Վարչապետի լեզուն կամ ինչո՞ւ են քիչ մարդիկ մասնակցում հակաիշխանական հանրահավաքների


Վարչապետի լեզուն կամ ինչո՞ւ են քիչ մարդիկ մասնակցում հակաիշխանական հանրահավաքների

  • 22-02-2021 16:49:38   | Հայաստան  |  Վերլուծություն

ՀՀ իշխանությունից օր առաջ ազատվելու համար Երևանում հանրահավաքներ կազմակերպող ընդդիմադիր շարժումը փետրվարի 20-ին կարևոր ձեռքբերում արձանագրեց՝ 12․000 (որոշ հաշվարկներով՝ մինչև 30․000) մարդ փողոցում էր։ Դա մեծ թիվ էր, բայց կրիտիկական զանգված չէր, որից իշխանությունը պետք է խուճապի մեջ ընկնի։ 
Գուցե կո՞ղմ են ՀՀ բնակիչները իշխանությանը։ 
Փորձնական հարցում արեք պատահական 10 անծանոթի։ Առնվազն 8-ը կասի, որ հիասթափված, հուսալքված ու բարկացած  է, բայց փողոց դուրս գալ չի ուզում։ Ինչո՞ւ։ 
Ընդդիմությունը հանրության հետ խոսել չգիտի։ 
Յուրաքանչյուր հանրության մեջ կրթական բարձր մակարդակ ունեցող հատվածը փոքրամասնություն է, մնացած մասը հասարակ, լավագույն դեպքում՝ միջին կրթությամբ մարդիկ են, որոնց համար առավել կարևոր է գեղեցիկ և վստահելի խոսքը։ Իսկ ինչպե՞ս են խոսում ընդդիմության առաջնորդները։ Հիմնականում վերամբարձ տոնայնությամբ, օգտագործում են այնպիսի բառեր ու մտքեր, որոնք շատ դեպքերում հասարակ քաղաքացուն ոչինչ չեն ասում։ Եթե դրան ավելացնենք նաև քաղաքական գործչի փոքրինչ ինքնահավան կեցվածքը, ապա հոգեբանական բարիկադը պատրաստ է։ 
Ի՞նչ է անում իշխանության բուրգի վերևում կանգնած մարդը։ Ծամոն է սարքել «ժողովուրդ ջան», «հպարտանում եմ բոլորովդ» և նման այլ արտահայտություններ։ Բնավ կարևոր չէ, այդ մարդը սիրո՞ւմ է հասարակ քաղաքացուն, հպարտանո՞ւմ է, թե՞ զզվում։ Կարևորը, որ այդպես ասում է, և ասում է շատ համոզիչ։ 
Վերջերս մեկը ինձ նամակ էր գրել վարչապետի մասին․ «․․․ ախր էնպես է խոսում, ոնց որ ես խոսեմ, քիչ է մնում՝ հավատամ, որ անկեղծ է․․․»,-գրել էր մեր հայրենակիցը։ 
Խոսե՛ք մեծամասնությանը հասանելի լեզվով, խոսե՛ք հասկանալի, խոսե՛ք անկեղծ, մի՛ խուսափեք ներողություն խնդրելուց հայ ժողովրդից և խոսե՛ք հստակ։ Միայն ա՛յդ դեպքում մեծամասնությունը կգա ձեզ լսելու։ Հակառակ դեպքում փողոց կհանեք լոկ այն փոքրամասնությանը, որը առանց ձեզ էլ հասկացել է, թե ինչ արեց Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հետ։
 
լրագրող
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play