Էրդողանը խնդրում է կանգնեցնել հայերին. Նախիջեւանի իրավունքը
29-07-2020 15:27:54 | Հայաստան | Վերլուծություն
Էրդողանը Պուտինից խնդրել է օգտագործել Հայաստանի հետ կապերը լարվածությունը թուլացնելու համար, թուրքական լրատվամիջոցներին ասել է Թուրքիայի նախագահի խոսնակը, անդրադառնալով Էրդողանի նախաձեռնությամբ տեղի ունեցած Պուտին-Էրդողան հեռախոսազրույցին, որ վերաբերել էր հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը: Թուրքիայի նախագահի խոսնակը ասել է, թե իհարկե մշտապես կանգնած կլինեն Բաքվի կողքին՝ որտեղից էլ վտանգը գա, բայց դա չի նշանակում, որ փակ են դիվանագիտական ճանապարհները:
Էրդողանի խոսնակն անում է խիստ բազմիմաստ եւ հատկանշական հայտարարություն, բավականին ուշագրավ տողատակերով: Նա փաստացի ազդարարում է, որ չնայած Բաքվի կողքին գտնվելուն, Անկարան այդուհանդերձ ունի Բաքվից տարբեր իր խնդիրները եւ դրանք ամենեւին չի զոհաբերի Ադրբեջանի կամ Ալիեւի խնդիրներին: Դրա խոսուն վկայությունն է, որ Էրդողանի խոսնակը, հայտարարելով «ինչ էլ լինի Բաքվի կողքին կանգնելու» մասին, այդուհանդերձ նշում է, որ «դա չի նշանակում, թե փակ են դիվանագիտական ճանապարհները»:
Այլ կերպ ասած, Էրդողանը Մոսկվա է զանգահարել ոչ թե Բաքվի, այլ իր համար, եւ չի բացառվում, որ այդ հեռախոսազանգի ընթացքում Էրդողանն անգամ հանձնել է Բաքուն՝ «Պուտինին խնդրելով օգտագործել հայերի հետ կապը լարվածությունը թուլացնելու համար»: Այսինքն, Էրդողանը գուցե համաձայնել է Պուտինին թողնել Բաքուն, միայն թե հայերը չգնան առաջ եւ չստեղծեն իրավիճակ, երբ Թուրքիան կհայտնվի Ադրբեջանի հանդեպ բարոյական պարտքի առաջ:
Բայց, ի՞նչ է ակնկալում Անկարան Բաքուն հանձնելու դիմաց: Արդյո՞ք Նախիջեւանը: Պուտինին զանգահարելուց առաջ Թուրքիան ցուցադրում էր իր ստորաբաժանումների հանդիսավոր մուտքը Նախիջեւան, իհարկե Ադրբեջանի հետ համատեղ զորավարժության նպատակով: Բայց Նախիջեւանը դե ֆակտո Թուրքիայինն է ու շատ ավելի վաղուց, պարզապես Անկարայի հարցն այստեղ Մոսկվայի հետ է, ոչ թե Բաքվի: Որովհետեւ Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրով է որոշվել Նախիջեւանի կարգավիճակը Խորհրդային Ադրբեջանի կազմում:
Դրա դիմաց Թուրքիան ստացել է հայկական գավառները՝ Արարատով: Մեծ հաշվով, ռուս-թուրքական պայմանագիրը Թուրքիայի ռազմավարական հաղթանակն է Ռուսաստանի նկատմամբ, ինչպես ցույց է տալիս ներկայիս իրողությունը, որովհետեւ դե ֆակտո Ռուսաստանին անցած Նախիջեւանն այժմ Թուրքիայինն է: Ինչպես է վերաբերելու դրան Մոսկվան: Անկարայի համար դա է հարցը:
Միեւնույն ժամանակ, սակայն, կա մեկ այլ հարց՝ իսկ ինչպե՞ս է դրան վերաբերելու Հայաստանը, որի տարածքները առեւտրի առարկա են դարձել մեկդարյա անօրինական այդ ռուս-թուրքական պայմանագրով: Արդյո՞ք Էրդողանը դրա մասին չէ, որ խնդրում է Պուտինին՝ կանգնեցնել հայերին եւ թույլ չտալ, որ նրանք բարձրացնեն Նախիջեւանի եւ ընդհանրապես ռուս-թուրքական ապօրինի առեւտրի վերաբերյալ իրենց իրավունքների հարցը:
Ի՞նչ է պատասխանել Պուտինը, որը թերեւս զգացել է ինքնիշխան Հայաստանի ուժը, որի ցուցադրությունից հետո Էրդողանը խնդրել է Պուտինին: Թե՞ Թուրքիան իրեն բնորոշ դիվանագիտությամբ խոսում է խնդրանքի մասին, բայց լռում սպառնալիքի վերաբերյալ, որ Էրդողանի խորհրդականը հնչեցրել էր դեռեւս մարտի 5-ին Մոսկվայում Սիրիայի հարցով Էրդողան-Պուտին բանակցությունից առաջ ՝ քանդել Ռուսաստանը ներսից 25 միլիոն մահմեդականով:
Ամբողջ հարցն այն է, սակայն, որ հայկական իրավունքները զսպելու «խնդրանքը» կատարելով, Պուտինն ինքն է փաստացի դառնում Ռուսաստանը քանդելու էրդողանյան սպառնալիքի կատարածու: Եթե, իհարկե, ՌԴ նախագահը կարող է կատարել հայերին զսպելու խնդրանքը: Այդ համատեքստում, ի դեպ, հատկանշական էր ՌԲԿ-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի ակնարկը Պուտինին, որ այստեղ նա չունի «անհատ» դաշնակից եւ դաշնակիցն էլ, մերժողն էլ հայ ժողովուրդն է: Խոշոր հաշվով այդտեղ է Պուտինի ընտրությունը՝ Էրդողանի եւ հայ ժողովրդի միջեւ:
Բայց դա թերեւս հայ ժողովրդի խնդիրը չէ, որովհետեւ այդ ընտրությունը հայ ժողովրդին որեւէ կերպ չպետք է շեղի իր պատմա-քաղաքական իրավունքներից, որպես ռազմա-քաղաքական անվտանգության կարեւորագույն գործիքներից մեկը: