Աշխատանքային հանդիպում COVID-19-ի լաբորատոր հետազոտություն իրականացնող բուժհաստատությունների ներկայացուցիչների հետ. ԱԱԾ


Աշխատանքային հանդիպում COVID-19-ի լաբորատոր հետազոտություն իրականացնող բուժհաստատությունների ներկայացուցիչների հետ. ԱԱԾ

  • 30-10-2020 17:23:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախաձեռնությամբ կազմակերպվել է աշխատանքային հանդիպում բժշկական այն հաստատությունների ներկայացուցիչների հետ, որտեղ նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հայտնաբերման նպատակով իրականացվում են նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ:
 
Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Սմբատյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Վ. Պետրոսյանը, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Վանյանը և պաշտոնատար այլ անձինք:
 
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ Վ. Պետրոսյանն իր շնորհակալական խոսքն է հղել բուժաշխատողներին՝ ռազմական դրության և համավարակի տարածման պայմաններում կազմակերպվող աշխատանքի համար, ինչպես նաև անդրադարձ է կատարել հատկապես զորակոչային տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսի ախտորոշման հետազոտությունների պատշաճ և օրինական իրականացմանը՝ ընդգծելով, որ կեղծ դրական պատասխաններ տալու երևույթը բացառելու նպատակով անհրաժեշտ է  սահմանել առավել խիստ հսկողություն, հետևողականորեն վերահսկել ենթակա անձնակազմի գործունեությունը:
 
Հանդիպման ընթացքում նախանշվել է նաև այն իրողությունը, որ Ազգային անվտանգության մարմինները տիրապետում են օպերատիվ իրավիճակին և նման օրինախախտումների վերաբերյալ տվյալներ ստացվելու դեպքում պարտադիր կերպով բացահայտվելու են հանցավոր գործընթացի բոլոր մասնակիցները և պատասխանատվության են ենթարկվելու օրենքի ողջ խստությամբ՝ ասվածին հավելելով այս ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքների և անգամ հանրային հնչեղություն ունեցող նմանատիպ դեպքի վերաբերյալ տարածված պաշտոնական հաղորդագրությունների մանրամասները:
 
Աշխատանքային հանդիպման ավարտին ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև համապատասխան բժշկական հաստատությունների ներկայացուցիչները պայմանավորվել են կազմակերպել համագործակցված աշխատանք՝ քննարկված օրակարգային հարցի շրջանակներում հնարավոր թերացումներից, բացթողումներից և իրավախախտումներից զերծ մնալու նպատակով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play