Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ


Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

  • 14-05-2024 13:11:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
2024 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 10։50-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Խ.Աբովյան փողոցում վրաերթի ենթարկվելու հետևանքով իրենց մոտ բուժօգնության է դիմել Նարե Գևորգյանը։
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ՃՏՀ քննության բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Քրեական վարույթի նախաքննությամբ նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ տուժած անձը հանդիսանում է մայրաքաղաքում անցկացվող ակցիաները լուսաբանող, Mediahub.am կայքի լրագրող Նարե Գևորգյանը, իսկ պատահարը տեղի է ունեցել, նախնական տվյալներով, ոստիկանական «Գազել» մակնիշի ավտոմեքենայով ոստիկանության ծառայողների կողմից նշված ճանապարհահատվածում հատուկ ծառայություն իրականացնելիս:
 
Տվյալներ են ստացվել այն մասին, որ դեպքի պահին նշված տրանսպորտային միջոցի առկայծող կապույտ և կարմիր փարոսիկները և հատուկ ձայնային ազդանշանը միացված են եղել։
 
Քրեական վարույթով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
 
Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
ՀՀ քննչական կոմիտե
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն