Մարտին Սարգսյան. «Սիրիայի նախագահի այցը Հայաստան պատեհ առիթ<br /> է քննարկելու տնտեսական հարաբերությունների զարգացման<br /> հեռանկարները»<br />


Մարտին Սարգսյան. «Սիրիայի նախագահի այցը Հայաստան պատեհ առիթ
է քննարկելու տնտեսական հարաբերությունների զարգացման
հեռանկարները»

  • 18-06-2009 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 18-ին Երեւանում տեղի ունեցավ հայ-սիրիական գործարար համաժողով, որին մասնակցում էին երկու երկրների 160-ից ավելի գործարարներ: ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը հույս հայտնեց, որ համաժողովը երկու երկրների գործարարներին համագործակցելու եւ համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հնարավորություն կտա: Մ.Սարգսյանի խոսքերով, ի տարբերություն քաղաքականի, հայ-սիրական տնտեսական հարաբերությունները չեն գտնվում բարձր մակարդակի վրա, եւ Սիրիայի նախագահի այցը Հայաստան պատեհ առիթ է քննարկելու դրանց զարգացման հեռանկարները: Նրա խոսքերով, տնտեսական կապերի հաստատման ուղղությամբ վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարվել, անցկացվել են գործարարների մասնակցությամբ հանդիպումներ, քննարկումներ: 2008թ.-ին Հալեպում կազմակերպվել է հայկական ապրանքների ցուցահանդես, որը մեծ արձագանք է ունեցել Սիրիայում: «Ցուցահանդեսի ժամանակ նշմարվեցին այն ուղղությունները, որոնց շուրջ կարող ենք բանակցել եւ զարգացնել նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունները: Դրանք հիմնականում գյուղատնեսության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներ են»,- նշեց Մ.Սարգսյանը` հավելելով, որ բացի դրանից Հալեպի առեւտրաարդունաբերական պալատի հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել բացել հայկական ապրանքների մշտական ցուցասրահ, ինչը արտահանման համար լուրջ խթան կհանդիսանա: Նշվեց նաեւ, որ թեեւ Հայաստանի եւ Սիրիայի առեւտրաշրջանառության ծավալներում վերջին տարիներին նկատելի աճ է արձանագրվել, սակայն դրանք դեռեւս չափազանց փոքր են: Առանձնապես մտահոգիչ է Հայաստանից Սիրիա արտահանման ծավալների տարեցտարի նվազումը. եթե 2005թ.-ին այն կազմել է 470 հազար ԱՄՆ դոլար, 2006թ.-ին` 240 հազար, 2007թ.-ին` 150 հազար, ապա 2008թ.-ին` 90 հազար ԱՄՆ դոլար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն