IT ոլորտում գործող «Սորսիո» ընկերությանը 125 մլն դրամի<br /> աջակցություն տրամադրվեց<br />


IT ոլորտում գործող «Սորսիո» ընկերությանը 125 մլն դրամի
աջակցություն տրամադրվեց

  • 19-02-2009 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստող ծրագրերի շրջանակներում ՀՀ կառավարության փետրվարի 19-ի նիստում որոշվեց 125 մլն դրամի (մոտ 403,8 հազ. ԱՄՆ դոլար) աջակցություն տրամադրել IT ոլորտում գործող «Սորսիո» ընկերությանը: Ինչպես նշեց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ընկերության ներկայացրած ներդրումային ծրագիրը հավանության է արժանացել մասնավոր հատվածի օժանդակության ծրագրերի քննարկման նպատակով կառավարությունում ստեղծված օպերատիվ շտաբում: Նախարարի խոսքերով, ընկերությունը ներկայումս ունի 50 աշխատատեղ, տարեկան վճարում է 39 մլն դրամի հարկ, իսկ շրջանառությունը կազմում է 125 մլն դրամ: Ն.Երիցյանի գնահատմամբ, աջակցության արդյունքում ակնկալվում է աշխատատեղերի քանակը հասցնել 200-ի, 5 տարվա ընթացքում հաճախորդների թիվը հասցնել 80 հազարի` ներկայիս 1000-ի փոխարեն, իսկ եկամուտները ավելացնել 120 անգամ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդգծեց, որ կառավարության օժանդակությունը հնարավորություն կտա ընկերության արտահանման ծավալները հասցնել 60 մլն դոլարի: Նշվեց նաեւ, որ «Սորսիոյի» արտադրանքը հիմնականում վաճառվում է արտերկրում, այդ իսկ պատճառով ընկերությունը նախատեսում է իր ներկայացուցչությունը բացել ԱՄՆ-ում` Սիլիկոնային հովտում: «Չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին, այս ընկերությունը կարողացել է գտնել իր տեղը շուկայում, իսկ մենք նպաստում ենք, որ ճգնաժամի պայմաններում այն հաղթած դուրս գա, երբ շատերը չեն դիմանում IT ոլորտում մրցակցությանը»,- նշեց Տ.Սարգսյանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն