Հայաստանում բարեփոխումները պետք է լինեն իրական, այլ ոչ թե հանդիսանան նմանակեղծում,- ասում է Խայիմ Մայոր Օրեխան


Հայաստանում բարեփոխումները պետք է լինեն իրական, այլ ոչ թե հանդիսանան նմանակեղծում,- ասում է Խայիմ Մայոր Օրեխան

  • 27-04-2011 18:40:08   | Հայաստան  |  Քաղաքական
Ապրիլի 27-ին ՀՀ Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Զարուհի Փոստանջյանը եւ Ստյոպա Սաֆարյանը հանդիպեցին Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի նախագահի տեղակալ Խայիմ Մայոր Օրեխայի հետ: Հանդիպման ընթացքում Անահիտ Բախշյանը կարեւորեց Եվրոպական ժողովրդական կուսակցությանը «Ժառանգություն» կուսակցության անդամակցումը, որն իր ներքին ժողովրդավարական չափանիշներով, խոսքի եւ գործի մեկտեղմամբ համապատասխանում է ժողովրդավարական կուսակցության չափանիշներին: Ա.Բախշյանը նաեւ վկայակոչեց նախորդ օրը Հանրապետական կուսակցության հետ «Արժեքների դերը անցումային հասարակություններում» սեմինարի ժամանակ վարչապետի հիմնավոր ինքնախոստովանությունը, որն այսօրվա իրականությունն է արտացոլում ու փաստացի վկայում է իշխանության անզորության եւ եվրոպական առաջադեմ արժեքների բացակայության մասին: Իր խոսքում Զարուհի Փոստանջյանը նշեց, որ «Հավաքների ազատության» մասին օրենքը եւ առաջին ընթերցմամբ ընդունված «Ընտրական օրենսգիրքը» ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել են առանց կոնսենսուսի: Փոստանջյանը նաեւ ընդգծեց, որ միջազգային կառույցների կողմից հնչող՝ «մեկ քայլ առաջ» ձեւակերպումներն այլեւս չեն բավարարում Հայաստանի մեր ժողովրդին, եւ այսպես շարունակվելու դեպքում 2012 եւ 2013թթ. ընտրությունների ժամանակ կարող են անխուսափելի լինել ավելի վատ հետեւանքներով բախումներն ու առճակատումները: Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ «Ժառանգություն» ազգային-ազատական կուսակցությունը, հավատարիմ մնալով իր ծրագրին եւ գաղափարախոսությանը, միեւնույն ժամանակ ձգտում է դեպի եվրոպական լավագույն արժեքների կենսակոչմանը Հայաստանում: Սաֆարյանն ընդգծեց կուսակցության պատասխանատվության զգացումը քաղաքական գործընթացներում, ինչպես նաեւ հիմնավորեց, թե ինչու է «Ժառանգությունը» բարձր չափանիշներ եւ նշաձող սահմանել թե իր եւ թե հայաստանյան կուսակցությունների համար, ու պահանջում է, որ իշխանություններից մինչեւ ընդդիմություն եւ եվրոպական կառույցներ նույնպիսի չափանիշներով գնահատեն հայաստանյան իրողությունները: Ըստ «Ժառանգության» մամլո ծառայությունից «ՆՏ»-ին տրամադրած հաղորդագրության, Մայոր Օրեխան, ծավալված քննարկումների ընթացքում ուշադիր լսելով «Ժառանգության» պատգամավորների մոտեցումները, ներկայացրեց նաեւ իր դիտարկումները քննարկված հարցերի եւ հնարավոր լուծումների ուղղությամբ, այդ թվում՝ Եվրոպական Ժողովրդական կուսակցությանը «Ժառանգություն» կուսակցության անդամակցության վերաբերյալ: Նա նշեց նաեւ, որ Հայաստանում բարեփոխումները պետք է արժանանան լայն հասարակայնության աջակցությանը եւ բարեփոխեն իրականությունը, այլ ոչ թե հանդիսանան նահանջ կամ նմանակեղծում` իմիտացիա: Օրեխան նաեւ վկայակոչեց Իսպանիայի փորձը` մատնանշելով իր եւ իր քաղաքական ուժի դերակատարումը Իսպանիայի քաղաքական համակարգը ժողովրդավարացնելու եւ Իսպանիան Միացյալ Եվրոպայի լիարժեք մաս դարձնելու ուղղությամբ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play