Վստահեցնում եմ՝ որևէ քաղաքացի չի մնալու «Դոմոդեդովոյում», բոլորը վերադառնալու են. վարչապետի խոսնակ.ՀԺ (տեսանյութ)


Վստահեցնում եմ՝ որևէ քաղաքացի չի մնալու «Դոմոդեդովոյում», բոլորը վերադառնալու են. վարչապետի խոսնակ.ՀԺ (տեսանյութ)

  • 18-04-2020 18:19:19   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



«Դոմոդեդովո» օդանավակայանում այս պահին գտնվում է 130 ՀՀ քաղաքացի: Քաղաքացիների մի մասը կտրականապես հրաժարվում է տեղափոխվել ՌԴ-ում ՀՀ դեսպանության տրամադրած հյուրանոցներ՝ պատճառաբանելով, որ հերթապահելու են օդանավակայանում այնքան ժամանակ մինչև կհայտարարվի հերթական թռիչքի մասին: Քաղաքացիները վստահեցնում են, որ մշտական տեսակապի մեջ են անձամբ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հետ, ցուցակ են կազմել և փոխանցել դեսպանություն, սակայն տարածքը լքել չեն պատրաստվում:
 
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ կառավարությունը և պարետատունը մշտական կապի մեջ են ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ: «Մենք տեղյակ ենք, որ շուրջ 135 քաղաքացի այս պահին օդանավակայանում է և հրաժարվում է տեղափոխվել հյուրանոց: Ցանկանում եմ վստահեցնել, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր քայլերը՝ մեր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Հավատացնում եմ, որ որևէ քաղաքացի չի մնալու դրսում, բոլորը վերադառնալու են: Ընդամենը պետք է հաշվի առնել, որ Հայաստան վերադառնալ ցանկացողները միայն Մոսկվայում չեն գտնվում: Այլ քաղաքաներում ևս մեծաթիվ քաղաքացիներ կան, և այս աշխատանքը կրում է բարդ, ժամանակատար և փուլային բնույթ, որով մենք զբաղվում ենք: Խնդիրն այն է, որ օդանավակայանում չեն պահպանվում անվտանգության և սանիտարահիգիենիկ պայմանները, ինչը կարող է տեղի իրավապահների ուշադրությանն արժանանալ: Այդ իսկ պատճառով մենք ապավինում ենք մեր քաղաքացիների բարձր գիտակցությանը և հորդորում լքել օդանավակայանի տարածքը՝ խստորեն հետևելով տեղի առողջապահական կանոններին: Դեսպանությունը ցուցակագրել է բոլոր քաղքացիներին, որոնք ցանկություն ունեն վերադառնալ, և առաջիկա թռիչքի դեպքում նրանք կվերադարնան»:
 
«Դոմոդեդովո» օդանավակայանի մամուլի ծառայությունից ՀԺ-ին փոխանցեցին, որ օդանավակայանի անվտանգության ծառայությունը մշտական կապի մեջ է ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ, իսկ ՌԴ իրավապահ մարմինների ներկայացուցիչները օդանավակայանի տարածքում ուշադրության տակ են պահում կարգ ու կանոնը:
 
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից էլ հաղորդեցին, որ ստացել են օդանավակայանում գտնվող քաղաքացիների կազմած ցուցակը: Բացի այդ, օրերս ստեղծված օնլայն հարցաթերթիկի օգնությամբ նույնպես բազմաթիվ հայտեր են ստացվել, որոնք մշակման փուլում են: Առաջիկայում չվերթ պլանավորելու պարագայում քաղաքացիներին օպերատիվ տեղեկատվություն կհաղորդվի, և առաջնահերթություն ունեցողները կընդգրկվեն հնարավոր չվերթում:
 
Նաիրա Բաղդասարյան
 
Մոսկվա
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը