Արմեն Սարգսյանը կհռչակվի հակահեղափոխակա՞ն. նոր իրավիճակ


Արմեն Սարգսյանը կհռչակվի հակահեղափոխակա՞ն. նոր իրավիճակ

  • 03-02-2020 17:05:44   | Հայաստան  |  Վերլուծություն

Նպատակը մեկն է՝ շուտափույթ լուծել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված վիճակը, հայտարարել է ԱԺ խորհրդարանական մեծամասնության խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով աղմուկ հանած օրենսդրական նախաձեռնություններին, որոնք ենթադրում են ԱԺ օրենքների, նաեւ Սահմանադրության փոփոխության պարագայում Սահմանադրական դատարան եւ հանրապետության նախագահին այդ փաթեթներն ուղարկելու նորմի չեղարկում:
 
Այդպիսով նախատեսվում է առաջիկա Սահմանադրության փոփոխությունն ապահովագրել ՍԴ կարծիքից, մինչեւ այդ փոփոխությամբ արդեն ամբողջական կլուծվի Սահմանադրական դատարանի հարցը:
 
Սահմանադրության փոփոխության վերաբերյալ նախագահի նստավայրի հաղորդագրության մեջ նշվում էր, որ Արմեն Սարգսյանը կողմ է խնդրի իրավական հանգուցալուծմանը: Միաժամանակ նա կարեւոր էր համարել ոչ միայն նպատակը, այլեւ դրան հասնելու միջոցը:
 
Միջոցի այն տարբերակը, որ առաջարկվում է ԱԺ արտահերթ նիստի օրակարգով, առաջացնում է հարցադրումներ այդ մոտեցման իրավաչափության առնչությամբ: Ինչպես սահմանադրագետ, Գերմանիայում ուսանած եւ աշխատող իրավագիտության դոկտոր Գոռ Հովհաննիսյանն էր գրել՝ թե Սահմանադրության փոփոխության, թե որեւէ օրենքի հարցում ՍԴ մասնակցությունը հույժ կարեւոր է պետական անվտանգության տեսակետից:
 
Կառավարող մեծամասնությունն ամեն ինչի պատասխանում է այն տրամաբանությամբ, որ ՍԴ-ն լեգիտիմ չէ, եւ պետք է լուծվի այդ մարմնի լեգիտիմության հարցը: Բայց այստեղ կա մի ուշագրավ հանգամանք: Իշխող մեծամասնությունը, առաջարկելով չեղարկել օրենսդրական փաթեթը նախագահին ուղարկելու նորմը, փաստորեն նաեւ Արմեն Սարգսյանի լեգիտիմությունն ու վստահելիությունն է դնում կասկածի տակ:
 
Նախագահ Սարգսյանը չի գնահատել այդ նախաձեռնությունը, իսկ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ իր գնահատականն էլ թողել է, մինչ ամբողջապես պարզ կլինի փոփոխության բովանդակությունը:
 
Արմեն Սագսյանը կընդդիմանա՞ ԱԺ մեծամասնությանն իր լիազորության պահպանման հարցում, թե՞ կգերադասի չգնալ ուղիղ դիմակայության, առավել եւս ռեսուրսների եւ քաղաքական ու իրավական լծակների խիստ անհավասարության պայմաններում: Մինչ այժմ նախագահ Սարգսյանն առաջնորդվել է մեծամասնության հետ դիմակայության չգնալու եւ հետհեղափոխական քաղաքական վերադասավորումների ընթացքին չխոչընդոտելու տրամաբանությամբ: Մյուս կողմից, ակնարկելով այն մասին, որ կարեւոր է ոչ միայն նպատակը, այլեւ դրան հասնելու միջոցը, նախագահ Սարգսյանը բավական թափանցիկ ուղերձ է հղում մեծամասնությանը, որ ներկայում օրակարգ բերվող միջոցի հարցում տեսնում է խնդիր:
 
Ինչպե՞ս կարձագանքի մեծամասնությունը: Կառավարող մեծամասնությունը, կամ դրա առաջնորդը՝ վարչապետը խնդիր կտեսնե՞ն հանրապետության նախագահի հետ գործակցության ռեժիմից դիմակայության ռեժիմ անցնելու մեջ, լինի այն ուղիղ, թե նույնիսկ լատենտ դիմակայություն, թե՞ կհամարեն, որ հնարավոր է խնդիրը լուծել Արմեն Սարգսյանին էլ հակահեղափոխական հռչակելով, եւ վերջ:
 
Թեեւ, դա գուցե իր հերթին ձեւով լինի արդեն ստանդարտ իրավիճակ, բայց խորքային առումով հետաքրքիր նոր փուլ, երբ հանրապետության նախագահը մինչ այդ իշխանության կցորդ պիտակավորվելով նախկին իշխանության շրջանից, նոր իշխանությունից էլ կբնորոշվի «հակահեղափոխական», միաժամանակ իր կալիբրով ստանալով երրորդ բեւեռի հնարավորություն, թեկուզ միայն խոսքի ուժն իրացնելու հեռանկարով: Առավել եւս, գործնականում դա է քաղաքականության ամենամեծ ուժը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն