Ուշագրավ ցուցմունք․ Ով է Մարտի 1-ին զինվորական համազգեստ բաժանել պաշտոնյաների թիկնազորին․ «Մամուլի տեսություն»


Ուշագրավ ցուցմունք․ Ով է Մարտի 1-ին զինվորական համազգեստ բաժանել պաշտոնյաների թիկնազորին․ «Մամուլի տեսություն»

  • 15-03-2019 20:40:36   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



Ով է Մարտի 1-ին զինվորական համազգեստ բաժանել պաշտոնյաների թիկնազորին. ուշագրավ ցուցմունք. «Ժողովուրդ»
 
«Ժողովուրդ» թերթը գրում. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննվել է ՀՀ պաշտպանության նախարարի` թիկունքի գծով տեղակալ Գագիկ Մելքոնյանը, որն իր ցուցմունքում խոսել է մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ԱԺ մի խումբ նախկին պատգամավորների ու պաշտոնյաների թիկնազորին զինվորական համազգեստ հատկացնելու մասին: Ի դեպ, այդ ցուցակը ժամանակին հրապարակվել է, փաստահավաք խումբն էլ փորձել է ուսումնասիրություններ կատարել:
Եվ, ահա, Գ. Մելքոնյանն իր ցուցմունքում պատմել է, որ ցուցակը իրեն է ներկայացրել ՀՀ ՊՆ իրային ծառայության պետի տեղակալ Վարդան Պողոսյանը: «Վարդան Պողոսյանը զանգահարել է ինձ և զեկուցել, որ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից բանավոր հրաման է տրվել այն մասին, որ ԱԺ մի խումբ պատգամավորների թիկնազորի անդամներին զինվորական համազգեստով ապահովենք: Ես չէի կարող առարկել, քանի որ զինվորական կանոնագրքով վերադասի հրամանները չեն քննարկվում: Դա ընդունելով ի գիտություն` Վարդանին ասացի` տվե՛ք»:
 
Կգաղտնալսի նաև ոստիկանությունը. «Իմ քայլի» առաջարկը. «Ժամանակ»
 
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակից Արմեն Խաչատրյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել Օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքում:
Գործող օրենսդրությունը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման իրավունք է վերապահում բացառապես Ազգային անվտանգության ծառայությանը, իսկ Խաչատրյանը առաջարկում է նման լիազորություն տալ նաև Ոստիկանությանը: Բայց ինչու միայն այս լիազորությամբ. Ոստիկանությանը կարելի է օժտել հարկահավաքման, բժշկական ծառայությունների մատուցման և այլ բազմաթիվ լիազորություններով»:
 
«Լիդիանը» կդիմի միջազգային արբիտրաժ. «Հրապարակ»
 
«Հրապարակ» թերթը գրում է. «4 օր առաջ «Լիդիան ինթերնեյշնլ լիմիթեդ» ընկերությունը՝ Ամուլսարի հանքը շահագործող, հայտարարեց միջազգային արբիտրաժ դիմելու մտադրության մասին, որը կիրականացնի ծանուցումից 3 կամ 6 ամիս անց։ Դեռ ամառվանից ճանապարհների փակման պատճառով ծրագրի իրականացումը կասեցված է, և «Լիդիանի» դիմումները՝ ուղղված ՀՀ կառավարությանը, անարձագանք են մնացել։ Կառավարությունը որոշել է նոր փորձաքննություն իրականացնել, որի համար բյուջեից 400 հազար դոլար է հատկացվելու։
Մեր աղբյուրներն ասացին, որ վերջին ամիսներին արդեն տարբեր իրավաբաններ էին աշխատում «Լիդիանի» համար, և նրանք վստահեցրել են, որ հաղթելու շանսերը մոտ են 100 տոկոսին։ Ինչ վերաբերում է վնասների գնահատմանը, ապա թեև դեռ թվեր չեն հրապարակում, բայց խոսք է գնում 1,5 միլիարդ դոլարի մասին, որի մեջ մտնում են ներդրված 400 միլիոնը, վերջին 8 ամիսների վնասները և այն հավանական եկամուտը, որը կարող էր ունենալ ընկերությունը հանքը շահագործելու դեպքում»:
 
Կառավարությունը վերացնում է ևս մեկ ֆորմալ կառույց՝ Սերժ Սարգսյանի ուղերձով ստեղծված Համահայկական բանկը. «Ժամանակ»
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է չեղյալ հայտարարել Համահայկական բանկի մասին օրենքը, որը ընդունվել է դեռևս 2008թ. դեկտեմբերին նախագահ Սերժ Սարգսյանի ԱԺ-ում հնչեցրած ուղերձից հետո:
Այսպիսի բանկ իրավաբանորեն ստեղծվեց, բայց իրականում այն այդպես էլ չկարողացավ դառնալ գործող կառույց: Եվ հիմա նոր իշխանությունը վերացնում է նաև այդ ֆորմալ կառույցը»:
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն