Եվրախորհրդարանը սառեցրել է Թուրքիային առանց մուտքի արտոնագրի ռեժիմի տրամադրաման գործընթացը
11-05-2016 18:14:47 | | Միջազգային
Եվրախորհրդարանը սառեցրել է Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ երկրներ առանց վիզայի մուտք գործելու համաձայնագրի շուրջ տարվող աշխատանքները: korrespondent.net-ի փոխանցմամբ` եվրախորհրդարանականները դեռ մայիսի 4-ին էին նման լուռ որոշում կայացրել, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն մայիսի 10-ին:
Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, Անկարայի հետ գործարքի սառեցման մասին տեղյակ չեն եղել անգամ կոմիտենների ղեկավարները, այդ որոշման մասին նրանց տեղեկացրել են այս երկուշաբթի:
Գերմանացի եվրապատգամավոր Բիրգիտ Շիպելը հաստատել է, որ Եվրախորհրդարանի խմբակցությունների ղեկավարները որոշել են կանգնեցնել ամբողջ գործընթացը:
Աղբյուրի տվյալներով` Եվրախորհրդարանը Թուրքիայի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմի օրենսդրական գործընթացը կսկսի այն բանից հետո, երբ Անկարան կկատարի ԵՄ բոլոր պահանջներն առանց բացառության:
Նշենք, որ այսօր Եվրախորհրդարանում նախատեսված էին քննարկումներ Թուրքիային առանց վիզային ռեժիմի տրամադրման հարցի շուրջ:
Անկարան ու Բրյուսելն ավելի վաղ պայմանավորվածություն էին ձեռք բերել այն մասին, որ Հունաստան հասած ապօրինի ներգաղթյալները և միգրանտները կվերադառնան Թուրքիա, փոխարենը Թուրքիայի համար կմտցվեր առանց մուտքի արտոնագրի ռեժիմ և կտրամադրվեր համապատասխան ֆինանսական օգնություն: