Թուրքիան մնաց լուսանցքում ու հանձնվում է. հայերը թույլ չտվեցին


Թուրքիան մնաց լուսանցքում ու հանձնվում է. հայերը թույլ չտվեցին

  • 24-03-2020 09:30:56   | Հայաստան  |  Վերլուծություն

Թուրքիան ահռելի միջոցներ է ծախսել փախստականներին զսպելու համար, սակայն այլեւս ի վիճակի չէ միայնակ ապահովել Եվրոպայի ու ՆԱՏՕ-ի սահմանները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն:
 
Թուրքիան գրեթե մշտական ռեժիմով շանտաժի է ենթարկում Եվրոպային, թեեւ Եվրոպան կարծես թե մինչ այժմ դրսեւորել է շանտաժի ենթարկվելու «բարի կամք եւ պատրաստակամություն»: Համենայն դեպս, այդ շանտաժը աշխատել է, թեեւ վերջին՝ ռուս-թուրքական իդլիբյան բախման համատեքստում կարծես թե նկատվեցին Եվրոպայի դիմադրության նշաններ:
 
Իրավիճակին միջամտեց նաեւ կորոնավիրուսը, որը ձախողեց Մերկելի եւ Մակրոնի հետ Էրդողանի հանդիպումը, որը նախատեսվում էր Անկարայում: Եվրոպան բռնկվել է կորոնավիրուսով, համենայն դեպս առկա է այդպիսի տեղեկատվական լայն արշավ, եւ Թուրքիայի համար ոչ միայն դժվար է կիրառել ավանդական շանտաժը, այլ նաեւ փախստականներին «գայթակղել» Եվրոպայով: Ո՞վ կուզի ընկնել կորոնավիրուսի եռացող կաթսայի մեջ:
 
Ահա այդ ֆոնին, Չավուշօղլուի հայտարարությունը ստանում է փոքր ինչ հուսահատական երանգ: Թուրքիայի արտգործնախարարը փաստորեն խոսում է ոչ թե փախստականներին զսպել չկարողանալու մասին, այլ ընդգծում է Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի սահմանի հանգամանքը: Գործնականում, Թուրքիան հանձնվում է, արձանագրելով, որ միայնակ այլեւս ի զորու չէ ապահովել Եվրոպայի ու ՆԱՏՕ-ի սահմանապահի առաքելությունը: Անկարան փորձում է ավելի դրամատիզացնել իրավիճակը, բայց ամբողջ խնդիրն այն է, որ նրա վրայից ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի սահմանապահի առաքելությունը ժամանակը հանել է վաղուց, գործնականում ԽՍՀՄ փլուզումից եւ Արցախում հայկական հաղթանակից հետո:
 
Ու թեեւ այդ հաղթանակից հետո Հայաստանի պետական քաղաքականությունը տվել է ինքնիշխանության կարողության էական կասկածների տեղիք, այդուհանդերձ խորքային առումով Կովկասի նոր իրավիճակը ջնջել է Թուրքիայի սահմանապահ կարգավիճակը:
 
Ինչ վերաբերում է մերձավորարեւելյան ուղղությանը, ապա այստեղ իրավիճակը բնորոշվում է առաջին հերթին սահմանների վերանայման տրամաբանությամբ, ըստ այդմ անորոշ է, թե այդ ուղղությամբ որտեղով է անցնելու Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի սահմանը: Առավել եւս նկատի ունենալով ԱՄՆ առաջարկը, որ մերձավորարեւելյան ռեգիոնում պետք է բարձրացնել ՆԱՏՕ-ի դերը:
 
Անկարայի համար իրավիճակն անխուսափելին է: Ռուսաստանի հետ համատեղ պայմանավորվածությամբ այդ դերը վերականգնելու տարիների ջանքը փաստորեն ջուրն ընկավ նաեւ ապրիլյան քառօրյայում հայերի ինքնիշխան դիմադրությամբ, ինչը էական խնդիրներ առաջ բերեց ռուս-թուրքական հարաբերության խորքում: Ու թեեւ կողմերը ամեն կերպ փորձում են ձեռնպահ մնալ դրանց առերեսվելուց, այդուհանդերձ բավականին դժվար է հակասական տանդեմի կամ ոխերիմ բարեկամության հանգամանքը նախկին թանկ գնով Եվրատլանտյան բեւեռի եւ դրա անվտանգության երաշխավոր ԱՄՆ-ի վրա վաճառելն ու Անկարայի դերը վերականգնելը, Ռուսաստանի համար «հայելային» էֆեկտով:
 
Էրդողանն անշուշտ շարունակելու է շանտաժը, բայց այն արդեն ավելի շատ քայքայելու է թուրքական քաղաքականությունը, քան Եվրոպայի առողջությունը: Այդ առումով  կորոնավիրուսը Անկարային թողել է լուսանցքում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն