Ըստ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի, հաճախ մարդկանց պետք է պաշտպանել դատարաններից


Ըստ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի, հաճախ մարդկանց պետք է պաշտպանել դատարաններից

  • 22-04-2011 15:24:34   | Հայաստան  |  Իրավունք
 Ստանձնելով մարտի 3-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, Կարեն Անդրեասյանը հայտարարել էր, որ պահպանելու է 50-օրյա լռություն, եւ լրատվամիջոցներին խնդրել էր այդ ընթացքում չակնկալել հրապարակային ելույթներ եւ մեկնաբանություններ: Այս շաբաթ լրանում է կատարված աշխատանքները վերլուծելու եւ համակարգային բարեփոխումներ ձեռնարկելու նախանշված ժամանակահատվածը, ուստի Պաշտպանն անցնում է առավել հրապարակային եւ թափանցիկ գործունեության, որի հիմքում լինելու է հասարակությանը պարբերաբար հաշվետվություններ ներկայացնելու սկզբունքը: Ապրիլի 22-ին Կ.Անդրեասյանը ներկայացրել է իր դիտարկումները դատական համակարգի վերաբերյալ։ «Դատարանները կոչված են պաշտպանել մարդկանց իրավունքները պետական մարմիններից, մասնավոր ընկերություններից եւ այլ մարդկանցից, մինչդեռ հաճախ մարդկանց պետք է պաշտպանել դատարաններից: 2010 թվականին արդար դատաքննության իրավունքի պաշտպանության խնդրանքով Պաշտպանին հասցեագրված դիմումները կազմել են բողոքների ընդհանուր թվի շուրջ 40%-ը: Օրենքով իմ լիազորությունն է մարդկանց պաշտպանել բոլոր պետական մարմիններից, բացառությամբ դատարաններից: Առանձին դատավորների անարդարության, դատական իշխանության բարձրագույն ղեկավարության ակնհայտ թերացումների եւ դատական համակարգի անկատարության պայմաններում մարդիկ կորցնում են արդարության զգացումն ու, որպես դրա հետեւանք, ծայրահեղ հիասթափվում պետական բոլոր ինստիտուտներից: Միջազգային կազմակերպությունների եւ տաբեր փորձագետների գործուն ջանքերով ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրվեց այն մոտեցումը, որ դատական համակարգը բացարձակ անկախ լինի բոլորից եւ ամեն ինչից: Այնինչ դատական անկախություն նշանակում է արդարամիտ եւ բարեխիղճ դատավորի ազատություն ամեն տեսակ ճնշումներից, այլ ոչ թե դատական համակարգի անպատասխանատու մեկուսացում եւ սեփական արատների մեջ բյուրեղացում: Այսօր, ըստ օրենքի, դատավորի նկատմամբ վերահսկողություն իրականացնում է կամ վերադաս դատարանը կամ մեծամասամբ դատավորներից կազմված Արդարադատության խորհուրդը: Այսօր, իմ խորին համոզմամբ, դատավորն անկախ չէ որպես անհատ, քանի որ կարող է ճնշման ենթարկվել դատական իշխանության բարձրագույն ղեկավարության կողմից: Այսօր այդ ղեկավարությունը հաշվետու եւ պատասխանատու չէ հանրության առաջ, քանի որ չկան իրավական մեխանիզմներ դատական համակարգի իրավաչափ վերահսկողության համար: Ներպետական դատական համակարգում եղած անարդարության զսպման հնարավոր իրական եւ իրավական միակ մեխանիզմը Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է, ինչի մասին վկայում է այս ատյանին ուղղվող դիմումների քանակի էական աճը: Դատական համակարգի նկատմամբ իրավաչափ վերահսկողության երաշխիք կարող էր դառնալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ Արդարադատության խորհրդի կազմի ընդլայնումը, որպեսզի դատավոր անդամները խորհրդում չկազմեին մեծամասնություն: Այս լուծումը, նույնիսկ եթե ընդունվի հասարակության եւ քաղաքական ուժերի կողմից, պահանջում է ՀՀ Սահմանադրության փոփոխություն, ինչն ինքնին երկարատեւ ու բարդ գործընթաց է: Իմ լիազորությունները դատական համակարգում չափազանց սահմանափակ են: Ես չեմ կարող միջամտել ոչ մի խնդրի, որը ենթակա է դատարանի կողմից քննության: Ես չեմ կարող նույնիսկ գնահատական տալ որեւէ գործի, երբ այն գտնվում է դատարանի վարույթում: Արդար դատաքննության իրավունքի պաշտպանության համար 2011 թվականի հունվարից օրենքով ինձ տրվել է միայն մեկ լիազորություն, այն է` երբ գործը դատարանում վերջնական ավարտվել է, եւ այլեւս հնարավոր չէ որեւէ կերպ ազդել մարդու տվյալ իրավունքի պաշտպանության վրա, Պաշտպանը կարող է Արդարադատության խորհրդին հաղորդել դատավորի կողմից թույլ տրված ապօրինության մասին, ինչի հետեւանքով դատավորին կարող են ենթարկել պատասխանատվության, ընդհուպ մինչեւ` ազատել զբաղեցրած պաշտոնից: Արդեն ավարտված գործով Պաշտպանին դիմելու հետեւողականություն կարող են դրսեւորել միայն քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ եւ բարձր իրավագիտակցությամբ օժտված անձինք, այդ թվում` փաստաբանները: Երբ փաստաբանները դատական սխալի կամ անարդարության պատճառով պարտվում են առանձին գործով, իրենք շահագրգիռ են շարունակել պայքարը` ապագայում նման գործերով արդարության հաստատման նպատակով: Հաշվի առնելով հենց այս հանգամանքը` 2011 թվականի մայիսի 27-ին ՀՀ փաստաբանների պալատի հետ համատեղ նախաձեռնել եմ արդար դատաքննության իրավունքի պաշտպանության ֆորում, որի ընթացքում կներկայացնեմ իմ կոնկրետ առաջարկները եւ քայլերը դատական համակարգի հետագա բարեփոխման եւ զարգացման համար»: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան
Նոյյան տապան  -   Իրավունք