ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է 2018 թ. «ՀՀ երիտասարդական մայրաքաղաք» մրցույթը


ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է 2018 թ. «ՀՀ երիտասարդական մայրաքաղաք» մրցույթը

  • 07-03-2017 12:38:00   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաքի հռչակման նպատակով հայտարարում է մրցույթ:
 
Մրցույթի մասնակիցներն են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող և քաղաքի կարգավիճակ ունեցող համայնքները:
 
Մրցութային հայտը (այսուհետ՝ հայտ) քաղաքապետարանի կողմից ներկայացվում է քաղաքում երիտասարդական ոլորտում գործունեություն ծավալող առնվազն երկու հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ: Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մեկից ոչ ավելի հայտ: Նույն քաղաքը չի կարող երկու անգամ անընդմեջ ճանաչվել երիտասարդական մայրաքաղաք:
 
Մրցույթի նպատակներն են՝
 
·      խթանել Հայաստանի Հանրապետության մարզերի համաչափ զարգացումը.
 
·      զարգացնել երիտասարդական նախաձեռնողականության, երիտասարդական քաղաքականության ոլորտում քաղաքների միջև բարեխիղճ և գործընկերային հարաբերություններն ինչպես տեղական և հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակում.
 
·      խրախուսել Հայաստանի Հանրապետության քաղաքային իշխանություններին՝ տեղական մակարդակում մշակելու երիտասարդական քաղաքականության իրականացման արդիական և արդյունավետ մոդել.
 
·      նպաստել մարզերում երիտասարդական կազմակերպությունների և ենթակառույցների զարգացմանը:
 
Մրցույթն իրականացվում է հետևյալ փուլերով՝ 
 
·      դիմումների ընդունում, 
 
·      քվեարկություն կարճ հաղորդագրությամբ (sms), 
 
·      hայտերի փորձագիտական գնահատումներ` փորձագիտական հանձնաժողովի կողմից տեղում ուսումնասիրությունների արդյունքում: 
 
Հայտերը կազմվում են ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի 2013 թ. մայիսի 23-ի № 121-Ա/1 հրամանի № 3 հավելվածի պահանջներով՝ 2 օրինակից, և ներկայացվում են «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտե (այսուհետ՝ Կազմկոմիտե): Հայտին կցվում են քաղաքապետի նամակը մրցույթին մասնակցելու մասին, ինչպես նաև աջակցության նամակներ:
 
Մրցութային փաթեթը ներառում է՝ 
 
·      լրացված դիմում-հայտը (№ 3 հավելված), 
 
·      քաղաքապետի նամակը մրցույթին մասնակցելու մասին՝ ներառելով № 4 հավելվածում ներկայացված անհրաժեշտ կից փաստաթղթերը և տեղեկատվությունը՝ կցելով համապատասխան լուսանկարներ և/կամ տեսանյութեր։
 
Հայտում պետք է ընդգրկված լինեն քաղաքի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ իրականացվող երեք մակարդակի միկրոծրագրեր` քաղաքային (նախարարության համաֆինանսավորման չափը՝ 300.000 ՀՀ դրամ), մարզային (ապահովելով գյուղական համայնքների ներգրավումը, նախարարության համաֆինանսավորման չափը՝ 500.000 ՀՀ դրամ) և համապետական (նախարարության համաֆինանսավորման չափը՝ 700.000 ՀՀ դրամ) նշանակության` համաձայն ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի 2013 թ. մայիսի 23-ի № 121 Ա/1 հրամանի № 4 հավելվածում առաջարկվող ցանկի:
 
Հաստատված ձևի խախտումներով և Կազմկոմիտեի կողմից նախանշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվում: 
 
Մրցույթի արդյունքները Կազմկոմիտեի կողմից կամփոփվեն մինչև 2017 թվականի սեպտեմբերի առաջին տասնօրյակը փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրության (sms) քվեարկության արդյունքների համադրմամբ: 
 
Մրցույթի արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը նախարարության պաշտոնական կայքում տեղադրվում է մրցույթի արդյունքների ամփոփումից հետո` 10 օրվա ընթացքում:
 
2018 թվականի երիտասարդական մայրաքաղաք կհռչակվի առավելագույն միավորներ հավաքած քաղաքը: Հավասար միավորների դեպքում թեկնածու քաղաքը քվեարկությամբ որոշվում է Կազմկոմիտեի անդամների կողմից: 
 
Հայտերն ընդունվում են 2017 թվականի մարտի 6-ից հունիսի 2-ը ներառյալ: Դիմումներն անհրաժեշտ է հասցեագրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի նախագահ Ա. Քարամյանին և թղթային տարբերակով ներկայացնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն (ք. Երեւան, Աբովյան 9, սենյակ 227):
 
 
 
 
 
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի
 
մամուլի քարտուղար՝
Նոյյան տապան  -   Սպորտ