Թուրքիայում կարող է շեշտակի մեծանալ հայերի թիվը. բացառիկ հնարավորություն


Թուրքիայում կարող է շեշտակի մեծանալ հայերի թիվը. բացառիկ հնարավորություն

  • 17-12-2019 11:36:38   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir.am-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը:
 
Պարոն Գաբրիելյան, ինչպե՞ս եք գնահատում Պոլսո նորընտիր պատրիարք Սահակ Մաշալյանի արած հայտարարությունը կապված ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի հետ: Մասնավորապես, նա նշել է, որ ԱՄՆ–ն հարցն օգտագործում է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար, ինչը բարոյական չէ: Սա կարո՞ղ ենք դիտարկել պատրիարքի կողմից Թուրքիայի իշխանություններին հաճոյանալու քայլ։
 
Ես գիտեմ, որ Հայաստանում շատերը սվիններով են ընդունել Սահակ Մաշալյանի այդ հայտարարությունը, սակայն այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք գործոններ։ Նախևառաջ այն, որ պատրիարքը գործում է Թուրքիայի նման երկրում և այսպիսի ժամանակներում։ Նկատի ունեմ այն, որ 2010-ականներին նեոօսմանիզմի քաղաքականություն վարող Թուրքիան մեծապես տարբերվում է 2000-ականներին զրո խնդիր հարևանների հետ քաղաքականություն վարող Թուրքիայից, և որ հիմա շատ ավելի վատ մթնոլորտ է Թուրքիայում՝ կապված մարդու իրավունքների հետ։ Հարկավոր է հաշվի առնել այն, որ պատրիարքի պաշտոնն ինքնին ենթադրում է թուրքական իշխանությունների հանդեպ որոշակի լոյալություն, որ պատրիարքը նոր է ընտրվել, ընդ որում՝ թուրքական իշխանությունների գծած սցենարով, նրա դիրքերը դեռ չեն ամրապնդվել, և նա ինչ-որ տեղ կարիք ունի սկզբի համար փոքր-ինչ շահել թուրքական իշխանությունների համակրանքը։ Եվ վերջապես, կարևորը ոչ թե հայտարարություններն են, այլ կատարած աշխատանքը, և հետագայում կտեսնենք, թե ինչ ուղղությամբ է շարժվելու պատրիարքը։
 
Անդրադառնալով բուն հայտարարությանը՝ բնականաբար, միամտություն կլիներ կարծել, թե նորընտիր պատրիարքը միանգամից պետք է ողջուներ այդ բանաձևը, հանդես գար համապատասխան բոցաշունչ ճառերով և այլն։ Բացի այդ, Հայաստանում էլ մարդկանց մի զգալի մասը համարում է, որ բարոյական չէ, որ ԱՄՆ-ը կամ այլ երկրները Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ծառայեցնում են որպես Թուրքիայի նկատմամբ ճնշման լծակ (ես հավատացած եմ, որ նաև հումանիտար տեսանկյունից բանաձևերի ընդունումը շատ կարևոր էր ԱՄՆ-ի համար, և որ կոնգրեսականները չէին կարող սպասել ասենք 10 տարի՝ ենթադրելով, որ այդ ժամանակ թուրք-ամերիկյան հարաբերությունները չեն լինի լարված և իրենց այդ քայլը չեն ընկալի որպես Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց)։ Պատրիարքի հայտարարությունում արժե նկատել նաև մյուս հատվածները, որ նա կարևորում է նաև ուղիղ երկխոսությունը Հայաստանի ու Թուրքիայի միջև։ Մի խոսքով՝ կարծում եմ, որ այս (սկզբնական) փուլում պետք է առժամանակ հանգիստ թողնել պատրիարքին, տեսնել, թե ինչ աշխատանք է կատարում, որ ուղղություններով և հետո նոր սկսել գնահատականներ տալ։ Չեմ բացառում, որ ներկայում պատրիարքի հայտարարությունը շատ սուր ընդունածների մի մասը վաղը սկսեն գովաբանել նրան՝ իհարկե կախված պատրիարքի հետագա գործունեությունից։
 
Ընդհանրապես հաշվի առնելով, թե Պոլսո պատրիարքի ինչպիսի ընտրություններ տեղի ունեցան, մեր ակնկալիքները պատրիարքից ինչպիսի՞ն պետք է լինեն: Արդյոք մենք կարող ենք ավելի ջերմ հարաբերություններ ակնկալել, քան Աթեշյանի դեպքում էր:
 
Անկախ ընտրությունների անցկացման սցենարներից և արդյունքներից՝ անձամբ ես մեծ ակնկալիքներ ունեմ պատրիարքից։ Կարծում եմ, որ Սահակ Մաշալյանը պատրիարք է ընտրվել այնպիսի ժամանակահատվածում, երբ բացառիկ հնարավորություն ունի իր քայլերով մեծացնելու հայկական գործոնը Թուրքիայում, ընդ որում՝ առանց թուրքական իշխանությունների հետ առճակատման գնալու։ Պատրիարքը առաջին հերթին կարող է գործել այնպիսի ոլորտներում, որոնցում համընկնում են հայության ու թուրքական իշխանությունների շահերը։ Որքան էլ որ դա կարող է պարադոքսալ թվալ, այնուամենայնիվ, կան այդօրինակ մի շարք ոլորտներ։ Դրանց թվում կնշեի ժամանակակից Թուրքիայի տարածքում հայկական պատմամշակութային ժառանգությունը պահպանելու, պահպանության տակ առնելու և գանձագողության դեմ խոշոր պայքար ծավալելը։ Ըստ իս՝ այստեղ համընկնում են երկուստեք շահերը։ Մասնավորապես, թուրքական իշխանությունների համար դա կարող է շահեկան լինել թե սեփական իմիջի բարձրացման և թե հատկապես զբոսաշրջային պլանում։ Հայտնի է, որ Թուրքիան տնտեսական բազում խնդիրներ ունի և կարիք ունի զբոսաշրջային հոսքերի մեծացման։ Իսկ հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը և վերանորոգումը օգտակար կլինի ոչ միայն Հայաստանից, այլև այլ երկրներից զբոսաշրջային հոսքեր ապահովելու միջոցով։ Օրինակ, կարող է տարօրինակ թվալ, սակայն Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումից հետո Աղթամար կղզի ամենաշատն այցելում են ոչ թե հայերը, այլ՝ իրանցիները։ Իսկ Թուրքիայում տնտեսական շատ հարցեր սկսել են լուծել հենց զբոսաշրջության միջոցով՝ (այդ թվում նաև հայկական) տեսարժան վայրերի  մուտքավճարների թանկացմամբ կամ դրանք սահմանելով՝ նախկին անվճար մուտքի փոխարեն։ Նկատենք, որ զբոսաշրջությունը նաև արտարժույթ բերող ոլորտ է, ինչը նույնպես կարևոր է թուրքական տնտեսության համար։
 
Մյուս կարևոր ոլորտը, ուր կարող է խոշոր գործունեություն ծավալել Սահակ Մաշալյանը, դա այն է, որ որոշակի ջանքերի դեպքում Թուրքիայում կարող է շեշտակի մեծանալ հայերի թիվը։ Որոշ տվյալներով՝ Թուրքիայում ապրում են մոտ 4 միլիոն իսլամացած, ծպտյալ հայեր, որոնց զգալի մասը քրդացած է։ Մենք գիտենք, որ թուրքական իշխանությունները չափազանց մտահոգ են երկրում քուրդ բնակչության չափազանց արագ աճից, և որ այս տեմպերի պահպանման դեպքում քրդերը կարող են մեծամասնություն կազմել Թուրքիայում։ Եվ թեև քրդերը ներկայում զգալի պառակտված են, նրանց առաջնորդը արդեն 20 տարի է, ինչ բանտարկված է, այնուամենայնիվ կարծում եմ, որ ժամանակի պահանջը կծնի երիտասարդ քուրդ առաջնորդ (եթե արդեն իսկ չի ծնել), որը կփորձի «Քրդական հարցի» լուծումը տանել ժողովրդագրական լուծման ճանապարհով։ Բացի այդ, թուրքական իշխանությունները մտահոգ են, որ երկրի արևելյան նահանգները (Արևմտյան Հայաստան) գերազանցապես քրդաբնակ են։ Ելնելով այս ամենից՝ կարծում եմ, որ պատրիարքը կարող է համապատասխան քննարկումներ ծավալել թուրքական իշխանությունների հետ, համոզել, որ տարածաշրջանում քրդերին հակակշռելու թերևս միակ տարբերակը քրդացած հայերի շրջանում զարթոնք առաջացնելն է, որպեսզի այդ մարդիկ ամբողջովին վերադառնան իրենց հայկական արմատներին։ Այս հարցում անգամ կարող է պետք գալ ՀՀ-ի օգնությունը, և պատրիարքը կարող է կամրջի դեր խաղալ Հայաստանի ու Թուրքիայի իշխանությունների միջև։ Ես կարծում եմ, որ այս ամենն իրականացնելու համար առկա է մեծ պոտենցիալ, որոշակի բարենպաստ մթնոլորտ, և որ Սահակ Մաշալյանին ընձեռվել է բացառիկ հնարավորություն։ Նախորդ տարի թուրքական իշխանությունների կողմից տոհմածառի կայքի գործարկումը նույնպես կապում եմ Թուրքիայում քուրդ բնակչության թվաքանակի աճի հետ․ այդ կայքի միջոցով բազմաթիվ «քրդեր» իմացան իրենց հայկական արմատների մասին։
 
Հուսով եմ, որ թե ՀՀ իշխանությունները, թե Պոլսո Հայոց պատրիարքը կգնան այս քայլերին, ինչը կմեծացնի հայկական գործոնը Թուրքիայում, այդ թվում նաև ընտրական համատեքստում, ինչպես նաև ՀՀ դիրքերը Թուրքիայում։ Այդպիսով, պատրիարքը կարող է դառնալ նաև ՀՀ փափուկ ուժի քաղաքականության մաս և մի շարք հարցերում Հայաստանն ազատել Թուրքիայի ներքին գործերին միջամտելու հնարավոր մեղադրանքներից։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play