Առաջին եւ վերջի՞ն հարվածը. Երեւանը մերկացրել է Բաքվին


Առաջին եւ վերջի՞ն հարվածը. Երեւանը մերկացրել է Բաքվին

  • 17-07-2020 15:26:32   | Հայաստան  |  Վերլուծություն

Ադրբեջանում կադրային փոփոխություններն ունեն հեռահար նպատակներ, ընդհուպ նախագահի փոփոխություն, Մինսկում հայաստանցի լրագրողների հետ հանդիպմանն ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, որը վարչապետ Փաշինյանի պատվիրակությամբ մասնակցում է ԵՏՄ միջկառավարական Խորհրդի նիստին:
 
Հայկական զինուժը Տավուշի պատժիչ գործողությամբ մերկացրել է Ադրբեջանում իշխանության խնդիրը, որը աստիճանաբար բացվում էր վերջին 2-3 տարիների ընթացքում: Այդ խնդիրը թելադրված է մի շարք գործոններով, որոնց աղբյուրը իհարկե առաջին հերթին այդ իշխանության բնույթն է, միեւնույն ժամանակ նոր աշխարհակարգի ձեւավորման գործընթացը:
 
Տավուշում Ալիեւը փաստացի ստացել է այդ նոր աշխարհակարգի առաջին հարվածը, որը կարող է նրա համար լինել նաեւ վերջինը: Ինչու Ալիեւը, կամ ինչու առաջինը: Չէ՞ որ արցախյան առաջին հաղթանակն ինքնին նոր աշխարհակարգի առաջին աղյուսներից մեկն է: Բանն այն է, որ դա իր վրա զգացել է ոչ իլհամալիեւյան Ադրբեջանը: Այդ հարվածը զգացել են Ադրբեջանի նախկին նախագահները, այդ թվում՝ Հեյդար Ալիեւը:
 
Իլհամ Ալիեւը զգում է առաջին անգամ, թեեւ ուներ պատրանք, որ ոչ միայն խուսափելու է այդպիսի հարվածից, այլ ինքն է լինելու հարվածողը: Բայց, 2016-ի տապալումից հետո Ալիեւի «բախտի անիվը» շրջվեց: Թերեւս հենց դա հասկանալով նա, կամ Ադրբեջանում իշխանության ազդեցիկ ուժերը սկսեցին պատրաստել Մեհրիբան Ալիեւայի պահեստային տարբերակը, ինչի մասին գրել եմ դեռեւս 2017 թվականից, երբ նա նշանակվեց առաջին փոխնախագահ՝ Ինչ է կատարվում Ադրբեջանում. Ալիեւը նահանջու՞մ է:
 
Հայաստանում թավշյա հեղափոխությամբ Ալիեւի իշխանության փակուղին սկսեց էլ ավելի խորանալ, իր հերթին դառնալով արդեն նաեւ ռեգիոնալ եւ աշխարհաքաղաքական փակուղի: Նոր աշխարհակարգի ձեւավորումը, որ գործնականում նաեւ հենց այդպիսի փակուղիների հաղթահարման գործընթաց է, անխուսափելիորեն ենթադրելու էր Ադրբեջանի հարցի առաջացում: Ընդ որում, հարցն այստեղ բավական նուրբ է՝ կամ Ադրբեջանը կդադարի գոյություն ունենալ այս տեսքով, կամ կդադարի Ալիեւի իշխանությունը:
 
Այդ հարցն է մտել քննարկման վճռորոշ փուլ, որը մերկացել է Տավուշի իրադարձություններով: Այդ համատեքստում էր հատկանշական Թուրքիայի խիստ եւ արագ արձագանքը, ուղղված անկասկած Ռուսաստանին, որը Բաքվի իշխանության հարցում Անկարայի գլխավոր մրցակիցն է: Խաղից դուրս չմնալու մասին ազդարարեց նաեւ Իրանը, հուլիսի 13-ին Էրդողան-Պուտին հեռախոսազրույցից հետո հուլիսի 15-ին եղավ Պուտին-Ռոհանի հեռախոսազրույցը, որի ընթացքում Իրանի նախագահը Պուտինին հայտնել էր, որ Ռուսաստանն ու Թուրքիան Իրանի հետ Աստանայի ձեւաչափով պետք է քննարկեն Սիրիայի հարցը՝ հանուն կայունության: Թեհրանի ակնարկը բավական թափանցիկ է, թեեւ խոսք չկա Կովկասի մասին: Անվտանգության ճարտարապետությունն այդ առումով փոխկապակցված է, եւ Թեհրանը Մոսկվային ու Անկարային ակնարկում էր, որ Բաքվի իշխանության հարցը չեն կարող լուծել առանց Թեհրանի:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն