերի կիրառման պլանի» շրջանակում։
 
2015թ. որոշում ընդունվեց ուժեղացնել Հայաստանում 102-րդ ռուսական ռազմակայանի ավիացիոն բաղադրիչը՝ կապված այն բանի հետ, որ առաջացել էր զինված ուժերի միավորման ավելի բարձր շարժունության ապահովման անհրաժեշտություն՝ զորքերի տեղաշարժի համար, այդ թվում հատուկ գործողություններ անցկացնելու, ինչպես նաև օդից զորքերին անմիջական աջակցություն ցուցաբերելու նպատակով։
 
Մասնավորապես, Հայաստանում տեղակայվեցին Ми-24 և Ми-8 հարվածային ուղղաթիռներ։ Ռազմակայանն ունի 16 ուղղաթիռ (8-ական հատ տարբեր մոդիֆիկացիաների Ми-24 և Ми-8)։ МиГ-29 կործանիչների թվաքանակը չի փոխվել, բայց դրանք փուլ առ փուլ փոխարինվում են արդիականացվածներով։ 2016թ. փետրվարին «Էրեբունի» օդանավակայանն ստացավ չորս արդիականացված МиГ-29С կործանիչ։ Սա նախատեսված էր դեռևս 2015թ. և արագացված ձևով իրականացվեց նոյեմբերի վերջին ռուս-թուրքական հարաբերությունների սրման համատեքստում, երբ թուրքական կործանիչը Սիրիայի երկնքում խոցեց ռուսական ճակատային Су-24 ռմբակոծիչը։
 
ՀՕՊ միավորված համակարգի և նրա ավիացիոն բաղադրիչի աշխատանքի հետ կապված ամենահայտնի դրվագը թուրքական ռազմափոխադրիչ (մի շարք աղբյուրներում դրանք նշվում են որպես ռազմաուղևորատար) ուղղաթիռների կողմից Հայաստանի օդային սահմանն ապօրինի հատելու միջադեպն էր 2015թ. հոկտեմբերի 6-ին և 7-ին Հայաստանի Արմավիրի մարզում։
 
Հիշեցնենք, որ Իգդիր-Կարս չվերթ կատարող թուրքական ուղղաթիռները, հայկական լրատվամիջոցների հաղորդմամբ, խախտել էին Հայաստանի օդային տարածքը և ավելի հեռուն չխորանալով՝ բավական արագ վերադարձել Թուրքիա։ Թուրք կարգավարն Անկարայում, ի պատասխան հայկական կողմի հարցման, որն արվել էր հատուկ կանոնակարգին համապատասխան, տեղեկացրել էր, թե նման երթուղի ընտրվել է՝ ելնելով եղանակային պայմաններից և թե իբր ուղղաթիռներն այդպիսով փորձել են «խուսափել անբարենպաստ եղանակային ճակատից»։
 
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար (1999-2000թթ.), գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի խոսքերով՝ այս պոտենցիալ վտանգի չեզոքացման համար ՀՕՊ Միավորված հրամանատարական կետում նախաձեռնվել են հետևյալ գործողությունները.
 
- վաղ հայտնաբերման միջոցները հայտնաբերել են թուրքական ուղղաթիռները դեռ հարակից երկրի տարածքում, քանի որ Հայաստանի տարածքում գործող ՌԼԿ-ները զննում են նաև թուրքական հարակից տարածքները,
 
- իրական սպառնալիքի աստիճանի հիման վրա կայացվել է որոշում։ Սովորաբար նման դեպքերում թիրախը կամ ոչնչացվում է, կամ նրան հարկադրում են վայրէջք կատարել։ Քաղաքացիական ինքնաթիռներին և ուղղաթիռներին սովորաբար հարկադրում են վայրէջք կատարել։ Եթե ինքնաթիռը կամ ուղղաթիռը ռազմական է, ապա հաշվի են առնվում մի շարք գործոններ, որոնցից են. երկկողմանի հարաբերությունները, թիրախների գտնվելը համապատասխան շրջանում (սեկտորում)։ Կոնկրետ վերոնշյալ դեպքում որոշվել է, որ դրանք ցածր արագությամբ թիրախներ են։ Չնայած ԶՀՀ-ի առկայությանը, որոնք կարող էին առանց խնդրի ոչնչացնել այդ թիրախները, ընդունվում է որոշում՝ օդ բարձրացնել մեկ հերթապահ МиГ-29 կործանիչ։ Այն բանից հետո, երբ ինքնաթիռն օդ բարձրացավ և մոտեցավ սահմանին, թուրքական ուղղաթիռները վերադարձան իրենց տարածք։ Միջադեպից հետո Миг-29-երը մի քանի օր պարեկում էին Հայաստանի և Թուրքիայի սահմանը։
 
 
Ընդհանուր առմամբ, Հայաստանում 102-րդ ռուսական ռազմակայանի ներկայությունը, որի կազմում կա նաև ավիացիոն ռազմական բաղադրիչ, վկայում է այն մասին, որ Հայաստանի օդային սահմանները հուսալիորեն պաշտպանված են։ Ավիացիոն բաղադրիչը գործում է հայ-ռուսական համատեղ «Զինված ուժերի կիրառման պլանի» շրջանակում։
 
Կարևոր է նաև ընդգծել, որ կազմակերպչական առումով ավիացիոն բաղադրիչը գործում է ՌԴ ԶՈւ Հարավային զինվորական օկրուգի կազմում։
 
Ակնհայտ է, որ սպառնալիքի պարագայում Հայաստանում 102-րդ ռուսական ռազմակայանի բոլոր բաղադրիչները, այդ թվում և ավիացիոնը, կարող են հզորացվել ի հաշիվ Հարավային զինվորական օկրուգի ուժերի և միջոցների։
 
Այսպիսով, 102-րդ ռուսական ռազմակայանը և նրա ավիացիոն բաղադրիչը առկա ուժերի և միջոցների կիրառմամբ հաջողությամբ լուծում է խաղաղ ժամանակ Հայաստանի պաշտպանունակության և ՀՕՊ ապահովման խնդիրները։ Իսկ հարձակման սպառնալիքի պարագայում առկա են դրա հզորացման գործուն պլաններ։
 
Դավիթ Պետրոսյան, անկախ լրագրող
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն