Մարտին Սարգսյան. «Սիրիայի նախագահի այցը Հայաստան պատեհ առիթ
է քննարկելու տնտեսական հարաբերությունների զարգացման
հեռանկարները»
18-06-2009 18:00:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 18-ին Երեւանում
տեղի ունեցավ հայ-սիրիական գործարար համաժողով, որին մասնակցում
էին երկու երկրների 160-ից ավելի գործարարներ: ՀՀ
Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը հույս
հայտնեց, որ համաժողովը երկու երկրների գործարարներին
համագործակցելու եւ համատեղ ձեռնարկություններ ստեղծելու
հնարավորություն կտա:
Մ.Սարգսյանի խոսքերով, ի տարբերություն քաղաքականի,
հայ-սիրական տնտեսական հարաբերությունները չեն գտնվում բարձր
մակարդակի վրա, եւ Սիրիայի նախագահի այցը Հայաստան պատեհ առիթ է
քննարկելու դրանց զարգացման հեռանկարները: Նրա խոսքերով, տնտեսական
կապերի հաստատման ուղղությամբ վերջին տարիներին մեծ աշխատանք է
կատարվել, անցկացվել են գործարարների մասնակցությամբ հանդիպումներ,
քննարկումներ: 2008թ.-ին Հալեպում կազմակերպվել է հայկական
ապրանքների ցուցահանդես, որը մեծ արձագանք է ունեցել Սիրիայում:
«Ցուցահանդեսի ժամանակ նշմարվեցին այն ուղղությունները, որոնց
շուրջ կարող ենք բանակցել եւ զարգացնել նաեւ առեւտրատնտեսական
հարաբերությունները: Դրանք հիմնականում գյուղատնեսության եւ բարձր
տեխնոլոգիաների ոլորտներ են»,- նշեց Մ.Սարգսյանը` հավելելով, որ
բացի դրանից Հալեպի առեւտրաարդունաբերական պալատի հետ
պայմանավորվածություն է ձեռքբերվել բացել հայկական ապրանքների
մշտական ցուցասրահ, ինչը արտահանման համար լուրջ խթան կհանդիսանա:
Նշվեց նաեւ, որ թեեւ Հայաստանի եւ Սիրիայի
առեւտրաշրջանառության ծավալներում վերջին տարիներին նկատելի աճ է
արձանագրվել, սակայն դրանք դեռեւս չափազանց փոքր են: Առանձնապես
մտահոգիչ է Հայաստանից Սիրիա արտահանման ծավալների տարեցտարի
նվազումը. եթե 2005թ.-ին այն կազմել է 470 հազար ԱՄՆ դոլար,
2006թ.-ին` 240 հազար, 2007թ.-ին` 150 հազար, ապա 2008թ.-ին` 90
հազար ԱՄՆ դոլար: