«Եթե ինքնաբացարկ չհայտնես, ապա կխորացնես կասկածը առ այն, որ մասնակից ես եղել Քոչարյանին ապօրինի կալանքից ազատելու գործին». դաս՝ Մխիթար Պապոյանին
25-11-2019 14:23:35 | Հայաստան | Իրավունք
ԻՐԱՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՄԽԻԹԱՐ ՊԱՊՈՅԱՆԻՆ - ԵՐԿՈՒ ( ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ )
Նախկինում նշել էի, որ քանի որ չենք կարողանում դատական համակարգը ազատել Պապոյանի նման դատավորներից և նրանք շարունակում են պաշտոնավարել ու մարդկանց ճակատագրեր որոշել, ապա մենք պարտավոր ենք նրա նմաններին կրթել:
Հենց այդ նպատակով էլ ունկնդիր Պապոյանին օրերս տվեցի առաջին դասը, որի առարկան ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով նախատեսված դատավորի ինքնաբացարկի ինստիտուտն էր:
Անկեղծ ասած մտածում էի, որ Պապոյանը կընկալի այդքան պարզ և հանրամատչելի լեզվով տված դասը, բայց ինչպես տեսնում եմ սույն ունկնդիրի հետ դեռ երկար պետք է աշխատել:
Այսպես՝ դաս երկրորդ, առարկան կրկին դատավորի ինքնաբացարկի ինստիտուտը:
Դասավանդման առիթը՝
<<ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Առաջին ատյանի դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել:
Գործը մակագրվել է նույն դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին։ Դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 26-ին>>:
Վերլուծվող նորմը
ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը
1. Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ:
2. Ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ`
1) դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ.
Հարգելի ունկնդիր, դեռևս ապրիլ ամսին հրապարակում էի կատարել, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման և ՍԴ դիմելու որոշումները գրել են վերաքննիչ դատարանի երեք դատավորներ, որոնց թվում նշել էի նաև քո՝ Մխիթար Պապոյանի անունը:
Սույն փաստի հետ կապված, քո հաղորդման հիման վրա, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված է քրեական գործ և ընդանում է նախաքննություն:
Այսինքն, հարգելի ունկնդիր, դեռևս ոչ հերքված և ոչ էլ հաստատված է, քո մասնակցությունը առաջին ատյանում Ռոբերտ Քոչարյանին ապօրինի կալանքից ազատելու գործում:
Իսկ սա հարգելի ունկնդիր, նշանակում է, որ ցանկացած անաչառ դիտորդի մոտ, կարող է առաջանալ կանխավարկած, որ դու որպես դատավոր ունես կանխակալ վերաբերմունք դատավարության կողմերից մեկի, տվյալ դեպքում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:
Հիշեցնեմ, որ հենց վերը նշված հիմնավորմամբ հարգելի ունկնդիր, դու ինքնաբացարկ ես հայտնել Կարեն Բաբակեխյանի կողմից իմ նկատմամբ սուտ մատնություն կատարելու գործից և ինքնաբացարկիդ որոշման մեջ, որպես հիմք, նշել ես, վերը նշված հրապարակումը և հարուցված քրեական գործը:
Սա էլ նշանակում է, որ ելնելով դատավորի կողմնակալության վերաբերյալ ցանկացած կանխավարկած բացառելու սկզբունքից դու պարտավոր ես ինքնաբացարկ հայտնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննության գործից:
Ամփոփեմ
Եթե ինքնաբացարկ չհայտնես, ապա վերը նշված հիմնավորմամբ կդրսևորես վարքագիծ, որը կհամարվի անհամատեղելի դատավորի բարձր պաշտոնի հետ և կխորացնես կասկածը առ այն, որ մասնակից ես եղել Ռոբերտ Քոչարյանին ապօրինի կալանքից ազատելու գործին: