Ինչո՞ւ է լռում Լեւոն Տեր-Պետրոսյանը


Ինչո՞ւ է լռում Լեւոն Տեր-Պետրոսյանը

  • 23-11-2016 16:00:17   | Հայաստան  |  Վերլուծություն
hraparak.am. Քաղաքագիտական նոր վերլուծության ճիշտ ժամանակն է, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը համառորեն լռում է: Սա, անշուշտ, զարմանալի է, մանավանդ` ԱՄՆ նախագահական ընտրություններում միլիարդատեր Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո, որը տեղի ունեցավ ճիշտ Տեր-Պետրոսյանի նախորդ քաղաքագիտական վերլուծության համատեքստում: Հիշում եք, հավանաբար, հայկական Իվանիշվիլու պատմությունը: Չլիներ Տեր-Պետրոսյանի այդ վերլուծությունը, Սերժ Սարգսյանը, գուցե, շատ լուրջ չվերաբերվեր Գագիկ Ծառուկյան-Լեւոն Տեր-Պետրոսյան համագործակցությանը, բայց նա հավուր պատշաճի արձագանքեց առաջին նախագահի վերլուծությանը եւ ժամանակին միջոցներ ձեռք առավ Գագիկ Ծառուկյանին միառժամանակ քաղաքականությունից դուրս դնելու ուղղությամբ:
 
Այդ իրադարձություններից շատ չանցած` ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթում է փողը` միլիարդատեր Դոնալդ Թրամփը, մարդ, որին ուղղակի հակացուցված է քաղաքականությամբ զբաղվելը: Թրամփի հաղթանակը նաեւ հնարավոր դարձավ ոչ այնքան նրա միլիարդների, որքան այն բանի շնորհիվ, որ ամերիկացիները դժգոհ էին դեմոկրատներից եւ նրանց թեկնածուին ձայն չտալու համար քվեարկեցին Թրամփի օգտին: Այս նախապայմանները լիուլի առկա են նաեւ Հայաստանում, եւ ՀՀԿ-ից դժգոհ հասարակությունը պատրաստ է անգամ սատանային վստահել, միայն թե թոթափի ՀՀԿ-ական իշխանությունը: Գյումրու եւ Վանաձորի ավագանու ընտրություններն ասվածի ապացույցն են: Երբ մարդիկ գնում ու ձայն են տալիս մեկ տարին չբոլորած կուսակցությանը, իսկ տասնամյակներ իշխող ՀՀԿ-ն մնում է ավագանու ընդդիմադիր անդամների` նիստերին մասնակցելու քմաhաճույքի հույսին: Մինչդեռ Գագիկ Ծառուկյանը նորահայտ գործիչ չէ, եւ նրա երկրորդ հայտնությունը քաղաքական դաշտում կարող է ցունամի առաջացնել եւ վճռել բոլոր տեսակի ընտրությունների ելքը: Եվ, ահա, Լեւոն Տեր-Պետրոսյանն այսպիսի մի ճակատագրական մոմենտի լռում է:
 
Առաջին նախագահի լռության պատճառներից մեկը, թերեւս, Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ առաջացած ջերմությունն է, որը թեեւ առայժմ զուրկ է քաղաքական երանգավորումներից, բայց ցանկացած պահի կարող է վերածվել քաղաքական դաշինքի, որի դեմն առնել սովալլուկ ժողովրդով եւ ընդդիմադիրների թեկուզ բռունցք դարձած միաբանությամբ՝ այլեւս անհնար կլինի: Իշխանական լծակներ, պլյուս շատ փող, պլյուս լավ մենեջեր, պլյուս ներդրումների հեռանկարներ, պլյուս նախընտրական խոստումներ եւ, վերջապես` պլյուս ապրիլյան պատերազմի առաջին տարելից, այսինքն` Ղարաբաղի հարց: Այս ամենին ի՞նչ է հակադրելու ընդդիմությունը` հանցավոր խո՞ւմբ, ՊՊԾ գո՞ւնդ, արագաչափերի հա՞րց, ԵՄ-ի հետ առանց վիզային ռեժի՞մ, ՆԱՏՕ-ի հետ եղբայրությո՞ւն, բանակի 1000 դրամը չվճարելու պայքա՞ր: Իսկ գուցե, ընդհանրապես, դեռ փորձեն միավորվե՞լ:
 
Տեր-Պետրոսյանը շարունակում է համառորեն լռել, եւ այդ լռության պատճառներից երկրորդն էլ, հավանաբար, քաղաքական հենարանի բացակայությունն է: Պետք է սկսել նոր կետից, իսկ դա նշանակում է նախ փակել ՀԱԿ-ի «գեղի կլուբ-2» էջը, բոլորովին նոր քաղաքական ուժ ձեւավորել եւ նոր ելույթներ գրել հատկապես դահլիճային հանդիպումների համար, որովհետեւ ձմեռը խիստ է լինելու, հրապարակներ լցնելը` պրոբլեմատիկ:
 
Եվ էլի մեկ հավանական պատճառ Տեր-Պետրոսյանի լռության: Վերջերս նա հայտարարել էր, որ կարճ ժամանակ անց Հայաստանում դեֆոլտ կլինի: Բավական էր նրա այս հայտարարությունն իրականանար, եւ ժողովուրդը նրան ձեռքերի վրա կբերեր հրապարակ: Բայց Տեր-Պետրոսյանի այդ հայտարարությունը ոչ այնքան ազնիվ-տնտեսական էր, որքան հեռահար-քաղաքական: Սա այն դեպքն է, երբ մարդ իրեն նսեմացնելով` վսեմացնում է դիմացինին: Տեր-Պետրոսյանն այսկերպ վսեմացրեց Սերժ Սարգսյանին, եւ վաղն արդեն կխոսենք այն մասին, որ Կարեն Կարապետյանին նշանակելով վարչապետ` Սերժ Սարգսյանը դեֆոլտը հալածեց մեր երկրից: Եվ, ահա, այստեղ հարց է առաջանում` երբ Սերժ Սարգսյանը գնացել էր Տեր-Պետրոսյանի տուն, արդյոք, միայն Ղարաբաղի՞ հարցը քննարկեցին, թե՞ այլ պայմանավորվածություններ էլ եղան, որոնց մասին երկու նախագահները որոշել են լռություն պահպանել: Ասում է` նախագահների գաղտնիքն ինչպե՞ս բացես, երբ սատանան է գոցել: Դե արի ու մի եզրակացրու, որ այս պատասխանատու պահին Տեր-Պետրոսյանի ու ՀԱԿ-ի լռությունը, երբ իրենց երբեմնի «շոգեքարշը» պատրաստվում է վերադառնալ քաղաքականություն, պայմանավորված չէ ԱԺ-ում մի քանի երաշխավորված տեղով:
 
Բարին իրենց հետ, իհարկե, կարեւորը, ինչպես ասում են, առողջությունն է: Այլապես ժողովրդի համար էական նշանակություն չունի, թե ով ընդդիմադիր ճառեր կասի ԱԺ ամբիոնից:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play