Նորից բոլորը խաղից դուրս. Նիկոլ Փաշինյանը թողեց երկուսին


Նորից բոլորը խաղից դուրս. Նիկոլ Փաշինյանը թողեց երկուսին

  • 11-02-2020 13:00:59   | Հայաստան  |  Վերլուծություն

ՍԴ դատարանակազմի հարցի լուծման առիթով համաժողովրդական հանրաքվեի նախաձեռնությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում դարձյալ ստեղծել է «խաղից դուրս» վիճակ, ինչպես Երեւանի քաղաքապետի կամ խորհրդարանի արտահերթ ընտրությանը:
 
Այդ վիճակն արտահայտվում է գործընթացի տողատակում, որովհետեւ առերեւույթ խաղի մասնակից են գրեթե բոլորը՝ ունենալով հանրաքվեի կամ ՍԴ հարցի վերաբերյալ սեփական կարծիքն ու դիրքորոշումը շարադրելու հնարավորություն: Տողատակում սակայն, հանրաքվեի համատեքստում հարցը դնելով այո-հեղափոխություն եւ ոչ-հակահեղափոխություն շեշտադրումով, վարչապետ Փաշինյանը կամա թե ակամա խաղից դուրս է դնում բոլորին, թողնելով երկու ուժի՝ իրեն եւ նախկին իշխող համակարգին:
 
Մնացյալ բոլոր դիրքորոշումները գործնականում մնում են այդ երկու դիրքավորումների ստվերում՝ լինեն այո, ոչ, չգիտեմ, թե ուրիշ որեւէ բան:
 
Լավ է դա, թե վատ, տարբեր տեսակետներ կարող են լինել, մյուս կողմից պետք է արձանագրել թերեւս, որ խնդիրը լավը կամ վատը չէ, այլ օբյեկտիվ իրողությունը: Հետհեղափոխական երկամյակի ընթացքում գործնականում չի ձեւավորվել ուժերի այլ հարաբերակցություն, որովհետեւ չի ձեւավորվել այլ մրցունակ բովանդակություն: Մեծ հաշվով, առ այսօր գրեթե բոլորն էլ կռվում են նախկին համակարգի հետ: Եթե անգամ նրանց խնդիրը նոր իշխանության հետ է, ապա դարձյալ՝ առավելապես այն թեմայի շուրջ, թե ինչու՞ արագ չեն մաքրվել նախորդ համակարգի հետ հաշիվները:
 
Եթե ներքին բովանդակությունը դա է, ապա այդ կռիվը նախորդ համակարգի հետ լավագույնս կմղի ինքը Փաշինյանը, ինչու՞ պետք է տա այդ հնարավորությունն այլ ուժերի, առավել եւս, եթե այդ ուժերը տվյալ խնդրով փորձում են կապիտալ հավաքել արդեն ոչ թե նախկին համակարգի, նախկին իշխանության, այլ հենց Փաշինյանի հաշվին:
 
Առերեւույթ թվում է, որ Փաշինյանը հնարավորություն է տալիս նախկին իշխող համակարգին: Խորքային առումով սակայն, նա օգտագործում է այն հնարավորությունը, որ այդ համակարգին տվել ու տալիս են Փաշինյանի ընդդիմադիրները, գործնականում մնալով իշխանություն-ընդդիմություն այն «դասական» տրամաբանությամբ վարքագծի շրջանակում, որ եղել է մինչեւ հեղափոխությունը: Վարչապետ Փաշինյանը պարզապես ձգտում է իր առավելության վերածել այն, ինչ բավական շոշափելի խնդիր է թե իր, թե հանրության համար:
 
Կփոխվի՞ խաղի տրամաբանությունը հանրաքվեից հետո, կամ հանրաքվեի ընթացքում: Առայժմ չեն նշմարվում քաղաքական սուբյեկտներ, որոնք պատրաստ են անել դա:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն