Բրազիլայի դեսպանատունը ներկայացրել է բրազիլական դաշնամուրային երաժշտությունը` երևանյան հանդիսատեսին


Բրազիլայի դեսպանատունը ներկայացրել է բրազիլական դաշնամուրային երաժշտությունը` երևանյան հանդիսատեսին

  • 22-04-2016 15:45:23   | Հայաստան  |  Մշակույթ

Ապրիլի 21-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ ժամանակակից համաշխարհային երաժշտությանը նվիրված 1900+ նախագծի թվով տասնմեկերորդ համերգը, որն այս անգամ հայ ունկնդրին ներկայացրեց բրազիլական դաշնամուրային երաժշտություն: Համերգը կազմակերպվել էր Հայաստանում Բրազիլիայի դեսպանության բարձր հովանու ներքո: Համերգի մենակատարն է ճանաչված դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, 1900+ նախագծի գեղարվեստական ղեկավար Հայկ Մելիքյանը, ով համերգի ընթացքում հնչեցրեց Բրազիլիայի 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության ականավոր կոմպոզիտորների` Հեյտոր Վիլա-Լոբոսի, Ռադամես Նատալիի, Կամարգո Գվարներիի, Օսվալդու Լասերդայի, Էնրիկե Օսվալդի, Էռնստ Մալէյի, ինչպես նաև ժամանակակիցներ՝  Էդսոն Զամպրոնիայի, Ռոբերտո Վիկտորիոյի, Սիլվիո Ֆերասի, Վելլինգտոն Գոմեսի և Ռոնալդու Միրանդայի ստեղծագործությունները:
 
«1900+ նախագծի նպատակն է հայ ունկնդրին ներկայացնել աշխարհի տարբեր երկրների 20-րդ դարի և ժամանակակից դաշնամուրային երաժշտության ակնառու կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք առաջին  անգամ են հնչում Հայաստանում: Նախագծի շրջանակներում այս համերգը թվով տասնմեկերորդն է և այս անգամ պատիվ ունենք ներկայացնելու հայ ունկնդրին բրազիլական  երաժշտությունը, որտեղ Դաշնակահարը կներկայացնի մի շարք հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներ: Այդ առիթով խորին շնորհակալություն ենք հայտնում Հայաստանում Բրազիլիայի դեսպան` պարոն Էդսոն Մարինիո Դուարտե Մոնտեյրոյին՝ միջոցառման իրագործման մեջ բացառիկ նրբանկատություն և ճշգրիտ պատրաստակամություն ցուցաբերելու համար:» ,- նշում է Դաշնակահարի մենեջեր, 1900+ նախագծի համակարգող Ալեքսանդր Հակոբյանը:
 
Հիշեցնենք, որ 1900+ նախագիծը մեկնարկել է 2009թ. հոկտեմբերին և մինչ այժմ հանրությանը ներկայացրել է ֆրանսիական, ռուսական, շվեյցարական, լեհական, ճապոնական, գերմանական, բալթյան երկրների, իտալական, չեխական և ամերիկյան դաշնամուրային երաժշտության համերգներ: 1900+ նախագիծը ներկայացնում են Հայաստանում գտնվող տարբեր երկրների դեսպանությունները և դիվանագիտական ներկայացուցչությունները, ՀՀ Մշակույթի նախարարությունը: Նախագծի շրջանակներում 2011թ. իրականացվել է հայ ժամանակակից կոմպոզիտորների մրցույթ և լավագույն ընտրված ստեղծագործությունները 2013թ. թողարկվել են 1900+ նույնանուն ձայնասկավառակի առաջին թողարկման մեջ, ինչպես նաև հրատարակվել է այդ ստեղծագործությունների նոտաների ժողովածուն: 2016թ. նախագծի շրջանակներում թողարկվել է ամերիկաբնակ հայ կոմպոզիտոր Տաթև Ամիրյանի ստեղծագործությունների «Ortus» ձայնասկավառակը : Բազմաթիվ կոմպոզիտորներ ստեղծագործություններ են գրել հատուկ 1900+ նախագծի համար, որոնց հայաստանյան պրեմիերաները կայացել են նախագծի համերգաշարի ընթացքում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play