Որոշ իշխանական գործիչներ ծաղրի են վերածել Ալիևի՝ արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշումը (տեսանյութ)


Որոշ իշխանական գործիչներ ծաղրի են վերածել Ալիևի՝ արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշումը (տեսանյութ)

  • 07-02-2018 17:35:44   |   |  Հասարակություն



 
Որոշ իշխանական գործիչներ ծաղրի են վերածել Ադրբեջանի նախագահի կողմից երկրում ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշումը: 
 
Ինչպես փետրվարի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի Ադրբեջանի հարցերով վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը, Իլհամ Ալիևի տեղակալ Յավուշ Նովրուզը նշել է, որ երկրում նախագահական ընտրություններ անցկացնելու օրվա փոփոխությունը կապված է այդ երկրի 100-ամյակին նվիրված միջոցառումներով, որոնց թվում է նաև Հեյդար Ալիևի 95 ամյակը:  
 
Տ. Հովհաննիսյանի խոսքերով՝ մյուս իշխանական գործիչներն էլ նշել են, որ հոկտեմբերի 17-ին նախատեսված նախագահական ընտրությունները կխանգարեn բերքահավաքին, ուստի նպատակահարմար է ընտրություններ անցկացնել գարնանը: 
 
«Հասկանալի է, որ այս պատճառաբանություններն ավելի շատ ձեռք առնել է, քան պարզաբանում տալ: Իշխանությունների կողմից միակ խելամիտ պատճառաբանությունն այն էր, որ 2025 թվականին նոր սահմանադրությամբ համընկնում էին նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետները, և այդ երկու գործընթացները կխանգարեն միմյանց»,- նշեց նա՝ հավելելով, որ վերոնշյալ հարցի կապակցությամբ ընդդիմադիր դաշտում հնչած կարծիքներն ավելի հիմնավոր են: 
 
Վերլուծաբանի փոխանցմամբ՝ ամենախելամիտ կարծիքներից մեկն այն է, որ 2013 թվականին, երբ Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվեցին շատ կոպիտ խախտումներով և ԵԱՀԿ մոնիտորինգային խումբը բացասական կարծիք հայտնեց ընտրությունների վերաբերյալ, իսկ 2015-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ադրբեջանի իշխանություններն այնպես արեցին, որ այդ խումբը չմասնակցի ընտրություններին և բացասական կարծիք չհայտնի, հետևաբար պարզ է դառնում, որ Ալիևի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը կկանխի միջազգային որևէ հեղինակավոր կառույցի լիարժեք աշխատանքը: 
 
«Քանի որ հերթական անգամ Իլհամ Ալիևն է ընտրվելու, կարիք կա, որ միջազգային հեղիանակավոր կառույց ներկա լինի ընտրություններին, բայց թե ինչպես անել , որ այդ կառույցը չկարողանա թե նախընտրական գործընթացը, թե ընտրությունները վերահսկել: Բնականաբար, եթե այդ ընտրությունները նշանակվեն փետրվարին ու անցկացվեն ապրիլին, ոչ մի մշտադիտարկման խումբ չի հասցնի ինչ-որ բաներ արձանագրել, որովհետև առաջին հերթին ընդդիմադիր դաշտը պատրաստ չէ»,- նկատեց Տ. Հովհաննիսյանը: 
 
Վերջինիս կարծիքով՝ Ադրբեջանում նախատեսված արտահերթ ընտրությունների ֆոնին որևէ փոփոխություն կամ հասարակական շարժում չարժէ ակնկալել, քանի որ տեղի հասարակության լայն շրջանակների համար ընդդիմադիրների շարքերում վստահելի այլ թեկնածուներ չկան: 
 
Այդուհանդերձ, վերլուծաբանը գտնում է, որ չնայած որոշ ընդդիմադիր ուժեր հայտարարել են ընտրությունները բոյկոտելու մասին, այնուամենայնիվ, կգտնվեն 3-4 գործիչներ, ովքեր կառաջադրեն իրենց թեկնածությունը, բայց որևէ արդյունքի չեն հասնի՝ ինքնաբերաբար լեգիտիմացնելով Ալիևի ընտրությունը: 
 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play