Չինաստանն ակտիվ փնտրտուքների մեջ է Հայաստանում ներդրումային համագործակցությունը զարգացնելու համար. ՀՀ-ում Չինաստանի դեսպան
17-01-2019 15:53:16 | Հայաստան | Հասարակություն
Ներկայումս Չինաստանն ակտիվ փնտրտուքների մեջ է Հայաստանում ներդրումային համագործակցությունը զարգացնելու համար:
Այս մասին հայաստանյան ԶԼՄ ներկայացուցիչների համար կազմակերպված ամանորյա ընդունելության ժամանակ նշեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը:
Ըստ նրա՝ 2018 թվականին հայ-չինական հարաբերությունները համագործակցության տարբեր ոլորտներում աչքի ընկան ակտիվ զարգացմամբ, իսկ երկու երկրներկի միջև քաղաքական երկխոսությունը և վստահությունը բարձր մակարդակի վրա է:
«Նախորդ տարի Հայաստանի համար մենք շարունակեցինք մնալ երկրորդ խոշոր առևտրային գործընկերը. Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն ավելացել է 30 տոկոսով և կազմում է ավելի քան 700 մլն դոլար: Կուզենայի նաև նշել հումանիտար փոխանակման ոլորտում առկա լավ համագործակցության մասին, որն հաջողությամբ իրականացվում է Կոնֆուցիոսի ինստիտուտի միջոցով»,- ընդգծեց Թ. Էրլունը:
Դեսպանն ուրախալի համարեց երկու ժողովուրդների՝ միմյանց նկատմամբ աճող հետաքրքրությունը, ինչի վկայությունն է չինացի զբոսաշրջիկների թվի ավելացումը. 2018-ին Հայաստան է եկել ավելի քան 7000 չինացի:
Թ. Էրլունը նկատեց, որ երկու ժողովուրդների փոխայցելությունների զարգացմանը նպաստել է նաև վիզաների պարզեցումը:
Անդրադառնալով հայ-չինական հարաբերություններում ԶԼՄ-ների դերին՝ Հայաստանում Չինաստանի դեսպանը նշեց, որ հենց լրագրողների միջոցով են կարողանում ժողովուրդները միմյանց մասին ավելի շատ տեղեկություններ ստանալ, խորացնել դարերով առկա երկուստեք համակրանքն ու բարեկամական կապերը: