Բացառիկ օր. Հայաստանը փոխեց խաղի ուղղությունը


Բացառիկ օր. Հայաստանը փոխեց խաղի ուղղությունը

  • 29-07-2020 12:32:32   | Հայաստան  |  Վերլուծություն

Հուլիսի 28-ը Հայաստանի զինված ուժերի համար այսպես ասած ռազմա-քաղաքական դիվանագիտության բացառիկ օր է, երբ Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինն այցելել է ՊՆ եւ հանդիպել նախարար Դավիթ Տոնոյանի հետ, իսկ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է ԶՈՒ Գլխավոր շտաբ եւ հանդիպել շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ: Երկու հանդիպումների ընթացքում էլ խոսվել է թե երկկողմ գործակցության, թե ռեգիոնալ անվտանգությանն առնչվող հարցերի, բնականաբար նաեւ հայ-ադրբեջանական լարվածության մասին:
 
Հայաստանի զինված ուժերը հայտնվել են ռեգիոնալ ռազմա-քաղաքական իրողությունների եւ բազմաշերտ շրջապտույտի առանցքում, Տավուշի ռազմագործողությունների արդյունքով վերհաստատելով Հայաստանի Հանրապետության ռազմա-քաղաքական դերը որպես ռեգիոնալ կայունության եւ անվտանգության «ունիվերսալ» երաշխավոր: «Ունիվերսալ» այն իմաստով, որ Հայաստանն ի զորու է համադրել աշխարհաքաղաքական իրարամերժ բեւեռների մոտեցումների եւ հետաքրքրությունների նվազագույն պաշար, ինչը թույլ է տալիս ձեւավորել հայկական բռունցքի միջազգային լեգիտիմության նվազագույն անհրաժեշտ պաշարն եւ աշխատել այն ընդլայնելու ուղղությամբ:
 
Գլխավորն այստեղ, անշուշտ, ինքնիշխան եւ համարձակ որոշումների կարողությունն է, ինչի տեսանկյունից Տավուշում ռազմական գործողությունները Հայաստանի թերեւս նոր որակի եւ բովանդակության հայտ էին: Ի դեպ, խնդիրը դրանց եւ նախկին իրողությունների համեմատությունը չէ բացարձակապես, քանի որ այդ տեսանկյունից հայկական զինուժը ապահովել է իր դերի եւ արցախյան առաջին պատերազմի հաղթանակի կայուն շարունակություն անգամ այն փուլերում, երբ ինչ-ինչ զարգացումների արդյունքում խախտվել է ռազմա-քաղաքական հավասարակշռությունը հօգուտ Ադրբեջանի:
 
Խնդիրը ներկայումս այն է, որ Տավուշում ադրբեջանական սադրանքին հայկական պատժիչ, համեմատության մեջ թերեւս ասիմետրիկ պատժիչ հարվածը գործնականում կանխել է իրադարձությունների մի ընթացք եւ փաստորեն թելադրել մեկ այլը, ստեղծելով նոր իրավիճակ:
 
Մեծ հաշվով, հայկական ուժերը ռեգիոնալ բոլոր մեծ ու փոքր խաղացողներին առերեսել են ռազմա-քաղաքական իրողությունների նոր մակարդակի: Դրա էութունը այն է, որ ռեգիոնում սահմանափակվում է ռազմական սողացող շանտաժի քաղաքականության հնարավորությունը եւ կամ լայնամասշտաբ պատերազմ եւ գործնականում ռեգիոնալ, աշխարհաքաղաքական մասշտաբի աղետ, որը սպառնում է ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլ նաեւ առնվազն մերձակա խաղացող կենտրոններին, կամ ռեգիոնալ համակեցության «առանց նախապայմանի խաղաղության» տրամաբանության շուրջ երկխոսության ծավալում:
 
Այդ իրողությունը խաղից դուրս է դնում Բաքվին, իսկ Թուրքիային թողնում բավականին բարդ վիճակում, որովհետեւ Անկարան մի կողմից անկարող է թողնել Բաքվին, մյուս կողմից Ալիեւի Ադրբեջանն Անկարայի համար դարձել է ոտքից կապված «քար», որը ժամանակի ընթացքում ավելի նյարդայնացնելու է խանգարելով, քան լինելու է ձեռքի տակ եղած հավելյալ ուժ:
 
Թուրքիան իր ագրեսիվությամբ ներկայումս փորձում է լուծել հենց Ադրբեջանի հարցը: Այդ հարցը հասունացած է եւ ռեգիոնալ օրակարգում է վաղուց, Տավուշի իրադարձությունները պարզապես բեկել են ընթացքը եւ դրել այն հայկական տրամաբանության ներքո: Դա է նաեւ, որ հունից հանել է Թուրքիային Տավուշի պատժիչ գործողությունից ժամեր անց: Անկարան անմիջապես արձանագրեց, որ Հայաստանը խաղի ուղղությունն ու տրամաբանությունն է փոխում, ինչը Անկարային դնում է մյուս խաղացողների համեմատ խիստ անհարմար վիճակում, որովհետեւ նրանք ունեն Հայաստանի հետ ազատ հաղորդակցման հնարավորություն:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն